HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Նախագահը հետաքրքրվել է «Հայ ասպետով»

18_12-Hay-aspet«Հետքը» գրել էր, որ Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հայ ասպետ» հաղորդաշարը ֆինանսական խնդիրներ ունի, որոնք արդեն լուծվել են: «Հայ ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի տնօրեն Կարին Տոնոյանն ասաց, որ ֆինանսական աջակցություն ստանում եւ ստանալու են «Հայաստան» համահայկական հիմնարդամից, Հայ բարեգործական ընդհանուր միությունից, Պաշտպանության եւ Կրթության եւ գիտության նախարարություններից: 2010-ին հաղորդաշարը մասնակի կֆինանսավորվի նաեւ Հանրային հեռուստաընկերության կողմից: «Մենք դիմել էինք Ազգային Ժողովի նախագահի աշխատակազմին, ես հանդիպեցի ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանի հետ, որից հետո «Հայ ասպետի» հարցը դրվեց Ազգային Ժողովի քննարկման, որտեղ միաձայն որոշում կայացվեց, որ այդ հաղորդաշարն անպայման պետք է պահպանվի եւ Հանրային հեռուստաընկերության տնօրենը խոստացավ ամեն ինչ անել այդ ուղղությամբ»,- «Հետքին» տված հարցազրույցում ասաց Կարին Տոնոյանը: 18-12_Karin-TonoyanՆրա տեղեկություններով` «Հայ ասպետի» հարցը քննարկվել է նաեւ նախագահի աշխատակազմում. «Ես այդ քննարկմանը չեմ մասնակցել, բայց ինձ հասած տվյալներով` նախագահն անձամբ հետաքրքրվել էր, խնդիրներին ծանոթացել էր, եւ հանձնարարություն էր տրվել Կրթության եւ գիտության նախարարին, որ պիտի կոորդինացնի այդ աշխատանքները»,- ասաց «Հայ ասպետի» հիմնադիր-տնօրենը: «Հայ ասպետ» հաղորդաշարը նաեւ փորձում է կոմերցիոն հովանավորներ գտնել: Մինչ օրս նրանց հովանավորում է «Արմենտել» ընկերությունը, շուտով նրան կմիանա նաեւ Ամերիա բանկը: «Հայ ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի բյուջեն կազմում է 66 միլիոն դրամ, որով կազմակերպվում է «Հայ ասպետ» հաղորդաշարի հայագիտության շրջափուլը, ինչպես նաեւ նախորդ տարվա լավագույն թիմերի մրցույթը` համաշխարհային պատմության, գրականության, մշակույթի թեմատիկայով: Հիմնադրամը պատրաստվում է նաեւ մրցաշար կազմակերպել հայոց բանակի տարբեր զորամասերում ծառայող զինվորների միջեւ: Ի դեպ, ինչ վերաբերում է համաշխարհային գիտելիքների մրցույթին, Կարին Տոնոյանը նշեց, որ համապատասխան գրականություն շատ դժվար է գտնել. «Հայալեզու գրականություն շատ քիչ ունենք, անճշտություններ էլ ենք գտնում, ստիպված ենք լինում նաեւ թարգմանություններ կատարել: Սա նաեւ մտածելու տեղիք է տալիս, գուցե հետագայում մեր միջոցներով կազմենք գիրք դպրոցականների համար»,- ասում է «Հայ ասպետի» տնօրենը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter