HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. «Արագ արձագանքման ուժերը էտալոնային կլինեն»

N-Bordyuzha_15.12.09ՀԱՊԿ-ը չի ցանկանում ՆԱՏՕ-ին ասել. «Վերցրեք մեզ. մենք այնքան լավն ենք» «Եթե ինձ հարցնեին, թե որն է եղել 2009 թ. ամենակարևոր իրադարձությունը, ես կպատասխանեի, որ իհարկե, դա արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծումն էր, քանի որ դա կազմակերպության զարգացման նոր փուլ է: Դա բացարձակ ունիվերսալ համակարգ է` հակազդելու շատ մարտահրավերների, որոնք կարող են ծառանալ»,- ամփոփելով 2009 թ. Հավաքական անվտագության պայմանագրի կազմակերպության գործունեությունը` ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան այսօր «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կազմակերպված Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ: Լրագրողներից մեկը հարցրեց, թե արդեն կոնկրետ քայլեր ձեռնարկվո՞ւմ են արագ արձագանքման հավաքական ուժերը նորագույն զինատեսակներով համալրերլու համար, և այդպիսի զինատեսակներ մշակվելո՞ւ են ՀԱՊԿ երկրների համատեղ ջանքերով: Նիկոլայ Բորբյուժան ասաց. «Արագ արձագանքման ուժերի ստեղծման ժամանակ պետությունների ղեկավարները պայմանավորվեցին, որ այդ ուժերը էտալոնային կլինեն: Այնտեղ են ուղղվելու զենքի և տեխնիկայի բոլոր ամենաժամանակակից տեսակները: Այդպիսի առաջադրանքը կա, այն չի հանվել օրակարգից: Այն վերահսկվում է նախագահների կողմից, և ես համարում եմ, որ ամենաառաջնային հարցերից մեկն է»: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խոսքերով` քննարկվում է համատեղ ֆինանսավորման հարցը` ձեռք բերելու համար այնպիսի զինատեսակներ, որոնք հետաքրքրիր են ՀԱՊԿ անդամ պետությունների համար: Նիկոլայ Բորդյուժան նշեց, որ 2010 թ. կեսին արագ արձագանքման ուժերը վարժանք են անցկացնելու այդ ուժերի կազմի մեջ մտնող արտակարգ իրավիճակների նախարարությունների, անվտանգության մարմինների, ներքին գործերի մարմինների ստորաբաժանումների հետ: Այսինքն` 2010 թ.-ը գերատեսչությունների հետ վարժանքների տարի է լինելու: Իսկ 2011-ին կանցկացվեն այնպիսի մեծամասշտաբ վարժանքներ, ինչպիսիք եղան այս տարի Ղազախստանում: Նիկոլայ Բորդյուժայի խոսքերով` 2009 թ. ընթացքում, երբ տարվա մեծ մասը ՀԱՊԿ-ը նախագահել է Հայաստանը, կազմակերպությունը մի քանի մեծամասշտաբ ուսումնական վարժանք է կազմակերպել, սկսել է ձևավորել իր խաղաղարար ներուժը, որը ծրագրվում է ավարտել 2010 թ. և ձեռնամուխ լինել ՀԱՊԿ խաղաղարար ուժերի համատեղ պատրաստմանը: Նիկոլայ Բորդյուժան նշեց, որ 2009 թ. մի շարք ուղղություններով ՀԱՊԿ երկրները համագործակցության նոր մակարդակ են արձանագրել: Դրանք են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը, արտակարգ իրավիճակների արձագանքման հավաքական համակարգի ստեղծման որոշման ընդունումը: Արտակարգ իրավիճակների գերատեսչությունների ղեկավարները որոշում են ընդունել նաև միասնական տեղեկատվական տարածության ստեղծման, արտակարգ իրավիճակներին արձագանքման միասնական մեթոդների մշակման, արտակարգ իրավիճակների կանխատեսումների մասին տեղեկատվության փոխանակման համակարգի ստեղծման մասին: Նիկոլայ Բորդյուժայի խոսքերով` 2009 թ. ընթացքում ամենաարդյունավետը և կարևորը արագ արձագանքման հավաքական ուժերի ուսումնական վարժանքներ էին Ղազախստանում, որոնց ներկա էին ՀԱՊԿ երկրների նախագահները, ինչպես նաև մի քանի օպերացիաներ, օրինակ` ապօրինի միգրացիայի դեմ իրականացված: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խոսքերով` լավ արդյունքներ է տվել նաև «Պրոքսի» օպերացիան: Օպերացիայի նպատակն էր տեղեկատվական միջավայրում հայտնաբերել մի քանի կայքեր և տեղեկատվական բազաներ, որոնք զբաղված են վարձկանների, ահաբեկչական կազմակերպությունների անդամների հավաքագրմամբ, հանցավոր բնույթի, այդ թվում ազգային թշնամանք սերմանող կամ ահաբեկչական ուղղվածություն ունեցող տեղեկատվության տարածմամբ: Նմանատիպ շատ կայքեր են հայտնաբերվել: «Բայց ամենամասշտաբայինը, իմ համոզմամբ, «Կանալ» օպերացիան է, որն իրականացվել է այս տարի: Մենք այդ օպերացիան իրականացնում ենք 2003 թ.-ից: Բայց միայն այս տարի մենք այնպիսի արդյունքներ ենք արձանագրել, որոնք անգամ ինքներս մեզ են վհատեցրել. ՀԱՊԿ անդամ երկրների հատուկ ծառայությունները ավելի քան 88 տոննա թմրանյութ են առգրավել մի քանի օրվա ընթացքում: Սա բավարար է` հասկանալու համար, թե ինչքան լուրջ են թմրամիջոցներից սպառնալիքը, և երկրորդ` հատուկ ծառայությունների համագործակցությունը»,- ասաց Նիկոլայ Բորդյուժան: Անդրադառնալով ՀԱՊԿ-ՆԱՏՕ հնարավոր համագործակցությանը` ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը նշեց, որ որևէ ռեալ քայլեր չեն արվում` բացի ՆԱՏՕ-ի որոշ ներկայացուցիչների կամ ՆԱՏՕ-ի անդամ երկրների խոշոր քաղաքական գործիչների խոսքերից: «Հուսով եմ, որ գլխավոր քարտուղար Ֆոգ Ռասմուսենի այցը Մոսկվա (իսկ այն այսօր է սկսվում) նրան թույլ կտա ևս մեկ անգամ ուշադրություն դարձնել այդ հարցին, ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասին և կոնկրետ քայլեր ձեռնարկել, որպեսզի այն երկրներին, որոնք արգելափակում են այս գործընթացը, շարժի դեպի համագործակցություն, որը բխում է նաև ՆԱՏՕ-ի անդամ երկրների շահերից»,- ասաց Նիկոլայ Բորդյուժան: Միաժամանակ նա նշեց, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպում ծրագրված չէ: Նիկոլայ Բորդյուժայի խոսքերով` ՀԱՊԿ անդամ երկրները, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անդամ կամ ոչ անդամ երկրները այսօր նույն մարտահրավերներին են բախվում: «Պետք է բոլոր հետաքրքրվածների ջանքերի համատեղում, հատկապես այն կազմակերպությունների, որոնք գործում են անվտանգության բնագավառում: Իսկ այդպիսի կազմակերպությունները երկուսն են` ՀԱՊԿ և ՆԱՏՕ: Այս պատճառով մենք առաջարկում ենք ներուժի և ջանքի համատեղում: Բայց չենք ասում. «Վերցրեք մեզ. մենք այնքան լավն ենք», և չենք ցանկանում այդպես անել: Մենք ինքնաբավ կազմակերպություն ենք: Մի շարք ուղղություններով մեր աշխատանքը ես շատ արդյունավետ եմ համարում: Եվ ՆԱՏՕ-ի հետ կոնտակտ կլինի, թե ոչ` մենք ինչպես աշխատում ենք, այդպես էլ շարունակելու ենք աշխատել` կատարելով գլխավոր առաջադրանքը` ՀԱՊՀ-ի մեջ մտնող պետությունների անվտանգության ապահովումը»,- ասաց նա: Լրագրողներից մեկը նշեց, որ Արևմուտքի երկրները կասկածանքով են վերաբերում ՀԱՊԿ-ին ու գրեթե «չեն նկատում» նրան, և ի՞նչ կարող են իրար առաջարկել ՀԱՊԿ-ը և Արևմուտքը: Նիկոլայ Բերդյուժան պատասխանեց. «Ինչ վերաբերում է կասկածամիտ վերաբերմունքին, ես կարծում եմ, որ այստեղ ավելի շատ քաղաքականություն կա: Խոսքը ոչ թե կազմակերպության գործունակության, այլ նրա մասին է, որ այդ պետությունների քաղաքական վերնախավի մի մասը դիտավորյալ չի ցանկանում նկատել ՀԱՊԿ-ը, որովհետև ՀԱՊԿ-ը կամ իր գործունեությունը ոչ այլ ինչ է, քան հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների ակտիվացման վկայություն, ինչը, ի դեպ, նրանց չափազանց դուր չի գալիս: Ախր չէ՞ որ պատճառը միայն դա է»: Նիկոլայ Բորդյուժան նշեց, որ իրենք Աֆղանստանում իրականացվող օպերացիայի հենց սկզբում արդեն խոսել են ՆԱՏՕ-ի` Աֆղանստանում գտնվող կոնտինգենտի հետ համագործակցության մասին: Աֆղաստանում տեղի ունեցող իրադարձությունները հավաստում են, որ միայն համատեղ ջանքերով կարելի է լուծել երկրում եղած լուրջ խնդիրները, նախ և առաջ Աֆղանստանի կայուն զարգացումը: Նիկոլայ Բորդյուժայի խոսքերով` աֆղանական հարթությունում այսօր կարելի է համագործակցել մի քանի ուղղությամբ` Աֆղանստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքար, օգնություն աֆղանական պետության ուժային բլոկի (զինված ուժեր, ուժային կառույցներ, իրավապահ մարմիններ) ձևավորմանը և կայացմանը, Աֆղանստանի տարածքում տնտեսական հարցերի լուծում, ռազմական և ոչ ռազմական բեռների տարանցում ՀԱՊԿ անդամ երկրների տարածքով: «Ահա այն հարցերը, որոնք վերաբերյալ մենք այսօր կարող ենք համագործակցել, և դա կբխի թե ՀԱՊԿ անդամ երկրների, թե ՆԱՏՕ-ի անդամ երկրների շահերից»,- ասաց Նիկոլայ Բորդյուժան: Նա հավելեց, որ իրենք Արևմուտքին առաջարկում են նաև համատեղ աշխատանք ապօրինի միգրացիայի, թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարում, արտակարգ իրավիճակների կանխատեսման և չեզոքացման ուղղությամբ: Տեսակամուրջի ժամանակ նաև անդրադարձ եղավ վերջերս Թայլանդում` ինքնաթիռի մեջ, ապօրինի զենքի հայտնաբերմանը: Ըստ չճշտված տեղեկությունների` զենքի տեղափոխման մեջ խառնված են ԱՊՀ ներկա և որոշ նախկին երկրներ: Նիկոլայ Բորդյուժան ասաց, որ զենքի ապօրինի վաճառքի կանխման համար պետք է միջազգային ավելի ակտիվ համագործակցություն, այսինքն` ՀԱՊԿ անդամ երկրների, ինչպես նաև այլ միջազգային կառույցների հատուկ ծառայությունները պետք է տեղեկատվություն փոխանակեն, կազմակերպեն համատեղ կանխարգելիչ միջացառումներ, վերահսկեն զենքի և տրանսպորտային միջոցների շարժը զենքի տեղափոխման հավանական երթուղիներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter