Խոշոր չափերի յուրացման մեղադրանք
Երեկ ուշ երեկոյան Կենտրոն, Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանը` Գագիկ Խանդանյանի նախագահությամբ, քննում էր «Երևան» հեռուստաընկերության գանձապահի` Սիրանուշ Հովհաննիսյանի նկատմամբ խափանման միջոցի ընտրման հարցը: «Հրապարակի» տեղեկությամբ` նրան և TV-ի տնօրենին առաջադրվել է խոշոր չափերի յուրացման մեղադրանք:

Դատավոր Խանդանյանը պարզաբանեց, որ քննարկվում էր խափանման միջոց կալանքի ընտրության կրկնակի հայցը. «Գանձապահը փախուստի մեջ էր, այժմ նրան հայտնաբերել են և ներկայացրել դատարան: Մենք խափանման միջոց կիրառեցինք կալանքը, իսկ տնօրենից տեղեկություն չունեմ, նրան մեզ չեն ներկայացրել»:
«Հրապարակի» ունեցած տեղեկատվությամբ` Վարշամ Ղարիբյանին պատկանող հեռուստաընկերության տնօրենը և նրա վստահելի անձը` երիտասարդ մի կին, ևս փախուստի մեջ են:
Ունիվերսալ բացատրություն
Ըստ Տիգրան Սարգսյանի` ֆինանսատնտեսական ճգնաժամն է պատճառը, որ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը չի կարողանա այցելել Հայաստան:
«ՉԻ» - Հետաքրքիր է` ի՞նչ նկատի ունի Տիգրան Սարգսյանը: Այսինքն` Ռուսաստանի վարչապետի այց կազմակերպելու փող չունի՞: Այդ ինչպե՞ս է պատահում, որ Հայաստանի պես երկրի «ճ» կլասի պաշտոնյաները շաբաթներով թրև են գալիս արտասահմաններում, իսկ Ռուսաստանի վարչապետն իրեն նման շքեղություն թույլ տալ չի կարող:
Չնայած, չի բացառվում, որ Պուտինի` Հայաստան չժամանելու պատճառն իսկապես ֆինանսատնտեսական ճգնաժամը լինի: Բանն այն է, որ այդ այցի ընթացքում նա ստիպված պիտի լիներ հանդիպել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, իսկ նրանք մի վատ «խասյաթ» ունեն. հենց որ Պուտինին տեսնում են, փող են ուզում:
Ամեն դեպքում, Տիգրան Սարգսյանի բացատրությունը լավն է և միանգամայն կիրառելի է նաև այլ դեպքերի համար: Օրինակ, կարելի է հայտարարել, թե Մինսկի խմբի համանախագահներն էլ Հայաստան չայցելեցին համաշխարհային ճգնաժամի պատճառով: Իսկ Բաքու այցելեցին, որովհետև Բաքվի տոմսն էժան էր:
Քաղաքական պրովոկացիայի հետևանք
Մեկնաբանելով Սասուն Միքայելյանին ներում շնորհելու խնդրանքով նախագահ Ս.Սարգսյանին մի խումբ պատգամավորների դիմելու պատմությունը` Գալուստ Սահակյանը «Հայոց աշխարհի» թղթակցին երեկ ասել է.
«Մենք լսել ենք նամակը ստորագրած մեր կուսակիցների պարզաբանումներն ու հիմնավորումները: Անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ պատգամավորը չպետք է կատարի այնպիսի գործողություններ, որոնք կարող են անցանկալի քաղաքական հնչողություն ստանալ: Սա է պատճառը, որ ՀՀԿ խորհուրդը դատապարտել է նշված նամակը ստորագրած հանրապետական պատգամավորներին:
Ըստ էության, տեղի ունեցածը քաղաքական միտումնավոր պրովոկացիայի հետևանք է»:
Կեսից ավելին
Երեկ մեզ հայտնի դարձավ, որ այսօրվանից «Միկա ցեմենտ» ընկերությունը
(նախկին Հրազդանի ցեմենտի գործարան) աշխատանքից ազատելու է գործարանի մոտ 400 աշխատակիցների: Անցած ամիս արդեն ազատվել էր 120 աշխատակից:
Եթե հաշվի առնենք, որ գործարանում աշխատում է ընդամենը 700 մարդ, ապա կարելի է ասել, որ «Միկա ցեմենտը» ցեմենտի արտադրությունը հասցնում է նվազագույնի կամ ընդհանրապես դադարեցնում է, իսկ գործարանում մնացած 180 աշխատակիցներն ընդամենը իրականացնելու են արտադրամասերի պահպանման գործառույթներ:
Ընկերության ղեկավարությունը աշխատանքից ազատված աշխատողներին խոստացել է, որ գարնանը գործարանը կվերսկսի աշխատանքը, և նրանք բոլորը կվերադառնան իրենց գործին: Բայց նույնիսկ կառավարությունը, լինելով խիստ լավատես, հաջորդ տարվա բյուջեն կազմելիս կանխատեսել է, որ շինարարության ոլորտում անկումը 2010-ին շարունակվելու է, այսինքն` ցեմենտի այս գործարանի` ամբողջ թափով աշխատելու հեռանկարներն այնքան էլ իրական չեն թվում:
Որձ և էգ վիճակ
«Դաշնակցության ընդդիմադիր նկրտումները տակավին անկեղծ չեն: Ինչպե՞ս կարող է մեր երկրում լինել ընդդիմադիր ուժ, որը սեփական հեռուստակայան ունի: Այն օրը, երբ մենք լսենք, որ «Երկիր մեդիան» փակվել է, այդ օրը ես կհավատամ, որ Դաշնակցությունն իրական ընդդիմություն է դարձել:
Երբ «Միացում» նախաձեռնությունը միջոցառումներ էր անում, և Հ1-ը կամ «Շանթը» չէին լուսաբանում, դա հասկանալի էր: Բայց ինչո՞ւ իրեն ընդդիմադիր համարող «Երկիր մեդիան» նույնպես չի լուսաբանում: Կամ թե Դաշնակցության կազմակերպած ստորագրահավաքը, ինչո՞ւ միայն Հանրապետության հրապարակում, ինչո՞ւ այլ տեղերում չարեցին:
Եթե նրանք անկեղծ էին, կարող էին մեկ կետի փոխարեն ստորագրահավաք անել 30 կետում: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ նրանք կազմակերպական նման հնարավորություն ունան: Եվ այդ դեպքում ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձին սեղանին կլիներ ոչ թե 50 հազար, այլ 1 միլիոն ստորագրություն, որի հետ նա, որքան էլ ուզենար, չէր կարող հաշվի չնստել:
Ուստի, Դաշնակցության ոչ անկեղծ լինելու իրողությունը, որձ և էգ այս վիճակն է պատճառը, որ մենք չենք համագործակցում նրանց հետ»,- «Առավոտի» հետ հարցազրույցում նման կարծիք է հայտնել Ժիրայր Սեֆիլյանը:
Սեյրան Օհանյան. «Ադրբեջանը պատրաստ չէ պատերազմի»
«Նա, ով ուզում է պատերազմել, երբեք այդ մասին նախօրոք չի հայտարարում, և Ադրբեջանի իշխանությունների ռազմատենչ կոչերը պարզապես ոչ մի արժեք չունեն»,- հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարը: Նա նաև վստահեցրել է, որ հայկական կողմի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Ադրբեջանն այսօր պատրաստ չէ պատերազմի:
«Սակայն մենք` զինվորականներս, միշտ պետք է պատրաստ լինենք դրան: Եվ եթե Ադրբեջանը հանկարծ սկսի պատերազմ, ապա վստահեցնում եմ, որ մենք ոչ միայն արժանի հակահարված կտանք, այլև նույնիսկ անհրաժեշտության դեպքում ավելին կանենք»,- շեշտել է Սեյրան Օհանյանը:
Ինչ վերաբերում է կոնկրետ Ադրբեջանի նախագահի` պատերազմ սկսելու կոչին, ապա Օհանյանը նշել է, որ երկրի նախագահը, հակառակը, միշտ պետք է բացառի հարցերը ռազմական ճանապարհով լուծելու ճանապարհը` գերադասելով խաղաղ միջոցները` համապատասխան միջազգային իրավունքի նորմերին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել