HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկու ոստիկանն էլ մեկ տարով զրկվեցին որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից

police_26_11_09Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ, այսօր Ոստիկանության Երեւանի վարչության Պետական պահպանության ծառայության գնդի ոստիկաններ Գեղամ Գրիգորյանին եւ Անդանիկ Մանուկյանին դատապարտեց 3 տարվա  ազատազրկման: Բայց նրանք պատժի կրումից ազատվեցին ԱԺ համաներման մասին որոշմամբ: Դատավճռով վերացվում է նաեւ նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը: Միաժամանակ դատարանը նրանց նկատմամբ նշանակեց լրացուցիչ պատիժ` մեկ տարի ժամկետով զրկելով պետական, տեղական ինքնակառավարման մարմիններում, այլ կազմակերպություններում որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից: Ոստիկանները կարող են դատավճիռը մեկամսյա ժամկետում բողոքարկել Քրեական վերաքննիչ դատարանում, սակայն դեռեւս այդ մասին որոշում չեն կայացրել: Այսօրվա իր ճառում մեղադրող Աշոտ Նադոյանը ոստիկանների դեմ առաջադրված բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու մեղադրանքը (Քրեական օրենսգրքի 309 հոդվածի երկրորդ մաս) գնահատեց որպես «բազմակողմանի եւ օբյեկտիվ ստուգված հավաստի ապացույցների փոխկապակցված ամբողջություն»: Ամբաստանյալներն անցած տարվա մարտի 2-ի լուսադեմին Երեւանի Մաշտոցի պողոտայում ակնհայտորեն անցել են իրենց լիազորությունների սահմանը, ոտքերով եւ ձեռքերով հարվածել քննությամբ չպարզված երկու քաղաքացիների, դրանով իսկ վնաս հասցրել ոստիկանության հեղինակությանը, անձանց եւ պետության շահերին: Մեղադրանքն, ըստ մեղադրողի, լիովին հիմնավորված է գործով ձեռք բերված ապացույցներով` միջադեպը պատկերող տեսասկավառակով, ամբաստանյալների եւ վկաների ցուցմունքներով: Նա ընդգծեց, որ ամբաստանյալները դատաքննական ցուցմունքներում չեն հերքել իրենց իսկ նախաքննական ցուցմունքները, միայն, ի տարբերություն վերջիններիս,  հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում: Ուստի մեղադրողը միջնորդեց ոստիկաններին դատապարտել 3-ական տարվա ազատազրկման` համաներման կիրառմամբ, ինչպես նաեւ մեկուկես տարի ժամկետով զրկել նրանց որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից: Ամբաստանյալների պաշտպան Արթուր Ղարիբյանը, հակառակը, գտնում է, որ իր պաշտպանյալները չեն անցել իրենց լիազորությունների սահմանը` Երեւանում զանգվածային անկարգություններ էին եղել, հայտարարված էր արտակարգ դրություն: Ըստ նրա` ոստիկանին օրենքով վերապահված է իր օրինական պահանջները չկատարելու, դիմադրություն ցույց տալու դեպքում եւ, վերջապես,  ինքնապաշտպանության նկատառումներից ելնելով` ֆիզիկական հարկադրանքի միջոցներ կիրառել: Ըստ պաշտպանի` միջադեպի ընթացքում դեպքի վայրում հավաքված բազմությունը հայհոյում էր, առարկաներ շպրտում ոստիկանների ուղղությամբ, ինչն իր արտացոլումը չի գտել տեսասկավառակում: Բացի այդ, տեսասկավառակը չի կարող որպես ապացույց օգտագործվել, որովհետեւ անհայտ է, թե ինչպես է այն ձեռք բերվել:  Ուստի նա միջնորդեց իր պաշտպանյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել եւ քրեական գործը կարճել: Այս վերջին փաստարկի դեմ առարկեց մեղադրող Ա. Նադոյանը` տեսասկավառակը ձեռք է բերվել բացահայտված աղբյուրից, բացի այդ, դատաքննության ընթացքում պաշտպանական կողմը երբեւէ չի միջնորդել տեսասկավառակը ճանաչել որպես անթույլատրելի ապացույց: Ամբաստանյալները հրաժարվեցին վերջին խոսքից, իսկ պաշտպանական ճառում, ըստ էության, հանդես եկան վերջին խոսքով եւ հայտարարեցին, որ չեն անցել իրենց լիազորությունների սահմանը, գուցե իրենց հոգեվիճակի վրա անդրադարձել է Երեւանում ստեղծված լարված իրավիճակը, ինչպես նաեւ այն, որ դեպքերի ընթացքում ոստիկանության շարքերում եղել էին զոհեր եւ մեծ թվով վիրավորներ: Ուստի չընդունելով հանդերձ մեղադրանքը, հայտարարեցին, որ զղջում են կատարվածի համար: Սոնա Մաշուրյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter