HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կազմվել են Արփա-Սեւան թունելի շուրջ 3կմ վթարային հատվածների վերականգնման նախագծա-նախահաշվային փաստաթղթերը

Նախագահի աշխատակազմում այսօր տեղի է ունեցել Նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնկացել է նաեւ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը: Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը զեկուցել է Հանձնաժողովի 2009թ. գործունեության արդյունքների մասին, ինչպես նաեւ ներկայացրել է 2010թ. աշխատանքային ծրագրի նախագիծը: Համաձայն հանձնաժողովի նախագահի զեկույցի` 2009 թվականի աշխատանքային ծրագրով նախատեսված բոլոր 16 միջոցառումներն ամբողջությամբ իրականացվել են: Հանձնաժողովը ուսումնասիրությունների եւ հանգամանալի քննարկումների արդյունքում գործնական առաջարկություններ է մշակել Սեւանա լճի մակարդակի բարձրացման, ջրի պաշարների արդյունավետ օգտագործման, կորուստների նվազեցման, լճի ջրերի մաքրության, ձկան պաշարների վերարտադրության հիմնախնդիրների լուծման վերաբերյալ: Հանձնաժողովը համապատասխան գերատեսչությունների հետ միասին մեծ աշխատանք է կատարել Սեւանա լճի մի շարք հիմնահարցերի լուծման ուղղությամբ: Մասնավորապես` կազմվել են Արփա-Սեւան թունելի շուրջ 3կմ վթարային հատվածների վերականգնման նախագծա-նախահաշվային փաստաթղթերը, սկսվել են վերականգնողական աշխատանքները, Սեւանա լճի բնապահպանական ծրագրերի շրջանակում սկսվել են Սեւան, Գավառ, Մարտունի, Վարդենիս եւ Ջերմուկ քաղաքների կոյուղու ցանցերի վերականգնման աշխատանքները, ընթացքի մեջ են Սեւան-Գավառ-Մարտունի ավտոճանապարհի Լճաշենի ջրածածկող հատվածի շինարարական աշխատանքները: Որոշակի աշխատանք է կատարվել նաեւ Սեւանից ոռոգման նպատակով բաց թողնվող ջրի ծավալների նվազեցման ուղղությամբ, ինչպես նաեւ կասեցվել է Արարատի ոսկու կորզիչ գործարանը Սեւանի ավազանի Սոտքի տեղամաս տեղափոխելու գործընթացը: Նիստում քննարկվել են նաեւ հանձնաժողովի 2010թ. աշխատանքային ծրագրի գերակայությունները: Նշվել է, որ աշխատանքային ծրագրում հիմնական շեշտը դրվել է լճի մակարդակի բարձրացման, ջրային պաշարների արդյունավետ օգտագործման, կորուստների նվազեցման, լճի մաքրության, էկոհամակարգի պահպանության, ձկան պաշարների վերարտադրության հիմնախնդրիների վրա: Նիստի ընթացքում ընդգծվել է նաեւ մոնիտորինգային աշխատանքների կարեւորությունը` Սեւանա լճի էկոհամակարգի պահպանման, վերականգնման եւ օգտագործման հիմնախնդիրների համալիր լուծումն առավել արդյունավետ դարձնելու առումով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter