Թումանյանի բաժնի ՔՀԲ պետին մեղադրանք է առաջադրվել` խուլիգանություն կատարելու համար
Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ոստիկանության` Լոռու մարզային վարչության` Թումանյանի բաժնի ՔՀԲ պետի կողմից խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ Ա. Գրիգորյանն իր որդու` Վ. Գրիգորյանի եւ վերջինիս ընկերներ Հ. Սարգսյանի ու Վանաձոր քաղաքի բնակիչ Վ. Գալստյանի հետ այս տարվա օգոստոսի 17-ին` ժամը 02-ի սահմաններում, Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին գտնվող «Ռոսիա» ռեստորանային համալիրում վիճաբանության մեջ է մտել Գյումրի քաղաքի բնակիչներ Ա. Պապիկյանի եւ Ա. Իսկանդարյանի հետ, հայհոյել, բռնություն գործադրել նրանց նկատմամբ:
Գործադրված բռնությունների հետեւանքով Ա. Պապիկյանը եւ Ա. Իսկանդարյանն ստացել են առողջությունը քայքայող թեթեւ մարմնական վնասվածք:
Ինչպես տեղեկացնում է Գլխավոր դատախազության մամլո ծառայությունը, ձեռք բերված ապացույցների հիման վրա` Ա. Գրիգորյանին, Վ. Գրիգորյանին եւ Հ. Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու, իսկ Վ. Գալստյանին` Խուլիգանության համար, որը կատարվել է մի խումբ անձանց և նախկինում խուլիգանություն կատարած անձի կողմից:
Քրեական գործն ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան ` ըստ էության քննելու համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել