HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լավագույն դասը կհեռարձակվի պորտալում

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է «Մայքրոսոֆթ» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի կրթական ծրագրերի ղեկավար Թեո Միլևին, «Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Գ. Բարսեղյանին և «Գործընկերներ ուսման ոլորտում» ծրագրի ղեկավար Ք. Գյոնջյանին: ԿԳ նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ` հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային փորձի փոխանակման և դպրոցների համակարգչային վերազինման հետ կապված հարցեր: Թեո Միլևին նշել է, որ «Մայքրոսոֆթ» ընկերությունը խիստ կարևորում է ներդրումները կրթության ոլորտում, որը լավ խթան կարող է հանդիսանալ երկրի զարգացման և նոր հեռանկարների ուրվագծման համար: Նա նշել է, որ «Մայքրոսոֆթ» ընկերությունն ուսումնասիրել  է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի շուրջ 33 երկրի փորձը և կարիքները: ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ մշակվել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ուսուցիչների վերապատրաստման չափորոշիչների մոդուլներ: Ընկերությունը համագործակցում է տարբեր կազմակերպությունների հետ` գնահատելու 21-րդ դարի աշակերտի  հմտություններն ու կարողությունները: Ա. Աշոտյանը նշել է, որ կրթության և գիտության նախարարության և «Մայքրոսոֆթ» ընկերության միջև արդյունավետ համագործակցություն է ծավալվել, և նախարարությունը ողջունում է նորարարությունների մուտքը կրթական համակարգ: Նա ընդգծել է, որ «Մայքրոսոֆթն» այն բացառիկ ընկերություններից է, որն իր ուրույն նախագծերով նախաձեռնող է կրթության ոլորտում: «21-րդ դարում տեղեկատվությունը մարդու հաջողության գրավականն է: Ներկայումս տեղեկությունն աշխարհում շատ արագ է կուտակվում, և հաճախ հնարավորություն չի լինում այն փոխանցել. այստեղ պետք է ինքնուրույն որսալ պահը: Մեր առաքելությունը նախևառաջ մտածելակերպի փոփոխությունն է. այս համատեքստում կարևոր է նաև ուսուցիչների նորարարական մտածելակերպի խնդիրը: Մենք հուսով ենք, որ «Մայքրոսոֆթ» ընկերությունն աջակից կլինի մեզ` ուսուցիչների հմտությունների բարձրացման ուղղությամբ»,-նշել է նախարարը: Նա հավելել է, որ ընկերության հետ համագործակցության կարևոր բաղադրիչ է նաև բարձրագույն կրթության ոլորտում համապատասխան ծրագրերի և նորարարական դասավանդման մեթոդաբանության ներդրումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև «Մայքրոսոֆթ» ընկերության ուսումնական ծրագրերի հայկականացման և մատչելիության խնդիրը: «Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Գ. Բարսեղյանը նշել է, որ ընկերությունը հանրապետության 15 դպրոցում իր փորձնական ծրագիրն է իրականացնում: Այս տարի անցկացվել է նաև մրցույթ` լավագույն ծրագրավորողների միջև, որին մասնակցել են հանրապետության բուհերի 33 լավագույն ուսանողներ, որոնց թվում եղել է նաև երկու աշակերտ: Նա նաև անդրադարձել է իննովացիոն կենտրոնի ստեղծման և ուսուցիչների համար նախատեսված պորտալի աշխատանքներին: Նա տեղեկացրել է, որ պորտալի շրջանակում անցկացված նորարարական մեթոդով դասավանդման մրցույթին մասնակցել է հանրապետության տարբեր մարզերի շուրջ 130 ուսուցիչ. ներկայացված 19 նախագծից 9-ի հեղինակները մարզերի ներկայացուցիչներ են: Գրասենյակի տնօրենը նաև տեղեկացրել է, որ լավագույն դպրոցի լավագույն դասը կհեռարձակվի պորտալում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter