HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ախթալայի ավագանին հաստատեց 2010-ի բյուջեն

17_12-AxtalaԴեկտեմբերի 16-ին,  Լոռու մարզի Ախթալա համայնքի ավագանին քննարկեց և հաստատեց համայնքի 2010թ.-ի տեղական տուրքերն ու բյուջեն: Այն ավագանուն ներկայացրեց քաղաքապետ Հայկ Խաչիկյանը: Նիստին  ավագանու 7 անդամներից  ներկա էի 6-ը: Նիստին  մասնակցում էին նաև համայնքի բնակիչներ: Ի  տարբերություն տարածաշրջանի մյուս համայնքների ավագանիների,Ախթալա համայնքի ավագանին մասնավորապես  տեղական տուրքերի քննարկման և հաստատման ընթացքում ցուցաբերում էր ակտիվություն: Իսկ քաղաքապետ Հայկ Խաչիկյանը քննարկումների   ընթացքում ջանում էր խորհրդակցական ձայնի իր իրավունքների շրջանակից դուրս չգալ` վերջին խոսքը թողնելով ավագանու անդամներին: Համայնքի ավագանին տարակարծիք էր և ավագանու անդամները անկաշկանդ հակադրվում էին ոչ միայն միմյանց, այլ նաև քաղաքապետին: Նկատելի էր նաև , որ ավագանու անդամները և հասկանում են  բյուջետային գործընթացները: Տեղական տուրքերի քննարկման ընթացքում  ավագանու անդամների միջեւ առաջացավ տարակարծություն ծխախոտի և ալկոհոլային խմիչքների վաճառքի առաջարկվող տեղական տուրքերի շուրջ: Առաջարկվեց  նախկինում սահմանված 20 հազար դրամի փոխարեն, 2010թ.-ին ծխախոտի և ալկոհոլային խմիչքների վաճառքի համար   սահմանել 30 հազար դրամ տուրք: Ավագանու անդամ Լեռնիկ Ճիճիլյանը գտնում էր, որ այդ բարձրացումը չի բխում խանութների շահերից. «Եթե դուք ուզում եք հարկային բեռը ավելացնել, պետք է նախապես խանութպաններին տեղյակ պահեիք»: Բացի այդ նա գտնում էր, որ քաղաքի խանութների մեծ մասում բնակչության անվճարունակության պատճառով առևտուրը կատարվում է ապառիկ, որը վնասում է խանութների ապրանքաշրջանառությանը: «Տուրքերի բարձրացում էլ ավելի կվատացնի խանութատերերի վիճակը»,- գտնում էր Ճիճիլյանը: Ավագանու մյուս անդամները ակնարկեցին, որ իրենց գործընկերը սեփական խանութի շահերից ելնելով է առարկում տուրքի առաջարկվող բարձրացմանը և քվեարկությամբ ձայների 5 կողմ և 1 դեմ քվեարկությամբ  մերժեցին ավագանու անդամ  Ճիճիլյանի առաջարկությունը: Քաղաքապետ Հայկ Խաչիկյանը ավագանու անդամներին  2010թ.ի իր կանխատեսած բյուջեի եկամուտներն ու ծախսերը ներկայացնելիս ցուցաբերեց  անփորձության որոշ տարեր: Բյուջեի եկամտային մասը նա ներկայացրեց հակիրճ: Հիմնականում կանգ առավ իր պլանավորած ծախսերի վրա: Այդուհանդերձ  բյուջեն ներկայացնելիս քաղաքապետը ավագանու անդամների հետ  նկատելիորեն անկեղծ էր , և ամեն ջանք թափում էր իր պլանավորած  ծախսերը  ընկալելի ներկայացնելու համար: Ախթալա համայնքի 2010թ.-ի բյուջեի եկամուտներ պլանավորվել է 42,6մլն. դրամ, որից 27,8մլն.դրամը կազմում է դոտացիան: Բյուջեն 8,6մլն. դրամով աճել է 2009թ.-ի համեմատ:  Հ. Խաչիկյանը նշեց, որ 2009թ.-ի համեմատ  2010թ.ին դոտացիան աճել է 3,8մլն. դրամով: «Սրան գումարած 2009թ.-ի պլանավորված  9,2մլն. դրամ սեփական հարկային եկամուտների դիմաց   2010թ.-ին նախատեսել ենք  հավաքագրել 12,2մլն.դրամ եկամուտներ»,- ասաց նա: Առաջին անգամ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի բնապահպանական վճարներից համայնքի բյուջեին  Պետբյուջեից 2010թ.-ին կկատարվի  բնապահպանական մասհանումներ, որը կազմելու 2,5մլն. դրամ: Վերջինիցս քաղաքապետը պլանավորել է` 621 հազար դրամ հատկացնել քաղաքի փողոցների աղբարկղների պատրաստման, 762 հազար դրամ տրամադրել մանկապարտեզի երեխաների հավելյալ սննդի և 1,1մլն. դրամ` քաղաքի 2 մանկապարտեզների երեխաների խաղահրապարակների կառուցման համար: Իր զեկուցման մեջ Հայկ Խաչիկյանը հայտնեց, որ համայնքապետարանի կառավարման ապարատում ունեն 12 աշխատակիցներ, որոնց տարեկան աշխատավարձի համար պլանավորել է 11,3մլն. դրամ: Ապա նա հերթով ներկայացրեց ապարատի մյուս ծախսերը, որոնք համեստ թվեր էին: Դրանցից նշանակալից էր տրանսպորտային ծառայության համար նախատեսված 1մլն. դրամը,  որն էլ ըստ   քաղաքապետի նախատեսված է աղբի մեքենայի պահպանման  համար: Նշանակալից ծախսեր էին նախատեսված ֆոնդային բյուջեով: Այստեղ  2,5 մլն. դրամ է նախատեսել Սվինեց թաղամասի գազի խողովակաշարի անցկացման համար, ոռոգման ջրագծի վերանորոգման համար նախատեսել է 400 հազար դրամ: 2010թ.-ին 1,6մլն. դրամ է նախատեսվել քաղաքի աղբահանության համար, նախադպրոցական կրթության ծախսեր է պլանավորվել 12 մլն. դրամ: Համայնքի բյուջեի տարեվերջի մնացորդը կազմել է 6մլն. դրամ, որի արդյունքում էլ բյուջեի ծախսային մասը կազմել է 48,6մլն. դրամ: Բյուջեն ներկայացվեց ամենայն մանրամասնությամբ, սակայն ավագանու անդամների մեծ մասը ի տարբերություն  տեղական տուրքերի քննարկման, չկարողացան բյուջեի մասին բարձրաձայնել  իրենց կարծիքն ու առաջարկությունները, քանի որ շտապում էին Ախթալա ժամանող վարչապետին  դիմավորելու համար: Շտապողականության այդ պայմաններում էլ ավագանու կողմից միաձայն հաստատվեց 2010թ.-ի բյուջեն: Նիստից հետո 2010թ.-ի համայնքի բյուջեի նախատեսված եկամուտների և ծախսերի մասին հարցրինք ավագանու մի քանի անդամների կարծիքը: axtala-andranik-17-12«Որ համայնքի բյուջեի հավաքագրված եկամուտները արդար է ծախսվում, բաշխումը արդար է, ծախսվում է տեսանելի , մի լումա պետական հատկացումներից և հավաքագրված եկամուտներից հենց այնպես չի ծախսվում: Ես որպես ավագանի գոհ եմ և բյուջեի եկամուտների կատարման և թափանցիկ ծախսերի համար:Քաղաքապետարանի բացատրական աշխատանքի և թափանցիկ ծախսումների արդյունքում հարկատուները բարեխիղճ վճարում են հարկերը: Բյուջեի ամեն մի մանրունք քննարկվում է: Քաղաքում համարյա իդեալական մաքրություն է: Կարգավորվել է ջրամատակարարումը: Նախկինում 10-օրյակը մեկ էինք ջուր ունենում, հիմա եթե ոչ ամեն օր, օրումեջ ջուր ենք ունենում, քաղաքի փողոցների լուսավորությունը կարգավորվել է , գերեզմանոցը ցանկապատվել է»,- ասաց  բժշկուհի Անահիտ Մուրադյանը: Ավագանու մեկ այլ անդամ  Ալբերտ Սոսինյանը, նախ տեղեկացրեց, որ ինքը ավագանու փորձառու անդամ է,  ապա  համայնքի 2010թ.-ի բյուջեն համարեց իրատեսական: Նա նույնպես այն կարծիքը հայտնեց, որ բյուջեի գումարները քաղաքապետ Հայկ Խաչիկյանի կողմից ծախսվում է թափանցիկ ու մաքուր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter