Գյումրիում վիճակահանությամբ բնակարաններ կբաշխվեն
Աղետի գոտում բնակարանների բաշխման հանձնաժողովը` ՀՀ քաղաքաշինության նախարար Վ. Վարդանյանի ղեկավարությամբ, երեկ Գյումրիում կայացած նիստում որոշեց թվով 96 գյումրեցի անօթևանների համար դեկտեմբերի 19-ին անցկացնել 1-ին փուլով բաշխվող բնակարանների վիճակահանություն: Վիճակահանությունը անձամբ կատարելու են բնակարան ստացող անօթևանները: Հանձնաժողովի որոշմամբ, ընտանիքում հաշմանդամ ունեցող անօթևանների համար, իրենց ցանկությամբ, կկատարվի առանձին վիճակահանություն` շենքերի առաջին հարկի համար:
«Գլենդել Հիլզ» ՓԲ ընկերության կողմից կառուցված 2 շենքերի 96 բնակարաններից վիճակահանվելու են` 1 սենյականոց 40, 2 սենյականոց` 32, 3 սենյականոց` 24 բնակարան:
Վիճակահանությունը տեղի է ունենալու հրապարակային, մասնակցությամբ` ՀՀ Շիրակի մարզպետի, Գյումրու քաղաքապետի, ՀՀ ԱԺ պատգամավորներ և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Իսկ դեկտեմբերի 23-ին Գյումրիում սպասվում է անօթևաններին բնակարանների հաստատման մասին հավաստագրերի և բանալիների հանձնման արարողությունը, որին հավանաբար կմասնակցի նաև ՀՀ նախագահ Ս. Սարգսյանը:
Հավաստագրերը ստանալուց հետո միայն անօթևաններին հնարավորություն կտրվի այցելել իրենց նորակառույց բնակարանները: Նշենք, որ հավաստագրերում լինելու է նաև մի պայման, ըստ որի` բնակարան ստացած անօթևանները պարտավորվելու են 2 ամսվա ընթացքում ազատել իրենց ժամանակավոր կացարանների տարածքները, դրանից հետո միայն օրդերավորվելու են հատկացված բնակարանները:
«ՀՀ քաղաքաշինության նախարարի որոշմամբ, անօթևանների կողմից ժամանակավոր կացարաններից տարածքները ազատելուն վերաբերվող տեղեկանքների տրամադրման իրավասությունը տրվել է «Գլենդել Հիլզ» -ին, նախկինում այդ իրավասությունը պատկանում էր Գյումրու քաղաքապետարանին»,-փոխանցում է «Շիրակ կենտրոն» ՀԿ-ն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել