«Էյ-Սի-ՓԻ-ն սիրում է ամենուր իր փիառն անել, որ եթե ինքը չլինի, կմեռնենք...»
«Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի «Հաղորդակցություն առանց սահմանների» ծրագրերի շրջանակներում այսօր Ալավերդու Ս./Սարահարթ թաղամասի մշակույթի պալատի գրադարանում տեղին ունեցավ Ալավերդի քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարների մասին քննարկում, որը ղեկավարում էր Ալավերդու քաղաքապետի տեղակալ Արտավազդ Վարոսյանը:
Սա «Հաղորդակցություն առանց սահմանների» ծրագրի շրջանակներում 2-րդ քննարկումն է: «Առաջինը եղել է Ալավերդու բնապահպանական հիմնախնդիրների շուրջ»,- քննարկման մասնակիցներին տեղեկացրեց Արտավազդ Վարոսյանը:
Նա իր խոսքի նախաբանում շեշտեց, որ Ալավերդին որպես քաղաք ձևավորվել է պղնձագործության շուրջ. «Բայց վերջին տարիների իրադարձությունները ցույց տվեցին, որ տնտեսության կախվածությունը զուտ մեկ ձեռնարկության գործունեությունից, հաջողություններից կամ անհաջողություններից շատ խոցելի է լինում և տնտեսական ռիսկը մեծանում է: Տնտեսական ճգնաժամի արդյունքում Ալավերդին կորցրեց 300 աշխատատեղ»,- ասաց պրն Վարոսյանը:
Այս առումով քաղաքապետի տեղակալը գտնում է, որ քաղաքի աշխատանքային շուկայում պետք է «Էյ-Սի-Փի» ընկերությանը հակադրվի տնտեսության այլընտրանքային ճյուղ: Քննարկումից առաջ պրն Վարոսյանը նախ առաջարկեց քաղաքի աշխատուժի զբաղվածության մասին լսել Ալավերդի քաղաքի զբաղվածության կենտրոնի տնօրեն Նունե Անտաշյանի տեղեկատվությունը:
Վերջինս հայտնեց. «Մենք 2007 թ.-ին ունեցել ենք 1651, 2008 թ.-ին 1862, 2009 թ.-ին 1698 աշխատանք փնտրող քաղաքացիներ: Կարելի է ասել` այստեղ մեծ տատանումներ չենք ունեցել: 2009 թ.-ի դրությամբ գործազուրկների թիվը կազմել է 1389»:
Ալավերդու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի կարծիքով` զբավածության կենտրոնի ղեկավարի կողմից ներկայացված թվերում տատանումներ չեն նկատվել, որովհետև քաղաքի գործազուրկների մեծ մասը չեն գրանցվում զբաղվածության կենտրոնում` նպաստ ստանալու պատճառով: Նունե Անտաշյանն առարկեց, հակադարձելով, որ զբաղվածության կենտրոնի գործազուրկներին վճարվող նպաստների քանակը ավելացել է, արդեն զբաղվածության կենտրոնում գրանցվում են բոլոր աշխատանք որոնողներն ու գործազուրկները:
«Մենք հիմնականում մեր ուշադրությունը կենտրոնացնում ենք «Էյ-Սի-Փի» ընկերության վրա և հիմնականում տղամարդկանց զբաղվածության խնդրի մասին ենք խոսում, բայց Ալավերդիում լուրջ հիմնախնդիր է կանանց զբաղվածության հարցը: Մենք ունենք հաշվառված կանանց շուրջ 70 տոկոս, որոնք այսօր աշխատանք են որոնում և մենք չենք կարողանում նրանց աշխատանքով ապահովել:
Մենք ունենք «Վարձատրվող հասարակական աշխատանքների» ծրագիր, որն իրականացվում է համայնքապետարանների կողմից և հիմնականում ընդգրկվում են տղամարդիկ: Դրանք այնպիսի աշխատանքներ են, որտեղ կանայք դժվարությամբ են գնում աշխատելու: Մեզ մոտ ամենասուր խնդիրը կանանց աշխատանքի տեղավորելու խնդիրն է»,- հայտնեց Նունե Անտաշյանը:
Զբաղվածության կենտրոնի տնօրենը նշեց, որ վերջերս եղել է Գյումրիում, ուսումնասիրել է այնտեղի աշխատանքային շուկան և նկատել, որ Գյումրիում հիմնականում աշխատատեղեր ստեղծվում են կանանց համար, փորձում են զարգացնել թեթև արդյունաբերությունը. «Իսկ Ալավերդիում այս ուղղությամբ ընդհանրապես որևէ քայլ չի կատարվում ո´չ զբաղվածության կենտրոնի, ո´չ էլ համայնքապետարանների կողմից»:
«Եթե 2007 թ.-ին մենք կարողացել ենք աշխատանքի տեղավորել 94 մարդ, ապա 2008 թ.-ին տեղավորել ենք 160, 2009 թ.-ին` այսօրվա դրությամբ, աշխատանքի ենք տեղավորել 162 մարդ: Վերջինիս մեջ «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրի ժամանակավոր աշխատանքի տեղավորված մարդիկ չեն մտնում»:
Զբաղվածության կենտրոնի ղեկավարի տեղեկատվությունից հետո քննարկման մասնակիցներն անցած քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարների քննարկմանը: Ալավերդու «Բետանետ» ընկերության ղեկավար Սամվել Բեկթաշյանի կարծիքով` որքան էլ տուրիզմի զարգացման մասին խոսեն, մեկ է` քաղաքի արդյունաբերության զարգացումը չպետք է անտեսել:
Կանանց աշխատուժը տեղավորելու համար մենք առաջարկեցինք քաղաքում ստեղծել կարի և տեքստիլ արտադրություն:
«Բայց իրացման շուկան այդ ճյուղերի համար կոնկրետ Հայաստանում շատ փոքր ա: Այստեղ ես գտնում եմ, որ մեծ ընկերությունները, օրինակ, «Էյ-Սի-Փի»-ն պետք է փորձի օգնել փոքր ձեռնարկություններին: Օրինակ, ենթադրենք` քաղաքացի Պողոս Պողոսյանը ձեռնոց է արտադրում, ես, օրինակ՝ կասկածում եմ, որ կոնկրետ «Էյ-Սի-Փի»-ին բանվորական ձեռնոցներ կգնի Պողոս Պողոսյանից: Դեպք եղել է «Մանես» գործարան ենք ունեցել Ալավերդիում, որը արտադրել է կաթնամթերք, մի որոշակի ժամանակ, շատ դժվար լոբբինգի արդյունքում «Մանեսն» է սկսել «Էյ-Սի-Փի»-ին թթվասեր տալ, բայց հետո խնդիր է եղել, «Էյ-Սի-Փի»-ն փողերն ուշացրել է և այլն, մի խոսքով` փակվել է այդ ընկերությունը, որտեղ կային որոշակի թվաքանակով աշխատող մարդիկ: Կոնկրետ մեր «Բետանետ» ընկերությունը դիմել է, որ մենք փոքր ընկերություն ենք, Ձեզ ինտերնետային կապ մատակարարենք, ինչ-ինչ պատճառներով «Էյ-Սի-Փի»-ին մերժել է: Այսինքն` մինչև «Էյ-Սի-Փի»-ին փոքրերին օգնելու գործառույթը չվերցնի իր վրա, ցանկացած ոլորտի հետ կապված, Ալավերդիում դժվար է լինելու: Ես «Էյ-Սի-Փի»-ի լավ կողմը Ալավերդիում էդ եմ տեսնում»,- ասաց Սամվել Բեկթաշյանը:
«Էյ-Սի-Փի» ընկերության մետալուրգիական արտադրամասի պետ, Ալավերդու ավագանու անդամ Մերուժան Աբելյանը անմիջապես պաշտպանեց հայրենի ձեռնարկության շահերը. «Սա շուկայական տնտեսական համակարգ է, եթե Դուք Ձեր ծառայությունը առաջարկում եք շուկայից բարձր գներով, տրամաբանորեն մեր ընկերությունը չի կարող Ձեր ծառայությունից օգտվել»:
«Ես կասկածում եմ` Ռուսաստանից բերվող ձեռնոցներն իր տրանսպորտային ծախսերով ավելի էժան կլինի, քան Ալավերդու գազի զոնայի որևէ շենքի պադվալում կարված ձեռնոցը: Դուք հիմա կասեք որակը, ճիշտ ա, որակի ապահովման համար ընդհանրապես Ալավերդիում որակյալ կրթության խնդիր կա, ու Հայաստանում կա էդ խնդիրը, դուք կարող եք պատրաստել լավ կարող բանվորներ: Սա մի մասնավոր խնդիր է: Սակայն մենք ո՞նց ենք տեսնում էս խնդրի լուծումը»,- հարցրեց «Բետանետի» ղեկավարը:
««Էյ-Սի- Փի»-ն քաղաք կազմավորող ձեռնարկություն ա, և ծառայությունների գնումների ժամանակ ընկերությունը պարտավոր է առավալությունը տալ Ալավերդու փոքր ձեռնարկությունների ծառայություններին»,- ասաց Արտավազդ Վարոսյանը:
«Էյ-Սի-ՓԻ»-ն սիրում է ամենուր իր փիառն անել, որ եթե «Էյ-Սի-Փի»-ն չլինի, կմեռնենք, չաջակցի, կխեղդվենք: Տենց չի: Պատմությունը ցույց է տվել, որ տենց չի, եկեք այնպես չանենք, որ «Էյ-Սի-Փի»-ն բոլորին շատ լավություն է անում: Ընկերությունը շատ կարևոր է Ալավերդու համար, բայց նա չպետք է շատ կախվածություն ստեղծի իրանից:
«Էյ-Սի-Փի»-ն պոտենցիալ հնարավորություններ ունի իր հետ զարգացնել և առաջ տանել նաև քաղաքի այլ ձեռնարկությունների, որը նա չի անում»,- կրկին նշեց Սամվել Բեկթաշյանը:
Ավագանու անդամ Կարեն Սիմոնյանը գտնում է, որ եթե «Էյ-Սի-Փի» -ն իրեն պատկանող հյուրանոցը վերականգնի, թող էլի իրանը լինի, բայց մարդիկ այնտեղ կաշխատեն, թող մի հատ կաթի վերամշակման գործարան սարքի հա´մ գյուղերի կաթը կիրացվի, հա´մ մարդիկ աշխատանք կունենան:
Քննարկման ընթացում կարևորվեց նաև Ալավերդիում տուրիզմի զարգացման խնդիրը: Անդրադարձ եղավ այս տարվա հոկտեմբերի 1-ին Վանաձորում կայացած ՀՀ Կառավարության արտագնա նիստում հաստատված «Հյուսիսային դարպասներ» ծրագրին: Պարզվեց, որ ծրագրից քննարկողները տեղյակ չէին: Նրանք մատնանշեցին, որ ծրագիրը հաստատելուց առաջ ծրագրի շուրջ ընդգրկված համայնքներում հասարական լսումներ չեն կատարվել և ինչպես բնակչությունը, այնպես էլ համայնքապետարաններն անտեղյակ են նրա բովանդակությանը:
Քննարկումը նաև փաստեց, որ Ալավերդու քաղաքապետարանը տարիներ շարունակ քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրեր ընդունելիս նույնպես հասարական քննարկումներ չի կատարել, որի հետևանքով ընդունած ծրագրերը մնացել են անօգտագործելի թղթերի վրա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել