HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լոռիում գրանցվել է հանցագործությունների աճ

«Հետքի» հարցերին պատասխանում է Լոռու մարզի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Անուբաղ Համբարյանը

Ինչպե՞ս եք գնահատում 2009թ.-ը մարզի ոստիկանության համար:

Մարզում 2009թ.-ին գրանցվել է հանցագործությունների աննախադեպ աճ` 2008թ.-ին գրանցված 802 հանցագործությունների դիմաց  2009թ.-ին գրանցվել է 1322 հանցագործություն: 

Շարժը 520 դեպք է: Թեև հանցագործությունները կտրուկ ավելացել են, սակայն մեր կողմից բարելավվել է հանցագործությունների բացահայտման աշխատանքները: Այն 2008թ.-ի 83,6 տոկոսի դիմաց 2009թ.-ին կազմել է 93,1 տոկոս: Ես, որպես ոստիկանապետ, աշխատանքները գնահատում եմ լավ:

Ինչո՞ւ է մարզում հանցագործությունների աննախադեպ աճ արձանագրվել: Չե՞ք կարծում, որ դա պայմանավորված է նաև ոստիկանության կողմից հանցագործությունների կանխարգելման թույլ աշխատանքներով:

Ես համաձայն եմ, մենք հանցագործությունների կանխարգելիչ աշխատանքները բարձր մակարդակով չենք տանում: Ուրեմն, հիմա նախարարի ցուցումով և հրամանով մենք մեծ ուշադրություն ենք դարձնում հանցագործությունների նախականխմանը: Ավելի լավ է մեկ հանցագործություն չկատարվի, քան 10 հանցագործություն բացահայտվի: Մենք այս ուղղությամբ լուրջ անելիքներ ունենք անչափահասների շրջանում, որոնց կողմից կատարված հանցագործությունների աճ է արձանագրվել:

Ի՞նչ կասեք չբացահայտված հանցագործությունների մասին:

Ես ասեմ` 1322 հանցագործության դեպքերից` չբացահայտված են 72 -ը, բայց նաև մենք ունենք 17 հանցագործությունների դեպքեր, որոնք գրանցվել են նախկին տարիներին և բացահայտվել են: Գրանցված է 73 կրկնահանցագործություն: Բացահայտել ենք նաև տարբեր մարզերում կատարված 23 հանցագործությունների դեպքեր: Բացահայտվել է նաև թրաֆիկինգի 16 դեպք: 2009թ.-ի մեզ հաջողվել է բացահայտել ավելի քողարկված` լատետային հանցագործություններ: Մեր մոտ ակտիվ աշխատանքներ են տարվել զենք զինամթերքի ապօրինի շրջանառության և թմրամոլության դեմ պայքարի ուղղությամբ: Զենք-զինամթերքի առգրավման ուղղությամբ մարզում գրանցվել է 100 տոկոս աճ, առգավվել է 53 զենք-զինամթերք, որոնք ենթարկվել են քրեական պատասխանատվության, մեզ նաև կամավոր են հանձնել զենքեր: Թումանյանի տարածաշրջանում առգրավվել է 13 զենք ու զինամթերք:

Այդուհանդերձ, մարզում հաճախակի են դարձել հրազենային սպանությունները:

Այո, 2009-ին գրանցվել է 7 դեպք, որոնցից 2-ը Թումանյանի վարչական տարածքում, 1 դեպք Ալավերդիում գրանցվել է այս տարի:

Վերջին դեպքը Ալավերդիում կատարվեց հունվարի 14-ին, օրը ցերեկով, մարդաշատ վայրում, որտեղ երեխաների անցուդարձ կար:

Ուրեմն, ինչպես այդ, այնպես էլ նախորդ սպանության համար իմ կողմից նշանակվել է ծառայական  քննություն, մենք վեր ենք հանում դրանց ծնող պատճառները: Այս սպանությունների շարունակական ընթացքը կասեցնելու համար մենք լուրջ պրոֆիլակտիկ աշխատանքներ ենք տանում, դա հրապարակման ենթակա չէ:

Դուք` որպես մարզի ոստիկանապետ, կարո՞ղ եք երաշխավորել, որ Ալավերդիում կատարված վերջին սպանությունը շարունակական չի լինելու:

Ոչ ոք այդպիսի երաշխիք չի կարող տալ, ինչպես նաև ես, բայց մեր կողմից ամեն ինչ արվում է շարունակական չլինելու համար:

Չե՞ք կարծում, որ մարզում գործում են քրեական լուրջ խմբավորումներ, որոնց կողմից էլ ուղղորդվել են վերջին սպանությունները:

Վերջերս մենք բացահայտեցինք 2 խմբավորումներ, որոնցից  մեկի 40 տոկոսը Թումանյանից էին: Նախկին ոստիկանը հագել էր համազգեստ և կատարել էր հանցագործություն: Գործը նախաքննության փուլում է, ազգանուներ չեմ կարող տալ: Մենք քրեական խմբավորումների ուղղությամբ աշխատում ենք:

Մեր տեղեկություններով` մարզում աշխատանք չունեցող երիտասարդների մոտ թմրանյութերի նկատմամբ հակումները մեծանում են: Ի՞նչ է անում ոստիկանությունը դա կանխելու համար:

Եթե 2008թ.-ին մարզում գրանցվել է ապօրինի թմրաշրջանառության 25 դեպք, ապա 2009-ին գրանցվել է 41+16: Վանաձորում գրանցվել է 41 դեպք, Գուգարքում` 6, Սպիտակում, Ստեփանավանում` 9-ը, Տաշիրում` 1, Թումանյանում նախորդ տարվա  6-ի փոխարեն գրանցվել է 13 դեպք: Գրանցված է 1 կին թմրամոլ` Վանաձորում:

Դուք ինչպե՞ս եք վերաբերվում մամուլի հրապարակումներին:

Շատ լավ:

Ինչպե՞ս հասկանանք շատ լավը: Քննարկո՞ւմ եք մամուլի հրապարակումները:

Միանշանակ: Յուրաքանչյուր աշխատակցի նկատմամբ մամուլում հրապարակված դեպքերով կատարվում է ծառայողական  քննություն: Դա հանրապետության ոստիկանապետի ցուցումն է:

Այդ դեպքում  ինչո՞ւ համայնքներում ՆԳ բաժնի պետերը հրաժարվում են տեղեկատվություն տալ լրագրողներիս:

Ես Ձեզ հավաստիացնում եմ, որ սկսած այս պահից համայնքների ոստիկանապետերը ընդհանրապես բոլոր հարցերին տեղում կպատասխանեն: Երկրորդը, եթե նրանց պատասխանները չեն գոհացնի, կարող եք անմիջապես դիմել ինձ: Մենք մեծ հարգանքով կպատասխանենք: Լրատվամիջոցների հետ մեր որդեգրած այս աշխատանքները շարունակական են լինելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter