HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Երեւանի հետեւից գալիս ենք»

17-12_B-HarutyunyanԳեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակչության մոտ 30 տոկոսը ամեն տարի  աշխատանք գտնելու համար մեկնում է արտերկիր: Քաղաքում փոքր ձեռնարկություններ կան, բայց դրանք քաղաքացիներին հիմնական աշխատանքով չեն ապահովվում: Մարտունեցիների մի մասն էլ իր աշխատանքը գտնում է գյուղատնտեսական ոլորտում: Սակայն, գյուղատնտեսությամբ զբաղվելու համար էլ եղանակային պայմանները բարենպաստ չեն: Քաղաքի արոտավայրերն ու հողատարածքները գտնվում են ծովի մակերեւույթից 2300-2500 մետր բարձրության վրա` սարերում: Այդ տարածքում ձմեռը սկսվում է հոկտեմբերի վերջին, իսկ գարունը բացվում է հունիսի կեսերից: Քանի որ Մարտունիում մարդիկ հիմնականում կարտոֆիլ են մշակում, այդ կարճ ժամանակահատվածում կարտոֆիլի կեղեւը չի հաստանում եւ ձմռանը երկար չի պահվում: ««Փարոսը» մարդկանց պորտաբույծ է սարքում: Մտածում են` ավելի լավ է տունը նստած 25 000 դրամ ստանամ, քան գնամ աշխատեմ: Այսօր պետությունը հնարավորություն է տվել մարդուն, որ մի քիչ իր ուղեղն աշխատացնի ու ստեղծագործի: Բա ուրիշները ո՞նց են կարողանում մի բանի հասնել: Մարդ կա` ոչ լավ է սովորել, ոչ ինստիտուտ է սովորել, բայց մի օր էլ ընենց ցեխ է դնում` մարդ զարմանում է: Մարդ կա` վարկ է վերցնում իրան ավտո է առնում, մարդ էլ կա` բիզնեսի մեջ է ներդնում ու եկամուտներ է ունենում»,-մեզ հետ զրույցում ասաց Մարտունու քաղաքապետ Բագրատ Հարությունյանը: «Մարտունիում երիտասարդներն ինչով են զբաղվում եւ ի՞նչ զվարճանքի վայրեր կան»,-հետաքրքրվեցինք քաղաքապետից: Բ. Հարությունյանի ասելով` այն երիտասարդներն, ովքեր խելք ունեն եւ կրթություն, կարողանում են աշխատանք գտնել: «Վերջին 3 տարվա ընթացքում ահագին ռեստորանային համալիրներ, սրճարաններ ենք կառուցել: Մարդիկ արդեն հարսանիքներն իրենց տանը չեն անում: Ինչպես Երեւանում, այնպես էլ Մարտունիում հարսանյաց սրահներում են անում: Մենք այդքան էլ հետ չենք մնացել մայրաքաղաքից` Երեւանի հետեւից գալիս ենք»,-ասաց քաղաքապետը: Թեեւ նա նշեց, որ Երեւանի հետեւից գալիս են, սակայն քաղաքում գրեթե անցուդարձ չկար: Նախատոնական տրամադրությունը զգացվում էր միայն քաղաքի մշակույթի տան գլխամասում փակցված եղեւնու ճյուղերից: Այն, որ մարդիկ աշխատանք չունեն կամ վատ են ապրում Բ. Հարությունյանը դրանում մեղավոր ճանաչեց հենց այդ մարդկանց: «Հասարակ բան եմ ասում: Մի քանի տարի առաջ մեր քաղաքում թաղումների ժամանակ սեղանին ամեն ինչ դնում էին, իր ճոխությամբ հարսանիքի սեղանից անցնում էր: Բայց հավաքեցի քաղաքի բոլոր մեծերին` մոտ 100 հոգու ու սկսեցինք այդ հարցը քննարկել: Առաջ 25 անուն ուտելիք էին դնում սեղանին, որոշեցի, որ պետք է դրվի 7 անուն ուտելիք: Եթե մեկի ծնողը մահանում էր, տղեն գնում, բանկից փող էր վերցնում, տունն էլ գրավ էր դնում, որ ծնողին թաղեր: Տեսեք դրանում հենց իրենք էին մեղավոր»,- նշեց քաղաքապետը: Եթե մի քանի տարի առաջ ննջեցյալի տուն գնալու համար 1000 դրամ էին տալիս, ապա քաղաքապետի միջամտությամբ այժմ տղամարդիկ 300 դրամ են տալիս, իսկ կանայք` 500: «Ամեն մի ննջեցյալի տան համար 4000 դոլարի օգուտ եմ ես տվել: Այսօր մարդը պետք է մի գործ անելուց առաջ լավ մտածի նոր անի, գնա խորհուրդ հարցնի»,- ասաց Բագրատ Հարությունյանը: Մարտունու քաղաքապետն ասաց, որ ինքը չի նախանձում հարուստ մարդկանց, որովհետեւ իրենց աշխատասիրությամբ են դրան հասել: «Ես չգիտեմ, երեւի կլինեն մարդիկ, ովքեր գողանալով են հարստացել, բայց ես չեմ ճանաչում նման մեկին, որ հալի է հասել: Ես չեմ կարող ջիփ առնել, ինչի՞ ուրիշի ջիփին նախանձեմ: Կաշխատեմ, ես էլ կառնեմ: Պետք է այդ դեպքում աշխատեմ, ուղեղս աշխատացնեմ: Մեր պետության հնարավարությունները շատ չեն: Մենք չենք կարող մեր երկրի նախագահին ասենք` էնպիսի բան արա, որ մեր քնած ժամանակ մի հավ գա ու ոսկե ձու ածի մեզ համար»,- ավելացրեց Մարտունու քաղաքապետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter