Ոստիկանը գտնում է, որ 2008թ-ի մարտի 1-ին «ավել բան է արել», սակայն իր լիազորությունների սահմանը չի անցել
Սոնա Մաշուրյան
Անցած տարվա մարտի 1-ի լուսադեմին Երեւանի Հանրապետության հրապարակում պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ ոստիկաններ Գեղամ Հարությունյանի եւ Հովհաննես Ղուկասյանի դեմ գործով դատաքննությունն այսօր ավարտվեց: Դեկտեմբերի 18-ին կայանալիք նիստում մեղադրող Հարություն Հարությունյանի մեղադրական ճառով կսկսվի դատական վիճաբանությունների փուլը, նախատեսվում է, որ նույն օրը ճառերով հանդես կգա նաեւ պաշտպանական կողմը:
Այսօրվա նիստում Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը` դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ լսեց վկաներ, ոստիկաններ Արմեն Բեջանյանի եւ Սասուն Կիրակոսյանի ցուցմունքները: Երկուսն էլ որեւէ ցուցմունք չտվեցին Ոստիկանության Երեւանի վարչության Պետական պահպանության ծառայության գնդի ոստիկաններ Գ.Հարությունյանի եւ Հ.Ղուկասյանի դեմ, նշելով, որ միջադեպին ներկա չեն եղել: Փոխարենը նրանց ցուցմունքում ընդարձակ նկարագրություն կար անցած տարվա մարտի 1-ի լուսադեմին Երեւանում տիրող խառնաշփոթ իրավիճակի մասին: Ամեն ինչ սկսվեց Ազատության հրապարակում, որտեղ օպերատիվ խմբերը փորձում էին իրականացնել զննություն, սակայն այնտեղ հավաքված բազմությունը խոչընդոտում էր նրանց, տեղում սեռական բնույթի հայհոյանքներ, հարվածում քարերով, մետաղյա եւ փայտե ձողերով, այսպես կոչված` «ոզնի»-ներով:
Հասարակական կարգի պահպանությանը լծված ոստիկանները, ըստ վկաների, միայն պաշտպանվում էին, հակառակ դեպքում` զոհերը շատ ավելին կլինեին, այդուհանդերձ, բազմաթիվ ոստիկաններ մարմնական վնասվածքներ ստացան£ Մասնավորապես, Ս.Կիրակոսյանը ընդգծեց, որ զանգվածային անկարգությունների, ինչպես նաեւ ոստիկանների եւ քաղաքացիների կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնության սպառնալիքի դեպքում ոստիկաններն իրավունք ունեն զենք ու հատուկ միջոցներ կիրառել:
Նիստում դատաքննական ցուցմունքով հանդես եկավ ամբաստանյալ Գեղամ Հարությունյանը, ով նույնպես էքսկուրս կատարեց Ազատության հրապարակից (որտեղ նրա ձեռքը վնասվել էր) մինչեւ Հանրապետության հրապարակ: Ըստ նրա` տուժողը, որի ինքնությունը չի պարզվել, իրավիճակի սրացումը հրահրողների առաջին շարքում էր, տաքսի մեքենայով փախուստի փորձ կատարելիս նրան այլ ոստիկաններ մեքենայից դուրս էին բերել, անգամ պառկած վիճակում շարունակում էր հայհոյել եւ ոտքերով հարվածել: ԻՆքը` ամբաստանյալը երկու անգամ ռետինե մահակով հարվածել է նրա ոտքերին ու ձեռքերին, որպեսզի «ցավ զգա» եւ հանդարտվի: Ամբաստանյալը հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում պաշտոնեական լիազորությունները անցնելու մեղադրանքում, թեեւ միաժամանակ նշեց, որ գուցե «ավելի քայլ եմ արել»: «Ավել քայլն» էլ հենց նշանակում է պաշտոնեական լիազորություններն անցնել, ինչը հանցագործություն է եւ հանրորեն վտանգավոր արարք` նախագահող դատավորի պարզաբանումից հետո էլ ամբաստանյալը մնաց անդրդվելի: Ինչո՞ւ վաշտի հրամանատարը մի կողմ է հրել ամբաստանյալին, եթե նրա գործողությունները անօրինական չէին, հարցին ի պատասխան ամբաստանյալը, միեւնույն է, հայտարարեց, որ չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը:
Մյուս ամբաստանյալը` Հովհաննես Ղուկասյանը նույնպես հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում, սակայն հրաժարվեց ցուցմունք տալ դատարանում: Նա հրաժարվեց նաեւ կողմերի եւ դատարանի հարցերին պատասխանել: Հրապարակված նախաքննության ցուցմունքում, սակայն, նա իրեն լիովին մեղավոր էր ճանաչել, զղջացել եւ խնդրել մեղմ վերաբերվել իրեն: Նա ընդունել էր, որ անցել է իր լիազորությունների սահմանը, մասնավորապես, վերոհիշյալ տուժողին ռետինե մահակով մեկ անգամ հարվածել է: Այս ցուցմունքում նույնպես նշվում էր, որ հրամանատարը թույլ չէր տալիս հարվածել տուժողին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել