HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Եթե «Հրապարակը» չկատարի ԴԱՀԿ-ի որոշումը, ապա քրեական գործ կհարուցվի

ԴԱՀԿ ծառայության աշխատակիցներից մեկը երեկ այցելել է «Հրապարակ» օրաթերթի խմբագրություն եւ հայտարարել, թե 3 մլն դրամի չափով արգելանք է դրվում «Հրապարակ» օրաթերթ ՍՊԸ-ին պատկանող գույքի վրա, ինչպես նաեւ «արգելել «Հրապարակ» օրաթերթ ՍՊ ընկերությանը սույն քաղաքացիական գործով առկա վեճի հետ կապված որեւէ տեղեկատվության տարածումը` մինչեւ գործով վերջնական ակտ կայացնելը»:

Խմբագրությունում նույնիսկ չգիտեն, թե խոսքը որ քաղաքացիական գործի մասին է, ով է իրենց դատի տվել, ինչի համար եւ ինչ է պահանջում:

Օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ դատարանից չի ստացել Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանի որոշումը` գույքի վրա արգելանք դնելու եւ տեղեկատվություն տարածելու իրավունքից զրկելու մասին: «Նախ, մենք չգիտենք, թե ինչ վեճի մասին է խոսքը: Հայցադիմումը չեմ ստացել, դատավորի որոշումը չեմ ստացել, միանգամից մտնում է ԴԱՀԿ կատարողը եւ ասում, որ ձեր հետ կապված բան եմ բերել, պիտի ստորագրեք եւ արգելանք դնեմ ձեր գույքի եւ իրավունքի վրա»,-ասում է Արմինե Օհանյանը:

Խմբագրությունում միայն ենթադրում են, թե ով կարող է իրենց դատի տալ: Խոսքը Դատական դեպարտամենտի ղեկավար Միսակ Մարտիրոսյանի մասին է: Օրաթերթը վերջերս հրապարակել էր մի նամակ, ըստ  որի` դատական դեպարտամենտի մի խումբ աշխատակիցներ գրել են, թե դեպարտամենտում ինչ է կատարվում, եւ բողոքում են Վճռաբեկ դատարանի նախագահից ու դեպարտամենտի ղեկավարից: Այդ նամակը ուղարկվել է դատախազություն եւ արդարադատության նախարարություն: Գլխավոր դատախազն էլ այն մակագրել եւ ուղարկել է Ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի 6-րդ վարչություն, քանի որ նամակի բովանդակության մեջ առկա են եղել հանցակազմի տարրեր եւ հիմա քննություն է ընթանում: «Հրապարակի» ձեռքում է հայտնվել այդ նամակը, եւ այն ներկայացրել են ընթերցողներին:

Նամակում մասնավորապես ասված է. «Դատական դեպարտամենտի ղեկավար Միսակ Մարտիրոսյանի ղեկավարությամբ եւ Արման Մկրտումյանի բարձր հովանու ներքո համակարգը գնում է վերջնական կործանման: Այն, ինչ այսօր կատարվում է Դատական դեպարտամենտում, ավելի շատ նման է տոտալիտար ռեժիմով աշխատող մի կառույցի, որն անմիջականորեն ղեկավարում է նախկինում դատախազությունից կաշառակերության համար հեռացված Միսակ Մարտիրոսյանը: Մարտիրոսյանի ղեկավարության ժամանակ դատական ծառայողները դեպարտամենտի անունը դրեցին «միսակնոց», քանի որ սույն հիմնարկում ամեն ինչ միայն ինքն է որոշում»,-ասվում է «Հրապարակ»-ում հրապարակված նամակում:

«Հարցնում եմ ԴԱՀԿ աշխատակցին, թե ի՞նչ է նշանակում տեղեկատվության տարածման արգելքը, ասում է` դե հոդվածներ չպիտի տպեք: Հարցնում եմ` իսկ կարո՞ղ եմ ասուլիս, հարցազրույց տալ, պատասխանում է` երեւի չէ: Իհարկե, ճիշտ է ասում, որովհետեւ դատավորն անորոշ է որոշումը գրել,-ասում է «Հրապարակի» խմբագիրը եւ ավելացնում,-ուրեմն այդ ամբողջ համակարգում մի գրագետ մարդ չկա՞ր, որ դատավորին ասեր Սահմանադրությանը դեմ բան ես անում: Տեղեկատվության տարածման իրավունքը Սահմանադրությունն է որոշում, ոչ թե հարգելի դատավորը»:

Արմինե Օհանյանը ԴԱՀԿ-ի աշխատակցից նաեւ հետաքրքրվել է, թե ի՞նչ է սպառնում իրեն, եթե որոշումը չկատարի: Վերջինս պատասխանել է, թե «ԴԱՀԿ-ի մասին» օրենքը փոխվել է, խստացվել է, եւ չկատարելու դեպքում քրեական գործ են հարուցում, որը նախատեսում է մինչեւ 2 տարվա ազատազրկում: «Պատկերացնու՞մ եք, եթե հիմա այդ թեմայի շուրջ մեկ նյութ տպեմ, կարող է քրեական գործ հարուցեն ու ինձ ազատազրկեն»:

Արմինե Օհանյանի ասելով` հայցը դատարան է ուղարկվել օգոստոսի 31-ին, դատարանը հայցն ընդունել է վարույթ և անմիջապես արգելանքի որոշում կայացրել: Հայցվոր կողմը չի սպասել, որ դատավորի որոշումը պաշտոնական ընթացակարգով հասնի ԴԱՀԿ-ին: Նա անմիջապես դիմել է դատարան, վերցրել է որոշումն ու տարել է ԴԱՀԿ: «Փոստային ծառայությունը դեռ չի հասցրել ինձ հայցադիմումը հասցնել, ԴԱՀԿ-ն արդեն կատարողական վարույթ է հարուցել»,-ասում է խմբագիրը:

Խմբագիրն ասաց, որ կատարելու է դատարանի որոշումը, քանի որ այն չկատարելու համար կամ պետք է թողնել այս երկրից գնալ, կամ էլ «բեսպրեդելի»  մեջ գործել: «Լավ, ես վեճի հետ կապված չեմ խոսի, Դատական դեպարտամենտի, նրա ղեկավարի մասին նյութ չեմ գրի: Բայց հո ինձ չեն արգելել դատավորի ապօրին որոշման մասին խոսել կամ քրեադատավարական խախտումների մասին չհրապարակել: Ի վերջո, ինձ են արգելել, հո բոլոր լրատվամիջոցներին չե՞ն արգելել, նրանք հրապարակելու են, չէ՞: Իմ բերանը փակեցին, բա մնացած թերթերի՞նը:  Դատավորը պետք է միանգամից որոշում կայացներ, որ այս թեմայով մամուլին ընդհանրապես արգելում է հրապարակումներով հանդես գալ, միակ ձեւը դա կլիներ»:

«Հետքը» որոշում կայացրած դատավոր Կարինե Պետրոսյանից հետաքրքրվեց, թե ինչու է ԴԱՀԿ-ն վարույթ հարուցել առանց դատավորի որոշումը «Հրապարակին» ուղարկելու, եւ ինչու հայցադիմումը պատասխանող կողմը չի ստացել, որ հասկանա, թե որն է վեճի առարկան:

«Ընդամենը պետք է տիրապետել քաղաքացիական դատավարության 95-րդ հոդվածին, այլ հարցի չեմ պատասխանի: Իմ բացատրությունը տալիս եմ իմ որոշումներով, դրանից բացի այլ բան չեմ կարող ասել»,-ասաց դատավոր Պետրոսյանն ու անջատեց հեռախոսը:

Դատավորի հիշատակած հոդվածը բոլորովին այլ բովանդակություն ունի եւ չի վերաբերում մեր հարցին: Նշված հոդվածը կարգավորում է, թե պատասխանողը ինչ ժամկետներում եւ կարգով պետք է հայցադիմումի պատասխան ներկայացնի: Քանի, որ պատասխանողը հայցադիմում չի ստացել, դրան պատասխանելու մասին խոսելն ավելորդ է:

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն իր որոշումներում այլ բան է ասում

««Օբզերվերը և Գարդիանն» ընդեմ Միացյալ Թագավորության» գործով Եվրոպական դատարանը գտել է, որ նախնական արգելքների հետ կապված վտանգներն այնպիսին են, որ դրանք պետք է մանրակրկիտ ուսումնասիրության ենթարկվեն դատարանի կողմից, մասնավորապես մամուլի պարագայում, քանի որ նորությունները «շուտ փչացող ապրանք» են, եւ նույնիսկ շատ կարճ ժամանակահատվածով դրանց հրապարակումն ուշացնելը կարող է արժեզրկել նորությունը:   

Եթե գույքը արգելանքի տակ դնելու դատարանի որոշումը միանշանակ ընկալելի է, ապա նույնը չի կարելի ասել տեղեկատվություն տարածելու արգելքի մասին:

Հետեւաբար, այս առումով Կարինե Պետրոսյանի որոշումը` թերթին զրկել տեղեկատվություն տարածելու իրավունքից, շատ ընդհանրական է եւ կարող է տարբեր կիրառություն ունենալ, ինչը, ի վերջո, կարող է խոչընդոտել խոսքի ազատության իրավունքի իրացմանը:

ՄԻԵԴ-ի մեկ այլ որոշումով էլ` « «Sunday Times»-ն ընդդեմ Միացյալ Թագավորության» (1979, Application No. 6538/74), ասվում է, որ ՄԻԵԴ անդամ պետություններին վերապահվում է հայեցողության լուսանցք՝ որոշելու, թե արդյոք արտահայտվելու ազատության սահմանափակումներն անհրաժե՞շտ են: Այդ հայեցողության շրջանակը տարբեր է՝ կախված հետապնդվող նպատակից. առավել լայն հայեցողություն է տրվում բարոյականության պաշտպանության համար անհրաժեշտ սահմանափակումների հարցում եւ ավելի քիչ՝ «դատական իշխանության հեղինակության՝ շատ ավելի օբյեկտիվ հասկացության հարցում»:

Բացի այդ, ՄԻԵԴ-ը նշում է. «Դատական իշխանության հեղինակություն» արտահայտությունը ներառում է, մասնավորապես, այն, որ դատարաններն են հանդիսանում իրավունքների եւ պարտականությունների ճանաչման եւ դրանց վերաբերյալ վեճերի լուծման պատշաճ ֆորումը եւ որպես այդպիսին՝ ընկալվում հանրության կողմից: Ի լրումն սրա՝ լայն հանրությունը պետք է ունենա հարգանք եւ վստահություն այդ գործառույթն իրականացնելու՝ դատարանի կարողության նկատմամբ»:

ՄԻԵԴ-ը համարել է, որ արգելքը սահմանվում է հետեւյալ հիմքերով.

-         անփութության հարցը «նախորոշելով»՝ հոդվածը կհանգեցներ օրենքի գործընթացների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի կամ հանդես կգար որպես միջամտություն արդարադատության իրականացմանը,

-         հոդվածն այնպիսին էր, որ դրանով ընկերության շուրջ կծավալվեր հանրային խիստ նախապաշարված քննարկում գործի կոնկրետ հանգամանքների համատեքստում, իսկ նման քննարկման դեմ առարկությունն այն կլիներ, որ այն կխոչընդոտեր հայցվորների՝ դատարանին ապավինելու իրավունքի իրականացմանը,

-         հոդվածի պատճառով ընկերության վրա կգործադրվեր մեծ ճնշում եւ դատավարության ժամանակ քննվող հարցերի վերաբերյալ կանխակալ կարծիք  կձեւավորվեր, իսկ արհամարհանքի մասին օրենքի իմաստը դատարան դիմելու գործում որեւէ միջամտության կանխումն է,

-         մամուլի կողմից կանխակալ կարծիքի ձեւավորումն անխուսափելիորեն կհանգեցներ կողմերի արձագանքներին, ինչի պատճառով կձեւավորվեր «թերթերի կողմից իրականացվող արդարադատության» վտանգը, ինչն անհամատեղելի է արդարադատության պատշաճ իրականացման հետ, եւ

-         դատարանները պարտավոր են պաշտպանել կողմերին կանխակալ կարծիքի նախապաշարմունքներից, ինչը ներառում է պաշտպանություն մինչդատական հրապարակայնությունից:

Մեկնաբանություններ (5)

Վահագն
Չեմ իմանում ով եք դուք, բայց ես Ձեզ նկատի չունեի: Այլ վրիպակը թույլ տվեցի Էդիկ Բաղդասարյանի անուն ազգանունը գրելուց, մեխանիկական սխալ էր, ինչի համար հայտնեցի իմ ներողամտությունը: Ինչ որ մի տեղ ես համամիտ եմ, որ նման քայլեր են ձեռնարկվում ԶԼՄ-ի դեմ, քանի որ ինչ որ առումով զսպում է ԶԼՄ-ին, բայց սխալ է նաև, եթե դրանք պարբերաբար կամ երկարատև լինեն: Ընդ որում, դուք լրագրողներդ դրանում մեծ մեղքի բաժին ունեք, վերաբերվում եք ոնց ուզում եք, առանց մասնագիտական լուրջ վերլուծությունների: Գրում հետո քա... ն եք ընկնում, սկսում դրա դեմ միջոցներ առնել: Հենց սկզբից պետք է ամեն ինչ ապահովագրել ու օրենքի տեսակետից մաքրագործել, որ հետագայում նման խնդիրներ չլինի: Չգիտեմ` ինչու, համարյա թե բոլոր դեպքերում ԶԼՄ-ները իրավաբաններ չեն ունենում, կամ խուսափում են նրանց հետ ավելորդ անգամ քննարկելուց այս կամ այն դեպքի հետ կապված: Դա անում են ջանասիրաբար, երբ արդեն գործ է հարուցված լինում ու սկսում ձենները գլուխները գցել:
Լեւոն Բարսեղյան
Էդ Բարսեղյանը ես եմ երեւի:)) Հիմա, որ թերթում մեկ այլ թերթ բացվի, ասենք «Հրապարակ+», կամ «Ազատության հրապարակ» ու տպվի այն ամենն ինչ դատավորը իր հանճարեղ վճռով գրելէ թե չպիտի հրապարակվի, ի՞նչ են անելու դատարանը, հայցվորը եւ նրանց համակիրները:)
Vahagn
Դատարանի վրա նման պարտականություն չի սահմանված հայցի ապահովման որոշումը ուղարկի պատասխանողին: Այն եթե ուղարկվի պատասխանողին, պատասխանողն արհեստականորեն խոչընդոտներ կհարուցի այդ որոշումը կատարելուց: Դրա տրամաբանությունը կվերանար: Այն ուղարկվումէ ԴԱՀԿ կամ դատարանի կողմից կամ հենց հայցվորի /այսինքն այն անձին, որը միջնորդություն է արել հայցի ապահովում կիրառելու/ կողմից: Այդ որոշմանը մյուս կողմը կարող է ծանութանալ կամ կատարողական վարույթում կամ դատարանում: Իսկ ինչ վերաբերում է հայցադիմումը վարույթ ընդունելու որոշմանը, ապա այն կուղարկվի, երբ ԴԱՀԿ-ը կկատարի հայցի ապահովման որոշումը և այդ մասին կծանուցի կողմերին և դատարանին: Սա էլ ՀՀ քաղդատօրի 93 հոդվածի պահանջին համապատասխան է: Ես հոդվածը ուշադիր եմ կարդացել, ուղղակի դուք չհասկացաք իմ գրածը: Անընդհատ անորոշաբար ասում եք որոշում, որոշում, համապատասխան որոշում: որոշումները անուններ ունեն: Կոնրետացրեք, որ որոշման մասին է խոսքը?
Վահագն
Ներողություն, վրիպակ էր .
Էդիկ Բաղդասարյան
Վահագնին Դա Հրապարակի խմբագիր Արմինե Օհանյանի խոսքն է, մեջբերում է հոդվածից: Ուշադիր կարդացեք հոդվածը: Ազգանունս Բաղդասարյան է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter