HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց նամակ ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանին

06_10-namakՎերջերս հայաստանյան մամուլը, և ոչ միայն, արձանագրեց, որ Շուշիի վերականգման համար Համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպած համահայկական դրամահավաքը չարդարացրեց այն սպասումները, որն ակնկալվում էր: Խնդիրը միայն այն չէ, որ գումարը, համեմատած նախորդ տարիների դրամահավաքի նվազ էր: Մտածելու և խորհելու տեղիք են տալիս այն իրողությունները, որ հայ մարդը, լինի բնակվող Հայաստանում, Արցախում, թե արտերկրում այլևս այնքան լավատես չէ Արցախի, ի մասնավորի Շուշիի վերականգման և զարգացման համար. պատճառը ` Ձեր հանդուժող, վախվորած, հաղթողին ոչ վայել քաղաքականությունն է: Ինչո՞ւ, մեզ բոլորիս հայտնի ճանապարհներով, շատ կարճ ժամանակում հսկայական գումարներ կուտակած, արցախյան ծագում ունեցող հայ օլիգարխները ներդրումներ չեն կատարում հենց Արցախում: Ինչ է, չե՞ն հավատում, որ Արցախ աշխարհը կա և կլինի հայկական, թե վազում են արագ և հեշտ գոյացող շահույթի հետևից, որը հնարավոր է ստեղծել Հայաստանում կամ արտասահմաններում, հատկապես իրենց երազած «սահմանը» բացելուց հետո: Հայրենասիրությունը ճառերով կամ գեղեցիկ խոստումներով չի լինում: Այն պահանջում է ամենօրյա աշխատանք, նվիրում և զոհաբերություն, ինչը հայտարարված զինադադարից սկսած գնալով պակասում է մեր ժողովրդի մոտ, քանի որ Դուք և Արցախի իշխանությունները նպաստում եք դրան: Ինչո՞ւ չի բնակեցվում ԼՂՀ սահմանադրությամբ ամրագրված վարչական տարածքները: Պատրաստվում եք հանձնե՞լ: Սին հույսեր: Ինչպես 1990-94թթ. աշխարհի մեծամեծերը և թուրքերը որոշել էին բռնությամբ և պատերազմի միջոցով հային հայրենազրկել, այնպես էլ այժմ փորձում են առանց հայ ժողովրդի կարծիքը հաշվի առնելու մեր հայրենիքի մի մասը` Արցախը  զոհաբերեն օտարին: Ինչպես այն ժամանակ, այնպես էլ այժմ ազգովի չենք թողնելու, որպեսզի կյանքի կոչվեն այդ հայադավ ծրագրերը: Ինչո՞ւ ըստ արժանվույն չեք գնահատում Արցախի համար մարտնչած հայորդիներին, որոնք արյան կանչով ոտքի ելած կռվեցին և հաղթեցին մեր Ազատագրական պատերազմում: Ի՞նչն է խանգարում  Ձեզ քաղաքացիություն շնորհել Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին, հենց թեկուզ որպես Շուշիի պատվավոր քաղաքացի: Համոզված եմ, որ հոգու խորքում Դուք ընդվզում եք Ձեր այդ անիրավ որոշման դեմ: Որևէ արդարացում չունի Ձեր այդ որոշումը, նույնիսկ անբարոյական է և զուրկ որևէ տրամաբանությունից: Եթե Ձեզ պարտադրում են կայացնելու նման որոշում, ապա ինչպե±ս  եք ընդդիմանալու ազատագրված տարածքները թուրքին հանձնելու պարտադրանքին, թե՞ արդեն մտովի համակերպվել եք: Ասացեք բարձրաձայն, թող հայ ժողովուրդը իմանա և կատարի համապատասխան հետևություններ, իսկ եթե  ոչ, ապա ինչպես վայել է հային, զինվորական և քաղաքական ղեկավարին, կայացրեք Ձեր միակ և ճիշտ որոշումը. ասացեք. «Ո’չ, չենք հանձնելու մեր հայրենիքը թուրքին, որքան էլ ինձ վրա ճնշում գործադրեն և սա իմ և մեր  ժողովրդի միակ պատասխանն է հայրենքը սակարկողներին»: Այդժամ կտեսնեք, թե ինչ հավատով ու հույսով, սիրով ու շռայլությամբ հանգանակությանը կմասնակցեր, թե’ սփյուռքը, թե’ այստեղի նպաստով ապրող հայ ընտանիքը: Կտեսնեք, թե ինչպես կարճ ժամանակում, անտեսելով կենցաղային որոշ անհարմարություններ, կբնակեցնեին ազատագրված հայրենի տարածքները, որ այլևս ոչ մ ի շուն աչք ու ախորժակ չունենար մեր քաջարի մարտիկների, նվիրյալ հայորդիների արյունով սրբացած հողերի վրա: Ինչպես Նժդեհն է ասում «չկա անկարելին, եթե կա զորեղ ու վճռական կամքը»: Այնպես որ, ինչպես ազատագրել ենք, այնպես էլ պահելու ենք: Մեր գործն արդար է, Աստված մեզ հետ է և մենք կհաղթենք: «Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիության իրավունքի պաշտպանության կոմիտեի» համակարգող, ազատամարտիկ Աղավնի Սահակյան 16.12.09թ. Երևան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter