Լորդերի պալատում Հայոց ցեղասպանության մասին զեկույց է ներկայացվել
Դեկտեմբերի 14-ին Միացյալ Թագավորության Լորդերի պալատում ներկայացվել է հայտնի իրավաբան Ջեֆրի Ռոբերթսոնի «Արդյոք եղել է Հայոց Ցեղասպանությունը» զեկույցը (իրավական կարծիքը):
Արտաքին գործերի նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ` հանդիպումը կազմակերպել էին Բրիտահայկական համակուսակցական խորհրդարանական խումբը, Իրավական նախաձեռնության հայկական խումբը, Ուելսի միջազգային հարաբերությունների կենտրոնը եւ Նոր Սերունդ հրատարակչությունը: Հանդիպմանը մասնակցել են ներկայացուցիչներ ՄԹ խորհրդարանից, Ֆորին Օֆիսից, մի շարք միջազգային եւ տեղական հասարակական կազմակերպություններից, հայ համայնքից, ինչպես նաեւ Լոնդոնի Հոլոքոսթի հիշատակի խորհրդից:
Հանդիպումը բացել է Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Վահե Գաբրիելյանը, ով մեծապես կարեւորել է Ջեֆրի Ռոբերթսոնի նման հեղինակավոր իրավաբանի կողմից Հայոց Ցեղասպանությանն անդրադառնալու հանգամանքը եւ նրա պատրաստած զեկույցում արտացոլված հստակ իրավական գնահատականների ու անժխտելի որակումների փաստը: Դեսպան Գաբրիելյանը Միացյալ Թագավորության նման երկրում Հայոց ցեղասպանության չճանաչումը համարել է անհասկանալի եւ վստահություն է հայտնել, որ այս զեկույցը կարեւոր դեր կունենա այս իրավիճակը շտկելու գործում: Դեսպանը մասնավորապես անդրադարձել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացի պարագայում Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման վերաբերյալ կառավարության անփոփոխ դիրքորոշմանը:
Զեկույցի հեղինակ Ջեֆրի Ռոբերթսոնը հավաքվածներին ներկայացրել է իր զեկույցի նախապատմությունը, ինչպես նաեւ զեկույցում տեղ գտած հիմնական շեշտադրումները: Նա նշել է, որ համաձայնել է Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ մասնագիտական իրավական զեկույց պատրաստել միայն այն պայմանով, որ դրանում տեղ են գտնելու ՄԹ կառավարության (հիմնականում արտաքին քաղաքական գերատեսչության) արխիվային փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում իր իսկ կողմից հայտնաբերված փաստերը եւ սեփական դատողությունները, եւ դրանց ներկայացման հարցում նա պետք է ունենար լիակատար անկախություն:
Ռոբերթսոնը շեշտել է, որ նախկինում որեւէ կերպով չի առնչվել ո’չ հայկական, ո’չ թուրքական խնդիրներին եւ զերծ է ավելորդ հուզականությունից` այդպիսով իսկ լինելով անկողմնակալ եւ կարեւորելով խնդրի բացառապես իրավական կողմը: Իր խոսքում «Թագուհու խորհրդականի» տիտղոս ունեցող եւ մարդկության դեմ հանցանքների իրավական հարցերի հեղինակավոր մասնագետի համբավ ունեցող Ռոբերթսոնը մեկ անգամ եւս ՄԹ կառավարությանը մեղադրել է Հայոց Ցեղասպանության ժխտողականության համար բավարար փաստեր չունենալու, ինչպես նաեւ բրիտանական հանրությանը մտածված մոլորության մեջ գցելու մեջ:
Նա նշել է, որ եթե այն դեպքերը, որոնք տեղի ունեցան Օսմանյան կայսրությունում 1915-1916թթ. կատարվեին այսօր, ամբողջ քաղաքակիրթ աշխարհը դրանք կորակեր որպես Ցեղասպանություն, քանի որ այդ երեւույթի բոլոր բնորոշումները հստակ արտացոլված են Ցեղասպանության կանխարգելման ՄԱԿ կոնվենցիայում: Նա ավելացրել է, որ 20-րդ դարի առաջին Ցեղասպանության փաստը մերժելու համար ՄԹ կառավարությունր երբեք չի ունեցել եւ հիմա էլ չունի որեւէ իրավական հիմք «եւ այդ ժխտողականությունը պայմանավորված է բացառապես քաղաքական, առեւտրական եւ ռազմավարական նկատառումներով:
Նա հավաքվածներին ներկայացրել է նաեւ ՄԹ Ֆորին Օֆիսի արխիվային մի քանի նյութեր, որոնցում հստակ երեւում է ՄԹ խորհրդարանին ապակողմնորոշելու քաղաքականությունը: Ջ. Ռոբերթսոնը քննադատել է նաեւ ՄԹ խորհրդարանին, որը տասնամյակներ շարունակ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը` հիմնվելով Ֆորին օֆիսի անհիմն կարծիքի վրա եւ երբեք բավարար հետեւողականություն չի ցուցաբերել նույն Ֆորին օֆիսից` ժխտողականությունը իրավական տեսանկյունից հիմնավորող փաստերի պահանջման հարցում:
Ջեֆրի Ռոբերթսոնի հետ հանդիպումն ավարտվել է հարցուպատասխանով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել