ՌԱՀՀԿ-ը քննարկել է Հայաստանի կապի ազգային ցանցի կենսունակության ապահովման խնդիրը
Այսօր Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) տեղի է ունեցել Հայաստանի կապի ազգային ցանցի կենսունակության եւ տեղեկատվական անվտանգության ապահովման հիմնախնդիրներին նվիրված սեմինար-քննարկում: ՌԱՀՀԿ մամլո ծառայության փոխանցմամբ` հրավիրված են եղել խնդրին փորձագիտական մակարդակով տիրապետող անձինք, Անվտանգության խորհրդի, պաշտպանության եւ ազգային անվտանգության ոլորտների մասնագետներ, քաղաքական գործիչներ:
ՌԱՀՀԿ վարչական տնօրեն, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Կարապետ Կալենչյանը բացման խոսքում ընդգծել է հիմնախնդրի հրատապությունը` տեղեկացնելով, որ վերջին շրջանում ՌԱՀՀԿ-ը բազմիցս անդրադարձել է Հայաստանի տեղեկատվական անվտանգության հարցերին:
Ներկայացնելով հիմնական զեկուցողին` տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Կարեն Մաթեւոսյանին, Կալենչյանը հիշեցրել է, որ դեռեւս Խորհրդային միության ժամանակ` մասնավորաբար 70-ական թվականներին, Հայաստանն առաջին երկիրն էր, որը Երեւան քաղաքում մշակեց, կառուցեց եւ ներդրեց միջքաղաքային ավտոմատ հեռագրական կոմուտացիոն կենտրոնը` օգտագործելով այն ժամանակ Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի կողմից թողարկվող` ԵՍ-1030 եւ ԵՍ-1045 մակնիշի համակարգիչները:
«Այդ կոմուտացիոն կենտրոնների հեղինակը Կարեն Մաթեւոսյանն էր, որը փոքրաթիվ իր անձնակազմով կարողացավ կենտրոնական կապի ինստիտուտի Երեւանի մասնաճյուղի սահմաններում ներդնել եւ ծածկույթի տակ առնել Խորհրդային միության գրեթե ամբողջ տարածքը: Այժմ Մաթեւոսյանը մեզ առաջարկում է նոր գաղափար` կապված Հայաստանի տեղեկատվական ցանցի անվտանգ աշխատանքի հետ»,- նշել է Կալենչյանը:
Իր զեկուցման մեջ Մաթեւոսյանը կարեւորել է արտաքին ազդեցությունների պայմաններում տեղեկատվական եւ համակարգչային ցանցերի կենսունակության ապահովումը եւ ներկայացրել խնդրի լուծման սեփական եղանակները:
«Ներկայացված մեթոդների իրականացումը երկրի կտրվածքով կապահովի ազգային ցանցերի գործունեության հուսալիությունը, տեղեկատվական անվտանգությունը եւ կենսունակությունը, սակայն Հայաստանի համար չափազանց կարեւոր այս խնդիրը հնարավոր չէ լուծել միայն շուկայական մեխանիզմների միջոցներով»,- շեշտել է նա` հավելելով, որ դրական արդյունք կարելի է ստանալ արդեն 3-4 տարվա ընթացքում, եթե պետությունն ակտիվորեն ստանձնի ոլորտի համակարգման եւ բոլոր մասնակիցների համագործակցության ու հարաբերությունների կարգավորման գործառույթը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել