Ադրբեջանին չպատժեցին
Թեեւ Եվրոպական հեռարձակողների միությունը (ԵՀՄ) տրամադրված էր Ադրբեջանին պատժելու` Հայաստանի օգտին քվեարկած քաղաքացիներին ճնշելու համար, այնուամայնիվ մինչ օրս այդ ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվել: «Եվրատեսիլ» երգի մրցույթի պաշտոնական կայքէջում դեռեւս օգոստոսին հրապարակվել էր, որ սեպտեմբերի 11-ին Օսլոյում կայանալիք հանդիպմանը ԵՄՀ-ն քննարկելու է «Եվրատեսիլ-2009» մրցույթի ժամանակ Հայաստանի օգտին քվեարկած Ադրբեջանի քաղաքացիներին երկրի Ազգային անվտանգության նախարարություն կանչելու հարցը:
«Հետքը» գրել էր, հանդիպումը տեղի է ունեցել, սակայն Ադրբեջանի հարցն այդպես էլ չի քննարկվել: «Ինչպես նախօրոք հայտարարվել է, արձագանքման խումբը կքննարկի նաեւ Ադրբեջանում քվեարկության խնդիրը»,- սեպտեմբերի 11-ին «Եվրատեսիլ»-ի պաշտոնական կայքում նման տեղեկություն հրապարակվեց: Սակայն մինչ օրս Ադրբեջանին պատժելու վերաբերյալ որեւէ տեղեկություն չի հրապարակվել: Ավելին` Եվրոպան պատրաստվում է «Եվրատեսիլ-2010» երգի մրցույթին, երկրները ընտրում են իրենց ներկայացուցիչներին, իսկ Ադրբեջանի մասնակցել-չմասնակցելու հարցն այդպես էլ չի քննարկվել:
Հիշեցնենք, որ ադրբեջանցի Ռովշան Նասիրլին «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը հայտնել էր, թե իրեն հարցաքննել են Ազգային անվտանգության նախարարությունում: «Հոգեբանական ճնշումների ենթարկելով՝ ասում էին, թե դու ի՞նչ մարդ ես, ազգություն չունե՞ս… Հարցնում էին, թե ինչո՞ւ եմ քվեարկել Հայաստանի օգտին»,- ասել է Ռովշանը:
«Երկու ժամ ինձ դատարկ սենյակում պահելուց հետո, երկու մարդ հայտնվեցին` ասելով, որ ԱԱՆ գլխավոր բաժնից են: Նրանցից մեկի ձեռքում Հայաստանի օգտին բոլոր քվեարկածների անունները եւ հասցեները պարունակող ցուցակ կար: Նրանք ասացին, որ ինձ նմաններին հարկավոր է բանտ նետել: «Այսօր հայի համար ես քվեարկում, վաղն էլ նրանց համար մետրոն կպայթեցնես»,- ասացին պաշտոնյաները»,- պատմել է քաղաքացին:
Ռովշանը քննիչների հարցին պատասխանել է, թե Հայաստանը ներկայացնող Արշակյան քույրերի «Ջան, ջան» երգը, իր կարծիքով, շատ ավելի մոտ էր ադրբեջանական երաժշտությանը, քան Ադրբեջանը ներկայացնող Արաշի «Ընդմիշտ» երգը:
Գրավոր բացատրություն վերցնելուց հետո Ռովշանին ազատ են արձակել, նա Ազգային անվտանգության նախարարության գրասենյակում նկատել է 43 անձի ցուցակ: Ադրբեջանցու կարծիքով` այդ ցուցակում ներառված են այն անձինք, ովքեր քվեարկել են Հայաստանի օգտին, հավանաբար նրանց էլ պիտի հրավիրեն հարցաքննության:
«Քվեարկության գաղտնիության սկզբունքի ամեն տեսակ խախտում կամ քվեարկողների հարցաքննություն որևէ դեպքում ընդունելի չէ»,- ըստ «Նյու Յորք թայմզ» թերթի` հայտարարել է ԵՀՄ գլխավոր տնօրեն Ժան Ռևեյոնը:
Ադրբեջանի հանրային հեռուստաընկերությունը` «Իքթիմալ»-ը, որն անդամակցում է ԵՀՄ-ին, պաշտոնական հայտարարություն է տարածել, որով հավաստիացրել է, թե Ազգային անվտանգության նախարարությունը որևէ մեկին այդ հարցով չի կանչել և չի հարցաքննել` պաշտոնապես կամ ոչ պաշտոնապես: Այս հայտարարությանն ի պատասխան` Ժան Ռևեյոնը ասել է.
«Ինչևէ, մենք ընդունեցինք ադրբեջանական կողմի պաշտոնական պատասխանը: Սակայն ազատ քվեարկելու իրավունքը «Եվրատեսիլ» մրցույթի հիմնական նախապայմաններից մեկն է: Եվ ցանկացած անձ կարող է քվեարկել յուրաքանչյուր երգի օգտին, բացառությամբ այն երկրի ներկայացուցչի երգի, որտեղ դիտում ես մրցույթը: Քվեարկության իրավունքի հետ կապված անհատի իրավունքների խախտումը կամ միջամտությունը անընդունելի երևույթներ են»:
Եվրոպական հեռարձակողների միության ղեկավարությունից «Ազատություն» ռադիոկայանին հայտնել են, որ Ադրբեջանի նկատմամբ հնարավոր է պատժամիջոցներ կիրառվեն, որոնք ենթադրում են դրամական տուգանքից մինչև երեք տարով մրցույթին մասնակցելու իրավունքից զրկում:
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը APA լրատվական գործակալությանն ասել է, թե այս միջադեպը չափազանց շատ են ուռճացրել:
«Առանձնապես ոչինչ չի պատահել: Նրանց վրա ճնշում չի գործադրվել: Պարզապես չպետք է մոռանալ, որ Ադրբեջանը դեռեւս շատ երիտասարդ պետություն է: Ընդամենը 18 տարի է, ինչ անկախացել ենք, եւ մեր ոչ բոլոր պաշտոնյաներն անհրաժեշտ փորձն ունեն», - նշել է Նովրուզովը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել