Թունավորումներ գազի արտահոսքից
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` այս տարվա հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է գազի արտահոսքից թունավորվելու 63 դեպք: Անցյալ տարի նույն ժամանակահատվածում թունավորման դեպքերի թիվը 58-ն էր:
Վերջին երկու դեպքերն արձանագրվել են դեկտեմբերի 14-ին: Այդ օրը` ժամը 19.15-ին «Սուրբ Գ. Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 51-ամյա Հասմիկ Մ.-ն և 21-ամյա Վարդուհի Ս.-ն: Հասմիկ Մ.-ն ավելի ուշ իրավապահներին հայտնել է, որ թոռան հետ գտնվել է Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում, և խոհանոցի գազօջախը անջատելուց հետո տեղի է ունեցել գազի արտահոսք, ինչի պատճառով իրենք թունավորվել են:
Երկրորդ դեպքում նույն օրը` ժամը 12.00-ին, ոստիկանության Մարտունու բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ թունավորված վիճակում իրենց մոտ են տեղափոխվել Գեղհովիտ գյուղի բնակիչներ, 31-ամյա Լիլիթ Հ.-ն, 37-ամյա Գոհարիկ Հ.-ն և 7 տարեկան Մոնթե Պ.-ն:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժ. 20.00-ի սահմաններում, տան խոհանոցում` գազի արտահոսքից:
«Կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանության մամլո ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել