Քաղաքապետարանի պարզաբանումները բարդիների էտման վերաբերյալ
«Հետքը» գրել էր, որ Ծիծեռնակաբերդի այգում գտնվող ռեստորանի մոտ բարդի ծառեր են հատվել: Երեւանի քաղաքապետարանից «Հետքին» պատասխանել են, որ
Ծիծեռնակաբերդի այգում «Օլիմպիա» ՍՊԸ-ին պատկանող ռեստորանային օբյեկտի հարևանությամբ թվով 14 բարդիների վերաբերյալ քաղաքապետարանի բնապահպանության վարչության կողմից տրվել է էտման-երիտասարդացման թույլատվություն, քանի որ վերոգրյալ ծառերը գերաճ էին տվել և վտանգ կար, որ ուժգին քամիների հետևանքով դրանք կարող է մասամբ կամ ամբողջովին կոտրվեին։
Ըստ քաղաքապետարանի պարզաբանման` էտման-երիտասարդացման աշխատանքը պետք է իրականացնի ռեստորանային օբյեկտի ղեկավարությունը իր միջոցների հաշվին, քանի որ տվյալ տարածքը նրանց է ամրագրված։ «Հետքի» այն հարցին, թե արդյո՞ք ոչ մասնագետը կարող է նման աշխատանք կատարել, քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է. «Նկատի ունենալով, որ տվյալ էտի ձևը երիտասարդացումն է (ընդամենը բնափայտի կարճեցում), ուստի նշված գործողությունը կարող է կատարվել ոչ մասնագետ-գյուղատնտեսի կողմից»։
Հիշեցնենք, որ կենսաբանական գիտությունների թեկնածու, ծառագետ Կարեն Աֆրիկյանը «Հետքին» տված հարցազրույցում նշել էր, որ երիտասարդացման համար կատարվող էտի դեպքում կտրում են ծառի ճյուղերը, ոչ թե խորությամբ հատում են ծառը: Իսկ Երևանի գլխավոր ծառագետ Սուրեն Մաքսապետյանի խոսքով` «Հիմնականում հեռացվում են ծառերի այն շիվերն ու ճյուղերը, որոնք գերաճ են տվել և անկանոն են աճում»: Ծիծեռնակաբերդի այգում կատարված «էտի» արդյունքում մնացել էր միայն բարդու արմատը:
Ի դեպ, ծառահատման կամ էտման վերաբերյալ «Հետքին» ահազանգած քաղաքացիները հայտնել էին, որ ծառահատի մոտ առկա քաղաքապետարանի գրավոր թույլտվության վրա բացակայում է կնիքը: «Գրությունն իր մեջ ֆինանսական բովանդակություն չի պարունակում, ուստի կնիքի կարիք չի պահանջվում»,- պարզաբանում է քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել