HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

11 զրպարտանք մեկ նամակի մեջ

Հերմինե Ադամյան Aydar-g_16.12.09

2009թ. նոյեմբերի 12-ին «Հետքը» հրապարակեց Հայր Օշական Գյուլգյուլյանի բաց նամակը (Corrections to Article by Ms H. Adamyan) իմ` «Հայերը հեռավոր Հնդկաստանում» և  «Մադրասի 300-ամյակին ընդառաջ» խորագրերը կրող հրապարակումների անարդար և ցինիկ քննադատությամբ: Հայ թե համաշխարհային պատմագրության մեջ, անշուշտ, վիճարկելի հարցերը շատ են, և նա, ով մարմաջ ունի պատմագրությունը սրբագրելու, ապա վիճահարույց հարցի մասին, ըստ իս, քաջատեղյակ պիտի լինի, այլապես ստացվում է մութ սենյակում կատու բռնել, այն էլ` եթե այնտեղ կատու չկա:

«Հետքը» գիտական հանդես չէ, իսկ աղբյուրները պարտադիր են գիտական հանդեսի համար, ի վերջո, տարբերեք հոդվածը հրապարակումից: Առավել ևս իմ զգացմունքների և ստացած տպավորությունների հարցում, կարծում եմ, ես ազատ եմ և կարող եմ արտահայտվել ազատորեն: Չցանկանալով ժամանակ վատնել նման կեղծարարության մեկնաբանության վրա` պարզապես հատված առ հատված անդրադառնանք զրպարտանքներին.

Զրպարտանք 1. «… Տիկին Ադամյանը Հնդկաստանում է  6 ամսից էլ քիչ, մինչդեռ մկնիկի մեկ հարվածով գրել է իր հոդվածը, իսկ կարդացողները կարծում են, թե նա ինչ որ հեղինակավոր մասնագետ է…»:

Ես` Հերմինե Ադամյանս, ավարտել եմ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմություն-իրավագիտություն ֆակուլտետը, անմիջապես ընդունվել ասպիրանտուրա` Համաշխարհային պատմության դասավանդման և մեթոդիկայի ամբիոնից, հաջողությամբ հանձնել եմ անհրաժեշտ քննությունները: Ատենախոսական թեզս 100 տոկոսով պատրաստ լինելու արդյունքում հնարավորություն եմ ստացել մասնագիտական քննություն տալ և ստացել եմ գերազանց: Այժմ պատրաստվում եմ ատենախոսական թեզի պաշտպանության` պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի համար, պաշտպանությունս լինելու է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում: Գիտական ղեկավարս է դոկտոր-պրոֆեսոր Գ. Կիրակոսյանը, խորհրդակցում եմ ակադեմիկոս Մ. Զուլալյանի և պրոֆեսոր Վ. Ղլեչյանի հետ: Ունեմ գիտական հանդեսներում հրատարակված հոդվածներ, Կարիբյան ճգնաժամի, ԱՄՆ-ի հետպատերազմյան արտաքին քաղաքականության և 1945-1946թթ. Կարսի և Արդահանի հիմնախնդրի հետ կապված թեմաներով, հրատարակվել եմ բացառապես բոհ-ի կողմից հաստատված հանդեսներում, այդ թվում` ԳԱԱ-ի Արևելագիտության ինստիտուտի Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ և ժողովրդներ  հանդեսում:

Զրպարտանք 2. «Հնարավոր է, որ տկն. Ադամյանը գրել է հայերեն, և անգլերեն թարգմանության ժամանակ եղել են վրիպումներ…: … Նրան անվանում է Շահամիր Շահամիրյան, բայց նրա անունը պարզապես Աղա Շամիր էր»:

Դուք ինքներդ շատ լավ գիտեք և կարդացել եք հայերեն բնօրինակը: Մեկընդմիշտ հիշեցնեմ.  ես գրում եմ հայերեն, և բնագիրը հայերեն է, թարգմանությունը կատարում է «Հետքը», ես պատասխանատու չեմ թարգմանության համար, իսկ  Black Town  և  White Town շփոթությունը նույնպես հետևանք է  անգլերեն թարգմանության, հայերեն տարբերակում ի սկզբանե չկա և չի եղել խոսք այդ մասին: Շահամիր Շահամիրյանի հետ կապված կարող եմ հիասթափեցնել Ձեզ, Դուք հայտնվել եք Ձեր անտեղյակության ծուղակում: Աղա Շամիրը հայ պատմագրության մեջ հայտնի և նշանավոր Շահամիր Շահամիրյանն է: Սա հերթական անգիտությունն է: Տ. Թորգոմ Պատրիարք Գուշակյան` «Հնդկահայք», 1941, էջ 49. «Բայց Շահամիրեանի ազգասիրական գործունէութիւնը …»: ՀՀ ԳԱԱ Ակադեմիկոս Վ. Բարխուդարյանի խմբագրությամբ Հայոց պատմության 7-րդ դասարանի գրքում /2000թ., էջ 24/. «…հնդկահայ մեծահարուստ Շահամիր Շահամիրյանը 1771թ. Մադրաս քաղաքում հիմնում է հայկական տպարան»: Կ. Ավետիսյան, Հայրենագիտական էտյուդներ, 1979, էջ 249. «Շահամիրյանի կողմից հիմնադրված տպարանը առաջադիմական երևույթ էր… հայ կյանքի համար»:

Զրպարտանք 3. «…Հայտնագործություն է իմանալ, որ հայկական եկեղեցի կա մոտակա Մայլաբուր կոչված գյուղում»:

Տ. Թորգոմ Պատրիարք Գուշակյան` «Նշվ. աշխ.», 1941, էջ 44-45. «… ԺԸ դարու առաջին քարորդին մէջ երեք հայ եկեղեցիներ միանգամայն կը կառուցուին Ս. Թովմասեան ուխտավայրերու այն անձուկ շրջանակին մէջ, բլրագագաթին վրայ» 1707թ., Ս. Գէորգեան կոչուած բերդին մօտը` 1712ին, և մերձակայ Մայլաբուր կոչուած գիւղին մէջ` 1729ին: Նշանակելի է իր համառօտութեանը մէջ յոյժ պերճախօս արձանագրութիւնը, զոր ունի յոյս վերջին եկեղեցին փողոցին կողմը նայող իր արևելեան որմին վերի մէկ անկիւնը. «ՅԻՇԱՏԱԿ Է ՀԱՅՈՑ ԱԶԳԻՆ, ԹԻՒՆ ՓՐԿՉԻՆ 1729»: Ս. Մութահ` «Madras Rediscovered», 2004, էջ 121. «…Պետրոս Ոսկանը իր կարողության զգալի մասը ներդրել է ի նպաստ հոգևոր կառույցների: Նա առատ նվիրատվությամբ աջակցել է հայկական կառույց /Armenian-bult/ Ս. Ռիտա եկեղեցուն /1729-40/, որը գտնվում է Սան Թոմեյում: Նրա արևելյան պատին հայերեն արձանագրված է «ՅԻՇԱՏԱԿ Է ՀԱՅՈՑ ԱԶԳԻՆ, ԹԻՒՆ ՓՐԿՉԻՆ 1729»:

Զրպարտանք 4. «Ոչ մի փաստ չկա, որ Ս. Թովմաս եկեղեցին կառուցվել է հայի կողմից…»:

Տ. Թորգոմ Պատրիարք Գուշակյան` «Հնդկահայք», 1941, էջ 44.«Ստորոտը այն բարձունքին որ ցարդ կը կոչուի «Ս. Թովմասի լեռ» և որուն կատարին վրայ կայ հայկական արձանագրութիւններով յիշակերտուած եկեղեցի մը, պարսպի մեծ դրան ճակտին կը կարդացուի 1547 դարեթիւը: Որովհետև հայ մը, Պետրոս Ոսկանեան է, որ շինած է դարպասէն մինչև բլուրի գագաթը վերելակող 166 աստիճաններով մեծածախս և վիթխարի քարէ այս սանդուղը, 1726ին, որովհետև Հայ մը դարձեալ, «Սաֆարեան Մահտեսի Զաքարէ», շինած կամ վերաշինած է 1707ին նոյն գագաթին վրայ կանգնած Ս. Թովմասու եկեղեցին…»: Պաշտօնական ամսագիր Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան Մայր Աթոռոյ Սրբոց Էջմիածնի, 2007, օգոստոս, հանդեսի էջ 83-ում`«…Հայկական առաջին եկեղեցին կառուցվել է 1547թ. Մադրասում»:

Զրպարտանք 5. «Սուրբ Աստվածածին է անվանում եկեղեցին, մինչդեռ այն  միշտ եղել է Սուրբ Մերի հայկական եկեղեցի»:

Համացանցում փնտրեք.  «Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի այցելությունը Մադրաս»… Ս. Աստվածածին եկեղեցու վերաօծման մասին հաղորդագրություն տարածվել է Մայր Աթոռից, որը հրատարակել է գրեթե ողջ մամուլը. «Հովվապետական այցի ընթացքում Հայոց Հայրապետի ձեռամբ կվերաօծվի նաև Մադրասի Ս. Աստվածածին հայկական եկեղեցին»: Էջմիածին, 2008թ. նոյեմբեր, էջ 21. «…Նոյեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը… մեկնեց Մադրաս, ուր նոյեմբերի 9-ին կատարեց Ս. Աստվածածին եկեղեցու վերաօծման արարողությունը»:

Զրպարտանք 6. «Էդուարդ Սամուել Մուրադը գերեզմանում կշրջվի այն մտքից, որ իրեն նշանավոր հայ են անվանում…»:

Հատված բնագրից. «Մեկ այլ հայ մեծահարուստ` Էդուարդ Սամուել Մուրադը…»: Էդուարդ Մուրադը Աղա Սամուել Մուրադի որդին է, այս ընտանիքի միջոցներով հիմնվում է հայտնի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանը, որտեղ էլ Գուշակյանի խոսքերով. «հարիւրաւոր հայ երիտասարդներու ընտիր սերունդներ Ալիշանի և անոր աշակերտներուն շունչովը դաստիարակուեցան, է և պիտի մնայ անսուտ վկան անոնց ազգասէր հոգւոյն անկեղծութեանը»: Սամուելը դառնում է իր հոր կտակի իրագործողը, ըստ որի. «իրենց ստացուածքներուն տարեկան շահուն հինգ առ հարիւրը նուիրեն ազգին որբերուն և աղքատներուն, իր հրիտակած գումարին վրայ աւելցնելով իրենցը»` էջ 60-61: «Հայերն այսօր», ՀՀ Սփյուռքի նախարարության պարբերական, 19.06.2004. «Հայ գիտական, կրթական և մշակութային կյանքում նոր էջ է բացվում 1834թ., երբ Հնդկաստանի երկու հայ մեծահարուստ վաճառականների` Ռաֆայելի և նրա փեսա Մուրադի կտակի համաձայն… Մխիթարյանները հիմնում են Մուրադի անունով Մուրադյան վարժարանը »: «The Hindu», 28.04.2003թ.. «Սամուել Մուրադը իր ունեցվածքի զգալի մասը կտակում է Եվրոպայում հայ երիտասարդների համար դպրոց հիմնելու համար… Երբ մահանում է Էդուարդ Մուրադը…Մուրադների դինաստիան ընդհատվում է Մադրասում»: Այդ ինչպե՞ս որոշեցիք նրանց ազգային պատկանելությունը: Ո՞վ է նշանավոր հայ, նա, ով զարկ տվեց հայ դպրությանը, թե նա, ով… Անցնենք:

Զրպարտանք  7. «… Տիկ. Ադամյանը հարգանք չունի և չգիտի ինչպես դիմել Ամենայն Հայոց Կաթողիկոսին… նրան կոչում է Գարեգին Բ»

Պետք չէ փորձել Պապից ավելի կաթոլիկ երևալ և կառչել բառերից` դրանով իսկ ցույց տալով տարտյուֆ լինելու սեփական փաստը: Միթե՞ վիրավորանք է կամ հարգանքի պակաս. Խրիմյան Հայրիկ, Ներսես Աշտարակեցի, Կոմիտաս կաթողիկոս, Վազգեն Առաջին:

Զրպարտանք 8. «…ամենանշանավոր պատմական կառույցներից մեկը 1725թ. կառուցված բազմակամար կամուրջն է Այդար գետի վրա: Ամբողջ Չեննայը անկասկած ծիծաղում է…Այն 1960թ. քանդել են և ավելի ամուր կառուցել»:

Կամրջի վրա պահպանվել է Պետրոս Ոսկանի արձանագրությունը (Տես նկարում): Արդյոք,  «ծիծաղող» մադրասցիները անգիտակցաբար են այն պահել և արդյո՞ք անգիտակցաբար հնդիկ պատմաբանները կամրջի թիվը համարում են1725-ը: Այդ զավեշտի հասնող տրամաբանությամբ  մենք իրավունք չունենք Երևանը կապել Էրեբունիի հետ, քանի որ Արգիշտի Ա-ի հիմնած ամրոցը  ոչ մի կապ չունի ժամանակակից Երևանի հետ, սակայն մենք Երևանի ծննդյան թիվը համարում ենք Ք. ա. 782թ.: Դեռևս Ք. ա. 6-րդ դարում Ալեքսանդր Մակեդոնացին հիմնահատակ ավերում է Աքեմենյան տերության հզորությունը խորհրդանշող Պերսեպոլիս քաղաքը: Պերսեպոլիսը իբրև հնագիտական կենտրոն  վերականգնվել է անցած դարում, բայց դա չի փոխել նրա տարիքը:

Զրպարտանք 9. «Ըստ տիկ. Ադամյանի Ս. Աստվածածին եկեղեցին բարվոք վիճակում է… այն առավել է բարվոք վիճակից …: Հիմա այն ունի աչքի ընկնող (outstanding) տեսք»:

Հատված բնագրից. «Ս. Աստվածածնի անունը կրող հայկական եկեղեցին…իր վեհաշուք տեսքով այսօր էլ խորհրդանշում է ժամանակի հայ համայնքի նվիրվածությունը իր ազգին և եկեղեցուն»: Բարվոքը ամենևին էլ վատը չէ, եկեղեցին լավ վիճակում է: Եկեղեցին կլիներ գերազանց վիճակում, եթե Մադրասում գեթ մեկ հայ ապրեր և ամեն կիրակի Հայր մերն ու Խորհուրդ խորհինը հնչեր: Եկեղեցին ինձ համար ավելին է, քան զուտ քարն ու աղյուսը…

Զրպարտանք 10. «…Նոր նշանակված ուսուցչի կողմից անընդունելի է իր այն արտահայտությունը, որ այնտեղի աշխատողները նրա «երկրորդական կարիքները» հոգալու համար են»:

Միայն հարգանքս հոգևորականի հանդեպ ստիպում է ինձ ավելի կոռեկտ լինել: Իմ գրածը եղել է սա. «…Ուր կան բոլոր հարմարությունները, ուսուցիչը պետք է կենտրոնանա միայն իր աշխատանքի վրա,  իսկ մնացած խնդիրները հոգում են աշխատակիցները… Ընդհանուր առմամբ բավական լավ տպավորություն են թողնում բոլորը` բանվորից մինչև կառավարիչ»: Այստեղ բոլորն էլ հիշում են, թե ինչպես է նախկին «փառահեղ» կառավարիչը տեղացի ուսուցիչների և անձնակազմի կողմից նվերը սպասավորի միջոցով վերադարձրել: Ի՞նչն եք կարևորել: Հետ եք ուղարկել` հաշվի առնելով նվերի արժեքը՞… : Գուցե սա՞ համարեիք վիրավորանք:

Զրպարտանք 11. «Մարդասիրական ճեմարանի ներկայիս կառավարությունը և աշխատակազմը գտնվում է հարմարավետ վիճակում… իմ ջանքերի շնորհիվ …»:

Հնդկաստանում վերանորոգումները անդադար են, գրեթե ամենամյա` կապված խոնավ կլիմայի հետ, իսկ որտեղ ես եմ ապրում, վերանորոգումը ավարտվել է իմ գալուց 3 օր առաջ:

Ընդդիմախոսը բողոքում է, որ չեմ հիշել իրեն. «Ես… չպետք է մոռացվեմ և լուսանցքից դուրս մնամ…» Արդյոք կուզեի՞ք, որ  հիշեի Ձեր չորս տարիների  «փառահեղ» գործունեությունը: Հավատացեք, Ձեզ չեմ հիշել` խնայելով Ձեզ, սակայն պատրաստ եմ գրել, եթե շարունակեք զազրախոսել: Ձեզ հիշում են  մի քանի տասնյակ երեխաներ` սարսափով և ատելությամբ լցված, նրանցից ոմանք  ուզում են կյանք մտնել Ձեզնից վրեժխնդիր լինելու մոլեգին տենչով` իրենց կրած չհիմնավորված ու չպատճառաբանված այն նեղությունների համար, որ միտումնավոր պատճառել եք դուք` ներողություն, պիտի ասեի` անհավասարակշռությունից դրդված, իսկ համայնքը անգամ խնայեց Ձեզնից  «գնաք բարովը»: Ակնառու մի փաստ: Հավատացնում եմ Ձեզ, Հնդկահայերը կարող են սիրել և գնահատել իրենց հոգևորականներին: Ես դա տեսնում եմ…

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter