Սերժ Սարգսյանն ուզո՞ւմ է հետ վերցնել ստորագրությունը
Ըստ սահմանադրագետ Հրայր Թովմասյանի` Թուրքիան բաց քարտերով չի խաղում հայ-թուրքական հարաբերություններում. «Թուրքիան ունի այն ցանկությունը, որ հայ-թուրքական արձանագրությունները կապի ղարաբաղյան հարցի լուծման հետ: Եթե նախկինում սրա մասին չէին բարձրաձայնում, ապա վերջին շրջանում վարչապետն ու արտործնախարարը սկսել են այդ մասին բացահայտ խոսել»,- այսօր Մամուլի ազգային ակումբում ասաց Հրայր Թովմասյանը:
Իրավական գիտությունների թեկնածու Թովմասյանը նշեց, որ ի պատասխան թուրք պաշտոնյաների հայտարարությունների` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանձնարարեց պատկան մարմիններին պատրաստել օրենսդրական համապատասխան փոփոխություններ: «Ես ենթադրում եմ, որ սա կարող է վերաբերվել ստորագրությունը հետ վերցնելուն, մենք «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքով նման եղանակ չունենք, իսկ այլ երկրներում գոյություն ունի ստորագրությունը հետ վերցնելու ընթացակարգ»,- ասում է Հրայր Թովմասյանը:
Այն դիտարկմանը, թե ստորագրությունը հետ վերցնելու փոխարեն Հայաստանի խորհրդարանը կարող է չվավերացնել արձանագրությունները, Հրայր Թովմասյանը պատասխանեց.
«Չվավերացնելն ավելի պասիվ կեցվածք է, որը ենթադրում է, որ ինչ-որ փուլում կարող ենք վավերացնել, իսկ ստորագրությունը հետ վերցնել նշանակում է, որ դու դադարեցնում ես այդ ամբողջ գործընթացը: Այսինքն` հայկական կողմն անուղղակի կողմով հասկացրեց, որ չի պատրաստվում երկար հանդուրժել այն, որ Թուրքիան փորձում է հայ-թուրքական հարաբերությունները կապել ղարաբաղյան հարցի հետ»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել