
Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Արիստոմենե Վարուդակիսը այսօր «Ուրբաթ» ակումբում ամփոփեց Հայաստանի ընթացիկ տնտեսական տարին` նշելով, որ 2009-ը դժվար տարի էր Հայաստանի համար, քանի որ Հայաստանը տնտեսական ճգնաժամի հետևանքով մեծ հարված կրեց:
«Ցուցանիշներն այժմ վկայում են այն մասին, որ ճգնաժամն իր պիկը հաղթահարել է, և արդեն կայունացման նշաններ են երևում: Սակայն մենք ակնկալում նեք, որ ամբողջ տարվա կտրվածքով 2009-ի տնտեսական անկումը կկազմի 16-17 տոկոս»:
Որոշակի դրական տեղաշարժեր, ըստ Ա. Վարուդակիսի, արդեն երևում են` պղնձի և մոլիպդենի գները սկսել են բարձրանալ: «Եթե նայենք արտադրության ցուցանիշներին, հուլիսից սեպտեմբեր ամիսները եթե համեմատենք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, ապա արտադրության աճ կա»,- ասաց նա:
Տնտեսության անկմանը զուգահեռ նաև աղքատության զգալի ավելացում է նկատվել` 3 տոկոս: Սոցիալական ապահովության ցանցի լայն ծրագրերի առկայությունը Հայաստանում, այդ թվում` աղքատության ընտանեկան նպաստների համակարգը, Ա. Վարուդակիսի խոսքով, օգնել է մեղմել ճգնաժամի ազդեցությանը:
«Պետական պարտքի մակարդակը ևս այս տարի աճել է և կազմել է մոտ 37 տոկոս: Կանխատեսվում է, որ մինչև 2011 թվականը այն կկազմի ՀՆԱ-ի 50 տոկոսը: Բանկային համակարգը առայժմ բավական կայուն է եղել, չնայած ճգնաժամին, բանկերը շարունակում են լավ կապիտալացված լինել, և կապիտալի համարժեքության ցուցանիշը կազմում է 28 տոկոս»:
Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրենի խոսքով` Հայաստանում գնաճ է տեղի ունեցել, որը նոյեմբերին կազմել է 4,6 տոկոս: Սակայն Համաշխարհային բանկի կանխատեսմամբ` տարվա կտրվածքով գնաճը չի գերազանցի Կենտոնական բանկի կողմից սահմանված նպատակային միջակայքը` 5,5 տոկոսը:
«2010-ի հեռանկարներն ավելի դրական են, քանի որ համաշխարհային տնտեսությունը սկսել է վերականգնվել: Մենք ակնկալում ենք, որ Հայաստանում այդ վերականգնումը ավելի դանդաղ կլինի, և ՀՆԱ-ի աճը հաջորդ տարի կանխատեսում ենք 1,5 տոկոս»,- ասաց նա:
Պատճառներից մեկը, որ հաջորդ տարվա համար կանխատեսվող աճի ցուցանիշը բավական փոքր է, այն է, որ մինչև հիմա Հայաստանում տնտեսական աճը հիմնականում պայմանավորված է եղել շինարարության զարգացումներով: «Պետք է նշել, որ Հայաստանի տնտեսության ապագան իհարկե շինարարությունը չէ, որովհետև 2009-ին Հայաստանի տնտեսությունը չի կարողացել «մարսել» ցեմենտը»,- ասաց նա:
Ա. Վարուդակիսի խոսքով` ճգնաժամից ստացած դասերից մեկը, որը կապված է Հայաստանի տնտեսության ընդհանուր դիմադրողականության բարձրացման հետ, այն է, որ տնտեսությունը պետք է ավելի դիվերսիֆիկացվի և դառնա առավել մրցունակ: Սրա համար, վերջինի խոսքով, երեք նախապայման է անհրաժեշտ:
«Նախ` հավանական ներդրողների համար առավել մեծ ներդրումային հնարավորություններ ստեղծել: Երկրորդը ներդրողների համար առավել բարենպաստ միջավայրի ապահովումը, և երրորդ` ենթակառուցվածքներոմ որոշակի ներդրումների իրականացնումը»,- ասաց նա:
Բարփոխումների մյուս ուղղությունը, ըստ նրա, կապված է պետական պարտքի կառավարման հետ: Դրա հետ առնչվում են նաև հարկային վարչարարության բարելավումն ու բարեփոխումները: «Շատ հարկեր է պետք հավաքել, քանի որ 2012 թվականից դրանց զգալի մասն ուղղվելու է արտաքին պարտքի սպասարկմանը»:
2010-ին Համաշխարհային բանկը 8 ծրագիր է նախատեսում, որոնք կհաստատվեն իրենց գործադիր տնօրենների խորհրդի կողմից, և այնուհետև կվավերացվեն Ազգային ժողովի կողմից:
«25 միլիոն դոլար կուղղվի որպես բյուջետային օժանդակություն: Օժանդակություն կտրամադրվի մաքսային ոլորտի բարեփոխումների իրականացմանը, ինչպես նաև` մրցակցության քաղաքականություն իրականացնող մարմնի հզորացմանը, նաև` սոցիալական ծրագրերի իրականացմանը: 7 միլիոն դոլար կուղղվի սոցիալական ներդրումների հիմնադրամին, որի շրջանակում օժանդակություն կստանան 37 համայնքային զարգացման ծրագրեր»,- ասաց նա:
Մոտ 5 միլիոն դոլար կտրամադրվի սոցիալական վարչարարության համակարգի բարելավմանը, 10 միլիոն դոլար կուղղվի պետական հատվածի արդիականացման նոր ծրագրին: Սյս ծրագրի շրջանակներում, ըստ Ա. Վարուդակիսի, ուշադրության կարժանանա նաև քաղաքացիական ծառայության վարձատրության համակարգը:
«24 միլիոն դոլար կուղղվի ՏՏ ոլորտի խթանման ծրագրին: Ինչպես նաև Գյումրիի տեխնոպարկին ուղղված ներդրումներ կլինեն: 43 միլիոն կուղղվի հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի վերականգմանը: 36 միլիոն կուղղվի փոխացման լարերի վերականգմանը, և վերջապես 14 միլիոն գյուղական զարգացման ծրագրի համար կհատկացվի»,- ասաց նա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել