Ախթալայի դպրոցը անվանակոչվեց Անդրանիկ Մարգարյանի անվամբ
Այսօր Լոռու մարզի Ախթալա քաղաքի միջնակարգ դպրոցը անվանակոչվեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անվամբ: Անվանակոչությանը մասնակցում էր վարչապետ Տիգրան Սարգսյանը, Անդրանիկ Մարգարյանի այրին և որդին` Տարոն Մարգարյանը: Արարողության սկզբում ողջույնի խոսքով հանդես եկան դպրոցի աշակերտները. «Անդրանիկ Մարգարյանը իր նպատակներին հասնում էր բարոյական սկզբունքներով»,- ասացին դպրոցականները և «խոստացան նրա նման լինել ազնիվ, սկզբունքային, գործունյա և հայրենասեր»:
Դպրոցի տնօրեն Լեռնիկ Ճիճիլյանը, դիմելով Անդրանիկ Մարգարյանի ընտանիքին, ասաց. «Այսօր Ախթալայի համար պատմական իրողության շրջադարձային փուլ է: Մեր դպրոցը այս տարի հիմնովին վերանորոգվել է, և այդ վերանորոգման խնդրում իր մեծ ավանդը թողել է երջանկահիշատակ պարոն Մարգարյանը: Այս տարվա օգոստոսին դպրոցի մանկավարժական խորհրդը որոշեց դպրոցը անվանակոչել Անդրանիկ Մարգարյանի անվամբ: Իհարկե, դա պարտավորեցնում է և մեծ պարտականություններ է դնում մեզ վրա»:
Դպրոցի տնօրենը շնորհակալություն հայտնեց Անդրանիկ Մարգարյանի հարազատներին դպրոցի անվանակոչությանը մասնակցելու համար. «Կցանկանայի մեր բարեկամությունը Անդրանիկ Մարգարյանի ընտանիքի հետ շարունակվեր, մեր կապը միայն այս օրով չավարտվեր: Ես կցանկանայի դպրոցի խորհրդի պատվավոր նախագահի կոչում շնորհել Տարոն Մարգարյանին, որպեսզի էլ ավելի ամրացնենք կապը և կարողանանք համագործակցել և մեր սերնդին դաստիարակել ճիշտ այնպես հայեցի, ինչպես կցանկանար Անդրանիկ Մարգարյանը»:
Տնօրեն Լեռնիկ Ճիճիլյանը նաև նշեց, որ իր ղեկավարած դպրոցի վերանորոգումը 100 տոկոսով իրականացվել է պետական բյուջեի սահմաններում, իսկ այդ միջոցները մայրաքաղաքից այս հեռավոր անկյունում ներդնելը նա համարեց պետական քաղաքականության լուրջ քայլերից մեկը: Նա ներկաներին նաև հայտնեց, որ ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանը դպրոցին նվիրել է համակարգչային դասարան և այդ կապակցությամբ շնորհակալագիր հանձնեց ԱԺ պատգամավորին:
Ելույթ ունեցավ նաև Ախթալայի քաղաքապետ Հայկ Խաչիկյանը, որն էլ իր խոսքում ասաց. «Ես վստահ եմ, որ բոլոր ախթալեցիների համար մեծ պատիվ է ունենալ Անդրանիկ Մարգարյանի անվամբ դպրոց: Այսօր շահագործվեց Ախթալայի Բարիտ թաղամասի գազի խողովակաշարը, որն իրականացվել է Կառավարության միջոցներով: Այս դպրոցն էլ նույնպես այդ միջոցներով է վերանորոգվել, եկող տարի Կառավարության միջոցներով կիրագործվի քաղաքի ջրի ներքին ցանցի նորոգման աշխատանքներ և, իհարկե, առանց Կառավարության չէր կարող լինել այդ աշխատանքները»:
Քաղաքապետ Խաչիկյանը տեղեկացրեց, որ համայնքը որոշում է կայացրել «Ոսկե նուռ» շքանշանով պարգևատրել և դրանով իրենց երախտագիտությունը հայտնել կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանին:
Վերջինս քաղաքապետից ստանալով շքանշանը ասաց. «Շատ ճաշակով շքանշան է»: Անհասկանալի է, թե ինչու վարչապետին հանձնվեց շքանշանը, մանավանդ որ պրն վարչապետը գումարները հատկացրել էր պետբյուջեի գումարներից: Հանդիսավոր արարողությունից հետո վարչապետը և Մարգարյանի հարազատները շրջեցին վերանորոգված դպրոցում, այցելեցին նորաբաց համակարգչային դասարան: Վերջում դիտեցին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կյանքի մասին ֆիլմ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել