HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է արտգործնախարարների համաժողովին

16_12-Minister-speechԱշխատանքային այցով Փարիզում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովին: Արտաքին գործերի նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ` նախարարական հանդիպմանը, որը տեղի է ունենում կազմակերպության ստեղծման 40-ամյա հոբելյանի շրջանակներում, մասնակցում են կազմակերպության 70 անդամ, ասոցիացված եւ դիտորդ երկրների պատվիրակությունները: Նախարարական համաժողովի օրակարգում եղել է 2008 թ. հոկտեմբերին կայացած Քվեբեկի գագաթաժողովին ընդունած որոշումների իրականացման ընթացքը: Նախարարական հանդիպմանը ելույթով հանդես է եկել Հայաստանի արտգործնախարարը, ով դրական գնահատելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների համագործակցությունն ու համերաշխությունը` ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է կազմակերպության արժեքներին եւ այսուհետ եւս ջանալու է իր ակտիվ մասնակցությունը բերել Ֆրանկոֆոնիայի գործունեությանը: Իր խոսքում նախարար Նալբանդյանը ներկայացրել է կազմակերպության նպատակների իրագործման ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերը: Է. Նալբանդյանի փարիզյան օրակարգում ներառված են եղել նաեւ երկկողմ հանդիպումներ: Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի տնօրեն Միշլին Կալմի-Ռեյի հետ հանդիպման ժամանակ երկուստեք գոհունակություն է հայտնվել հաստատված քաղաքական երկխոսության բարձր մակարդակի առնչությամբ, ինչը հնարավորություն է ընձեռում մշտապես հետեւելու նախորդ հանդիպումներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին եւ նախանշելու նոր քայլեր: Արտգործնախարար Նալբանդյանը հանդիպել է նաեւ Մարոկոյի ԱԳ նախարար Ֆասի Ֆիհրիին: Զրույցի ընթացքում անդրադարձ է արվել Հայաստանի եւ Մարոկոյի հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերին: Երկուստեք նշվել է, որ հարուստ պատմական առնչություններ ունեցող երկրների միջեւ այսօր առկա հարաբերությունները բավարար մակարդակի չեն, եւ հարկավոր է գործուն քայլեր ձեռնարկել դրանց նոր լիցք հաղորդելու համար: Նախարարներ Նալբանդյանն ու Ֆիհրիին մտքեր են փոխանակել կովկասյան եւ Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանային խնդիրների եւ դրանց լուծման ուղիների շուրջ, պայմանավորվել իրենց ղեկավարած գերատեսչությունների միջեւ պարբերական խորհրդատվությունների անցկացման վերաբերյալ, քննարկել միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացման եւ իրավապայմանագրային դաշտի ձեւավորման հնարավորությունները: Մարոկոյի արտգործնախարարն իր Հայաստանի գործընկերոջը հրավիրել է այցելել Ռաբաթ: 16_12--Nalbandian-CamboՆույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Կամբոջայի իր պաշտոնակից Նամհոնգ Հոռի հետ: Նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների եւ տնտեսական համագործակցության ձեւավորման ուղիների շուրջ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել երկկողմ շփումները` միջպետական փոխգործակցության եւ միջազգային կազմակերպություններում համագործակցության հաստատման նպատակով: Փարիզ այցելության շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ֆրանսիայի Նախագահի դիվանագիտական խորհրդական Ժան-Դավիդ Լեւիտի հետ: Զրուցակիցները հանգամանալից քննարկել են հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդման ուղիները, միջազգային եւ տարածաշրջանային հարցերի լայն շրջանակ: Այսօր Հայաստանի արտգործնախարարը վերադարձել է Երեւան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter