HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթևիկ Շալջյան

Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնը դեմ է, որ «Առավոտ» օրաթերթում տպագրված հոդվածի հեղինակը վկայություն տա

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնն ընդդեմ «Առավոտ» օրաթերթի` պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանության հայցով նախնական դատական նիստը:

«Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոն» ՍՊԸ-ն «Առավոտ» օրաթերթի դեմ 2 հայց է ներկայացրել «Վճարվել է 10 տարվա կյանքի համար, ստացել՝ 7 տարվա: Բժիշկները հիվանդին էլ, պետությանն էլ խաբե՞լ են» (13.11. 10թ.) և «Իսկ ո՞ւր մնաց Հիպոկրատի երդումը» (01.12.2010 թ., էլեկտրոնային տարբերակ) հոդվածների համար:

Այսօր ընթացավ «Իսկ ո՞ւր մնաց Հիպոկրատի երդումը» վիճարկման ենթակա հոդվածի գործով դատական նիստը:

Հիշեցնենք, որ այդ հոդվածը պարունակում էր ինֆորմացիա այն մասին, որ հոդվածի հեղինակ, Կապանի բնակիչ Կարո Ավանեսյանը, ընթերցելով «Առավոտ» թերթի 13.11.2010 թ-ի «Վճարել է 10 տարվա կյանքի համար, ստացել 7 տարվա: Բժիշկները հիվանդին էլ, պետությանն էլ խաբե՞լ են» հոդվածը, գրել է, որ ինքը դիմել է Հայաստանի Առիթմոլոգիայի սրտաբանական Կենտրոն: Վճարումներ կատարելով՝ հետազոտվել է, ինչի հետևանքով պարզվել է, որ նա ունի առիթմիա և պետք է անհապաղ վիրահատվի: Կնքելով պայմանագիր 5,1 մլն դրամ վիրահատության համար (որի 70 %-ը վճարվում է նախապես, և կատարվում է վիրահատությունը, հետո 3 ամսվա ընթացքում վճարվում է մնացած 30 %-ը)` նրան վիրահատել են՝ տեղադրելով «Biotronic» ֆիրմայի «Lexos DR» տիպի երկխոռոչանի սարքը սրտի ռիթմը վարելու համար, որը երաշխավորում է 4-5 տարի անխափան աշխատանք: 

Սակայն Երևանից Կապան վերադառնալու ճանապարհին նրա վիճակը վատացել է. ինչպես մինչ վիրահատությունը` շնչարգելություն է ունեցել, իսկ արդեն Կապանում շնչարգելությունը կրկնվել է երկու անգամ: Բոլոր սրացումների ժամանակ սարքը չի աշխատել, դա հաստատվել է նաև սարքի ստուգումներով: Վերադառնալով Երևան՝ բժշկուհուն ներկայացրել է մի դիմում, ըստ որի՝ գտել է, որ ախտորոշումը եղել է թերի և խնդրել, առաջարկել, պահանջել է հրավիրել կոնսիլիում՝ ճշտելու ախտորոշումը և կատարելու համապատասխան բուժում առանց լրացուցիչ վճարումների:

Դիմումը քննարկելով՝ Առիթմոլոգիայի սրտաբանական կենտրոնի տնօրեն Ս. Ջամալյանը գտել է, որ նա խաբում է, որ իր մոտ շնչարգելության սրացումներ են եղել, իրականում այլ բան է եղել, և նոր բուժման հետ կապված հետագա բոլոր քայլերի համար հիվանդը պետք է վճարի:

Այսօրվա նիստում «Առավոտ» օրաթերթի ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանը հայտնեց, որ քանի որ կողմերը հաշտության համաձայնության չեն եկել, ինքը դատարանին միջնորդում է որպես վկա հրավիրել հոդվածի հեղինակ Կարո Ավանեսյանին:

Հայցվորի ներկայացուցիչ Մուրադ Ասրյանը հարցրեց պատասխանողին, թե որքանո՞վ է անհրաժեշտ Կարո Ավանեսյանի վկայությունը: Մեժլումյանն էլ պատասխանեց, որ քանի որ հայցվոր կողմը վիճարկում է այն հարցը, թե հոդվածում գրվածը ճիշտ չէ, դրա համար հրավիրում է վկային, որը հոդվածի հեղինակն է և տարել է այդ վիրահատությունը: Նա էլ պետք է փաստի հոդվածում գրածը:

Մ.Ասրյանի հերթական հարցին, թե` եթե վկան հաստատի, որ ինքն է ասել հոդվածում նշվածը, արդյոք պատասխանող կողմը ազատվու՞մ է պատասխանատվությունից, Կ.Մեժլումյանը պատասխանեց, որ իրենք առանց այդ էլ ազատված են պատասխանատվությունից, քանի որ գրվածը միայն ճշմարտություն է, էլ ինչ խոսք կարող է լինել պատասխանատվության մասին: Վկային հրավիրելով՝ իրենք ցանկանում եմ ապացուցել, որ հոդվածում գրվածը համապատասխանում է իրականությանը:

Այնուամենայնիվ, հայցվոր Մ.Ասրյանը առարկեց միջնորդությանը՝ հիմնավորելով, որ ինքը գտնում է, որ հոդվածում առկա խոսքերը ոչ թե Կարոյի խոսքերն են, այլև «Առավոտ»-ի արտահայտած դիրքորոշումը: Նա նաև նշեց, որ կներկայացնի իր միջնորդությունը գրավոր կարգով:

Այսպիսով, դատարանը հետաձգեց դատական նիստը՝ տրամադրելով հայցվորին ողջամիտ ժամկետ գրավոր միջնորդությունը ներկայացնելու համար: Հերթական նիստի մասին կողմերին գրավոր կծանուցեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter