HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեփան Դեմիրճյան. «2009-ը ձեռքբերումների տարի չէր»

s-demirchyan_16.12.09«Ամփոփելով այս տարին` պետք է նշել, որ այն նշանավորվեց հայ-թուրքական արձանագրությունների նախաստորագրմամբ, ղարաբաղյան հարցի կարգավորմանն ուղղված ջանքերով եւ, իհարկե, աննախադեպ տնտեսական անկմամբ»,- 2009 թվականն այսպես բնութագրեց ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն այսօր «Դե Ֆակտո» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նրա կարծիքով ծանր սոցիալական դրության պատճառը միայն համաշխարհային տնտեսական ճգնաժամը չէ.  «Իհարկե, իր բացասական դերը խաղաց նաեւ համաշխարհային ֆինանասատնտեսական անկումը, սակայն չի կարելի այս վիճակը բացատրել միայն դրանով: Սա հետեւանք է տարիներ շարունակ իրականացվող մենաշնորհային դիրքեր գրավող եւ, առհասարակ, մի խումբ մարդկանց հարստացնելու քաղաքականությամբ: Մեզ մոտ ընդունված է`մեկ անցումային փուլում ենք, մեկ` տնտեսական ճգնաժամ է, սակայն սա անպատրաստվածության, անպարտաճանաչության, անօրինականության հետեւանք է»,- ասաց Ստեփան Դեմիրճյանը: Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին` ՀԺԿ նախագահն ասաց. «Մենք չենք կարող այդ հարցը կարգավորել ի հաշիվ մեր ազգային արժանապատվության: Պատմաբաններ, պատմաբանների հանձնաժողովներ եւ այլն, դա իսկապես անընդունելի է»: Ստեփան Դեմիրճյանի կարծիքով` 2009թ. ձեռքբերումների տարի չէ, եւ 2010-ն էլ դրանցով չի փայլելու, քանի որ գերտերությունները շահագրգռված են հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու եւ ղարաբաղյան հարցը լուծելու խնդրում, ինչի հետեւանքով էլ կշատանան նաեւ ճնշումները: Իսկ ճնշումներին, նրա կարծիքով, կարելի է դիմագրավել համախմբվածության եւ օրինականության շնորհիվ. «Շուտով կլրանա մեր պետության 20 տարին, սակայն չկա այն պետությունը, որ ուզում ենք մենք: Սա մի խումբ մարդկանց սեփականությունը չէ, բայց այսօր սա է իրականությունը: Մենք պետք է դա փոխենք, համախմբվենք մեկ ազգային գաղափարի շուրջ եւ արդարության հասնենք»: Ստեփան Դեմիրճյանն անդրադարձավ նաեւ ՀԱԿ-ում առկա հակասություններին. «Չնայած բոլոր տարբերություններին` ՀԱԿ-ը ունի մի քանի կարեւոր գաղափարական ընդհանրություններ, որոնց շուրջ էլ հենց համախմբված է»>: Իսկ մարքսիստ Դավիթ  Հակոբյանի` ՀԱԿ-ի շարքերը լքելու մասին ասաց, որ իրենք ազատ են աշխատում, եւ կամեցողները կարող են միանալ իրենց կամ, եթե իրենց հետ են, կարող են նաեւ թողնել իրենց շարքերը: Ընդդիմության ձեռքբերումներն, ըստ Ս. Դեմիրճյանի, առայժմ ակնհայտ չեն, քանի որ չկա օրինականություն եւ արդարություն: Սակայն, ըստ նրա, դրական է այն, որ կա պայքար դրանց համար. «Ամեն ինչն էլ չափի մեջ է լավ` դադարն էլ, պայքարն էլ: Հիմա դեռ սպասում ենք, սակայն ամսի 8-ին մենք կազմակերպելու ենք հանրահավաք, որի կարիքն արդեն իսկ զգացվում է: Եթե ուզում ենք փոխել էս երկրում ինչ-որ բան, պետք է փոխել  արատավոր սովորությունը` ընտրությունների կեղծումը: Պետք է պատասխանատվության ենթարկվեն ինչպես մարտյան դեպքերի պատասխանատուները, այնպես էլ հոկտեմբերի 27-ի գործի իրական կազմակերպիչները, բայց, ինչպես տեսնում եք, ոչինչ էլ չի արվում»,- ասաց Ստեփան Դեմիրճյանը: Մարիամ Մուղդուսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter