«Երբեք չմոռանաք, թե ով է ձեր տերը»
Տեղական ինքնակառավարման մարմիններում ստուգումներ իրականացնող կազմակերպությունների իրավասությունների եւ նպատակների մասին իրենց տեսակետներն են հայտնում «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի հրավիրած կլոր սեղանի մասնակիցները` տարածքային կառավարման նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը,
«Համայնքների ֆինանսիստների միավորմում» ՀԿ նախագահ Վահան Մովսիսյանը եւ նույն կազմակերպության վարչության անդամ Սոս Գիմիշյանը, Կոտայքի մարզպետարանի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների վարչության պետ Սամվել Հակոբյանը, Շիրակի մարզի Ազատանի համայնքապետ Վարդան Իկիլիկյանը եւ «Թափանցիկ տեղական ինքնակառավարում» ծրագրի ղեկավար Սառա Պետրոսյանը:
Ս. Պետրոսյան - Մեր ուսումնասիրություններով տեղական ինքնակառավարման մարմիններում ֆինանսական ու վարչական ստուգումներ է իրականացնում ավելի քան 6 կազմակերպություն` մարզպետարանը, ՀՀ ֆինանսների նախարարությունը, ԱԺ Վերահսկիչ պալատը, պետական եկամուտների նախարարությունը, անհրաժեշտության դեպքում նաեւ` Կառավարության վերահսկողական ծառայությունը, Տարածքային կառավարման նախարարությունը, ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը եւ այլք: Յուրաքանչյուր համայնք տարեկան առնվազն «հյուրընկալում է» այդպիսի երկու-երեք կազմակերպության: Չնայած նրանք բոլորը հավաստում են, որ իրենց նպատակը ՏԻՄ-երում օրենքի կիրառումն ապահովելն է, բայց իրենց իսկ ստուգման ակտերի բովանդակությունը վկայությունն է այն բանի, որ ՏԻՄ-ում, որոշ բացառություններով, վարչարարության զրոյական վիճակ է, համատարած օրինախախտումներ են արձանագրված ե’ւ ֆինանսական, ե’ւ վարչական ուղղություներով, որի համար նաեւ ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում: Մեր երկու տարիների ուսումնասիրության արդյունքում փորձում էինք հասկանալ, թե ով ինչ խնդիր է ցանկանում լուծել ՏԻՄ-ում ստուգումներ իրականացնելով, ինչի հիման վրա է կատարում ստուգումը եւ որն է դրա նպատակը: Գրություններով համայնքներից պահանջել էինք նման ստուգման ակտեր` ներկայացվել են մարզպետարանների, ֆիննախի եւ Վերահսկիչ պալատի ստուգման ակտերը: Ամփոփելով այդ ամենը, պետք է ասենք, որ մասնավորապես, մարզպետարանների եւ ֆիննախի ստուգումները, համակարգային առումով հարց չեն լուծել, դրանք արվել են միայն մի նպատակով` համայնքապետերի դեմ կոմպրոմանտ ունենալու եւ անձնական շահախնդրության նպատակով: Այսպես, ՀՀ ֆինանսների նախարարության ներքին աուդիտի գնահատման եւ ֆինանսական վերահսկողության վարչությունից մեզ հավաստիացնում են, որ «ստուգումից-ստուգում ընկած ժամանակահատվածում արձանագրված խախտումների վերացումը տեսանելի է, քանի որ հսկողության արդյունքների տարեկան վերլուծությունները հիմք են տալիս եզրակացնելու, որ համակարգային բնույթ կրող խախտումները վերանում են եւ դրանք սկսում են կրել մասնավոր բնույթ»: Նշեմ միայն մեկ բան, մենք մեկ հարցում ուղարկեցինք ավելի քան 100 համայքների եւ պատասխանների ամփոփումից պարզ դարձավ, որ համայնքների առնվազն 95%-ը չի կատարում ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի 30.12.2002 թ. թիվ 934-Ն հրամանով հաստատված «ՀՀ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում, ինչպես նաեւ վերջիններիս ենթակա հիմնարկներում ներքին աուդիտի անցկացման կարգի» պահանջները` աուդիտի հաստիք չեն նախատեսում եւ բյուջեի հաշվետվությունը ավագանին հաստատում է առանց աուդիտի որոշման: Այս մասին դիտողություններ կան նաեւ Վերահսկիչ պալատի (ՎՊ) հաշվետվություններում եւ Ֆիննախի ստուգման ակտերում: Համայնքների ղեկավարները 2009 թ. արված մեր հարցմանն ի պատասխան հայտնում են, որ բյուջեի աուդիտ չեն իրականացրել եւ նման հաստիք չունեն: Սա, իհարկե, համակարգային խախտում է, որը 2002 թ.-ից մինչ օրս լուծում չի ստանում: Ինչ վերաբերում է ֆինանսական չարաշահումներին, ապա եթե մի համայնքում դրամարկղային գիրք չկա եւ գումարների ելքի ու մուտքի հաշվառում չի արվում, դրանից հետո ի՞նչ արդյունավետ ծախսումների կամ օրինականության մասին մասին ենք ուզում խոսել: Մեզ ներկայացված ստուգման ակտերում ֆինանսական չարաշահման մասին արձանագրություններ կան եւ դրանք դրվել են դարակում: Չեմ հասկանում, թե ինչ է նշանակում չարաշահումը հայտնաբերել ու չբարձրաձայնել այդ մասին: 13 տարի անընդմեջ այդ ստուգումները կատարվում են, սակայն համայնքներում այսօր վարչարարության այդքան անկատար վիճակ է, հետեւաբար ինչո՞վ է արդարացված այդ աշխատանքը: Եթե ստուգման արդյունքների տարեկան ամփոփում չի կատարվում եւ չի ընդհանրացվում, թե ինչ խնդիրներ կան համայնքներում եւ ինչ քայլեր են արվում դրանք շտկելու ուղղությամբ, ուրեմն կարող եմ ասել, որ այդ ստուգումները համայնքների զարգացմանը չեն միտված, բնակչության շահին չեն ծառայում եւ միայն անձնական շահախնդրությամբ են պայմանավորված: Ուզում եմ նախ քննարկենք ստուգողների օրինականության հարցը, մոտ մեկ տասնյակ կազմակերպություններից որն ունի այդ իրավասությունը, որն ամենաառանցքայինն է այս հարցում, եւ որն է, ի վերջո, այդ ստուգումների նպատակը: 
Ա. Գիլոյան- Ձեր ասածի հետ համամիտ եմ, տարածքային կառավարման նախարարությունում վերջերս ՀՀ ֆինանսների նախարարության ներքին աուդիտի գնահատման եւ ֆինանսական վերահսկողության վարչության (ԿՌՈՒ) հետ քննարկումների ժամանակ հարց բարձրացվեց, որ ԿՌՈՒ-ն, որը վարչապետի հրամանով է ստուգումներ իրականացնում համայնքներում, դա համաձայնեցնի տարածքային կառավարման նախարարի հետ, որպեսզի ամեն տարի նույն համայնքում ստուգումներ չիրականացնեն: Վերահսկիչ պալատը օրենքով է իրականացնում ստուգումները, իսկ ինչ վերաբերում է վարչապետի եւ նախագահի վերահսկողական ծառայություններին, դա կանոնակարգված չէ, նրանք վարչապետի կամ նախագահի հրամանով են ստուգումն իրականացնում: Ձեր դիտարկումների հետ ես ընդհանուր առմամբ համաձայն եմ, բայց համամիտ չեմ Ձեր այն մտքի հետ, որ կազմակերպությունները համայքների ղեկավարներից փող վերցնելու համար են ստուգումներ իրականացնում համայնքներում: Պարզապես պետք է կանոնակարգենք, որպեսզի տարվա մեջ նույն համայնքում մի քանի կազմակերպություններ ստուգումներ չկատարեն: Շիրակի մարզի համայնքի ղեկավարը հայտարարել էր, թե իբրեւ 10 ստուգում է իրականացվել իր համայնքում, ես նրան խնդրեցի տեղեկանք տալ, թե ովքեր են եկել ստուգելու եւ ինչ եզրակացություն է տրվել, ընդամենը 3 կազմակերպություն է այս տարի ստուգել այնտեղ:
Ս. Պետրոսյան- Ի՞նչ եք կարծում, շատ չէ մեկ տարվա ընթացքում 3 ստուգող կազմակերպություն մի համայնքում:
Ա. Գիլոյան- Շատ է, իհարկե, շատ է: 
Ս. Գիմիշյան- Նախ` վերահսկողության նպատակն այն է, որպեսզի վերահսկող մարմինը աշխատի օրենքով սահմանված կարգով: Նրանք պետք է օժանդակեն, սկզբից պետք է օգնեն, բացատրական աշխատանք տանեն: Վերահսկել` չի նշանակում թալանել, պատժել եւ այլն: Երկրորդը` կանոնակարգել հիմնարկի աշխատանքը, առավելագույնս համապատասխանեցնելով վերեւներում ընդունված որոշումներին: Ընդհանրապես, նորմալ երկրներում, ընդունվող օրենքների 75-80 %-ը կյանքի է կոչվում համայնքներում. եթե պետությունը նորմալ համայնք չունենա` իր ընդունած որոշումը մեծմասամբ զուգարանի թուղթ է դառնում: Եվ վերջինը, եթե մարդը համառորեն հանցագործ է, ուրեմն պատասխանատվության ենթարկել եւ դրանով նաեւ նպաստել, որ նա օրենք սովորի, կանոնակարգված աշխատի: Մեր երկրում մենք ուզո՞ւմ ենք, որ համայնքը օրենքով աշխատի: Իհարկե` ոչ: Օրինականության շրջանակում գործող համայնքի ղեկավարը պետք է լինի ինքնուրույն, գրագետ մարդ: Որպես հանրային իրավունքի սուբյեկտ համայնքը ենթակա չէ պետական կառավարման մարմնին` նախագահին, վարչապետին, նա ինքնուրույն գործող սուբյեկտ է եւ ենթարկվում է միայն օրենքին: Մենք նպաստո՞ւմ ենք, որ այդպես լինի: Իհարկե` ոչ, ամեն ինչ անում ենք, որ համայնքը լինի մարզպետարանի ենթական, կցորդը: Մարզպետների ելույթները կարդում եմ, նրանց գրագիտությունը տեղական ինքնակառավարման իմաստով, սարսափելի վիճակում է, օրինակ, ասում են` հողի հարկը չհավաքեցիր: Նախ` կարդացեք, տեսեք հողի հարկ հավաքելը պատվիրակվա՞ծ լիազորություն էր, դու պետք է փող տաս, կարգ սահմանես, հետո նոր պահանջես: Համայնքի ղեկավարը իրավունք չունի հողի հարկ գանձելու, քանի դեռ չի տրված պատվիրակված բազան, դա սահմանադրական դրույթ է դեռեւս 2005 թ.-ից: Այսինքն, առաջին հանցագործը պետությունն է, պետական կառավարումը: Ամեն ինչ արվում է, որ համայնքը օրենքով չգործի, ամեն ինչ արվում է, որ համայնքի միջոցները տեղ չհասնեն: Դա քաղաքական խնդիր է եւ ամբողջ աշխարհում այդ քաղաքական խմդիրը կա, որ ձգտում են ենթարկեցնել համայնքը, ՀԿ-ն, եկեղեցին, կուսակցությունները, մամուլը: Մենք կոնկրետ օրինակներով խոսում ենք վերահսկող մարմինների մասին: Այսօր պետք է ասել, իսկապես տեղաշարժ կա: Տարիներ առաջ ստուգում իրականացնող 26 մարմին կար, 2002 թ. օրենքով սահմանափակել ենք դրանք: 2005 թ. ՍԴ փոփոխությունների արդյունքում ամրագրվեց, որ ստուգումների իրավունք ունեն տարածքային կառավարման նախարարությունը` հանձինս մարզպետարանների եւ Վերահսկիչ պալատը (ՎՊ): ՎՊ-ին չափազանց մեծ լիազորություն են տվել` վերահսկում է համայնքի ամբողջ սեփականությունը, որը Եվրոպական խարտիային, ամբողջ աշխարհի ընդունած նորմերին է հակասում: Երկրորդ մարմինը` պետության կողմից լիազորված մարմինն է` տարածքային կառավարման նախարարությունը իր կառույցներով` մարզպետարաններով, եւ` վերջ: Դրանից բացի կա ներքին վերահսկողություն իրականացնող մարմին, որը ավագանին է: Դատախազություն, ԿՌՈՒ, ո՞վ է նրանց իրավունք տվել: «Բյուջետային համակարգի մասին» օրենքում գրված է, բայց այդ օրենքը հակասության մեջ է այսօրվա գործող Սահմանադրության հետ: Իսկ նախագահի, վարչապետի վերահսկողության ծառայությունների ստուգումները պարզապես թալանի, ենթարկեցնելու, կեղեքելու, համակարգը ապականելու նպատակ ունեն, քանի որ օրենքից դուրս են: Եթե օրենքից դուրս մարդը վերահսկողություն է իրականացնում, ուրեմն նրա գործողությունը օրինական չի կարող լինել: Ինչ վերաբերում է համայնքներում աուդիտի իրականացմանը: Որոշում է ընդունվել, որ ամեն համայնքում պետք է աուդիտ իրականացվի: Չգիտեն, որ Հայաստանում նման բան հնարավոր չէ առաջիկա գուցե քսան տարիներին: Հայաստանում չկան այդ մարդիկ, որ աուդիտ իրականացնեն, բացի այդ, եթե համայնքը վճարի աուդիտի համար, ապա իր բյուջեից լուրջ միջոցներ է ծախսելու դրա համար, որը չունի: Եվ վերջինը` օրենքը սահմանել է, որ համայնքի սեփական լիազորությունների նկատմամբ իրականացվում է վերահսկողություն: Բացի պատվիրակված լիազորությունից օրենքով սահմանվում է մասնագիտական վերահսկողություն: Իրավական վերահսկողությունը համայնքի բոլոր սեփական լիազորությունների նկատմամբ է: Մենք այժմ մարզերից մեկի մի քանի համայնքների որոշումներն ենք ուսումնասիրում: Մեր փորձաքննությունը ցույց է տալիս, որ մարզպետարանը ոչինչ չի անում: Այդ որոշումների 98%-ը օրենքների հետ հակասություններ ունեն: Ավագանու որշումը այն որոշումն է, որի հիման վրա հետո համայնքապետը որոշում է կայացնում: Ավագանու որոշումներն, ըստ օրենքի, ուղարկվում է մարզպետարան: Մարզպետարանն իր տեղում նստած իրավական վերահսկողություն պետք է իրականացնի, իսկ նա ի՞նչ է անում: Այդ կատարելու համար գնում են համայնք, նստում այնտեղ եւ վերահսկողություն են իրականացնում, երբ նույն որոշումն իրենց մոտ է:
Ս.Պետրոսյան-Մարզպետարաններից մի քանիսն ասում են, որ ոչ բոլոր համայնքապետերն են ավագանու որոշումները ներկայացնում մարզպետարան:
Ս. Գիմիշյան-Չի ներկայացնում` թող դատապարտեն, բայց ոչ` ինչքան հանցագործ, այնքան ենթակա, ինչքան սխալ, այնքան լավ: Երբ իշխանությունը համայնքի ղեկավարին պարտադրում է, որ ընտրություններին ինչ-ինչ քայլերի գնա, արդեն նրանք էլ ասում են` դու ով ես: Լկտիացրել են, որովհետեւ օրենքը չի գործում, պատասխանատվություն չկա, որ վերահսկողությունն էլ արդյունք տա: Նախ` պետք է հստակ հասկանալ այդ վերահսկողության նպատակը: Մեր պետությունում չկա համայնքի լիարժեք ընկալումը, ՏԻՄ-երի դերն ու նշանակությունը պետության զարգացման գործում: Մի ինչ-որ օտար մարմին է, որին պետությունը բյուջեից 7 տոկոս փող է տալիս, որը հետո կիսովի են ուտում: Այդ 7 տոկոս փողի վրա այնքան վերահսկող կա, որը եթե համամասնությամբ լիներ` այն 93 տոկոսը, որ պետական կառավարման մարմիններն են ծախսում, այսպես ասած, պետք է հարյուրապատիկ ավել վերահսկողներ ունենար: Բայց այնտեղ չենք վերահսկում, որովհետու այնտեղի ամեն մի կոպեկը տեր ունի, տանիք ունի, կանոնակարգված է այնտեղ «ուտելը»: Այստեղինը անտեր է, այստեղ պետք է ցույց տալ կաշառակերության դեմ պայքարը: Առաջարկս հետեւյալն է, Սահմանադրությամբ ամրագրված դրույթներին համապատասխան ամբողջ օրենսդրությունը պետք է փոխել: 
Վ. Մովսիսյան- Կարծում եմ, այսօր ուշադրություն պետք է դարձնենք համակարգային խնդիրներին ու մոտեցումներին, որոնք ձեւավորվել են 13 տարվա ընթացքում: Անկասկած, համայնքների վերահսկողության հետ կապված իրավիճակն այսօր ավելի մխիթարական է, քան մի քանի տարի առաջ, հատկապես, երբ ուժի մեջ մտավ համայնքային վերահսկողություն իրականացնելու մասին դրույթը, որը կանոնակարգեց, թե համայնքներում ինչպիսի վերահսկողություն պետք է լինի` իրավական, մասնագիտական, վարչական վերահսկողություններ: Համենայնդեպս, օրենքը բաժանեց, թե դրանից որը ով է իրականացնում եւ ինչպիսի իրավունքներ ունի վերահսկողը: Ես այսօր ուզում եմ անդրադառանալ մեկ այլ խնդրի. ինչպես գիտենք համայնքներում ստուգում իրականացնելու նպատակներից մեկը պետք է լինի նրան օգնելը, մյուսը` համակարգային թերությունները հայտնաբերելը, որին հնարավոր կլինի օրենսդրորեն լուծումներ տալ, շտկել եւ վերջինը` պատժելու խնդիրը: Մենք վերջինին այդպես էլ չենք հասնում եւ 10 տարբեր կառույցների ստուգումները վերջին տարիների այդպես էլ ոչ մի հանցագործ չհայտնաբերեցին: Պարզվում է, որ մեր ՏԻՄ համակարգը աշխարհում լավագույնն է: Ինչ վերաբերում է նրան, թե Ձեր կողմից թվարկված կազմակերպությունները կարո՞ղ են ստուգում իրականացնել, թե` ոչ: Հիշում եմ, որ երբ նախագահի վերահսկողական ծառայությունը գնացել էր ստուգումների եւ մենք միջամտեցինք` ստուգում բառը գրիչով ջնջեցին եւ գրեցին ուսումնասիրություն: Սա պատիվ չի բերում ոչ նախագահի աշխատակազմին եւ ոչ էլ այն մարդկանց, ովքեր դա իրականացնում են: Տարբերությունն այն է, որ ստուգողը նաեւ պատժող է, ուսումնասիրողը` հետեւթյուններ անող է: Պետք է սրանք տարբերել, որպեսզի այն մարմինները, որոնք գալիս են հասկանան` նրանք ստուգող են, թե՞ ուսումնասիրող: Հասկանան, թե ում պետք է ստուգումից հետո տանել հաց ուտելու եւ ում թողնել իր գրպանի հաշվին հացը ուտի: Մեր համայքների ֆինանսական կարողությունները բավականացնում են միայն 4 պարտադիր հաստիքի աշխատավարձի: Հետեւաբար, մենք այնտեղ ինչ ենք վերահսկում` ճի՞շտ են նրանք իրենց աշխատավարձը ստացել, թե՞ ոչ: Մենք ուրիշ խնդիր ենք դնում` երբեք չմոռանաք, թե ով է ձեր տերը: Վերջին ժամանակներում շատ հետաքրքիր բաներ տեղի ունեցան. ԿՌՈՒ-ի ստուգումների վերաբերյալ տարածքային կառավարման նախարարի հանձնարարությունը եղավ, որ առանց տարածքայինի հանձնարականի կամ տեղեկացնելու ստուգման ենթակա համայնքերի ցանկը չհաստատվի, որովհետեւ հաճախ այդ համայքների ցանկը ինչ-ինչ պատճառներով կարող է հաճախակի կրկնվել: Օրինակ, համայնքապետի կուսակցական պատականելիությունից ելնելով: Մի կողմից հարկավոր է համայնքներին պաշտպանել, որ նրանց կրունկի տակ չպահեն, մյուս կողմից` հարկավոր է այնպես անել, որ այդ ստուգումներն արդյունք տան, որովհետեւ այսօր ամենաթողություն է տեղի ունենում մեր համայնքներում, նրանց թղթարարությունը սարսափելի է: Իմ անձնական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ յուրաքանչյուր ստուգում համայնքի բյուջեի վրա զգալի ծանրաբեռնվածություն է ունենում, նրանք կերակրվում են համայնքի բյուջեի հաշվին, թե գրպանն էլ ինչ են դնում` աստված գիտի: Այսինքն, այս ստուգումները ոչ թե մեզ օգնում են, այլ տասն անգամ ավելի շատ խանգարում են: Ստուգման մեխանիզմը ճիշտ չէ: Մարզպետարաններից, եթե որեւէ համայնքի բյուջե ես ուզում` վրան 10 սմ փոշի է նստած, նրանք ոչ վերցրել են, ոչ էլ գիտեն որ համայնքն է բերել, որը` ոչ: Բայց չկա մի համայնք, որը հող վաճառի ու այդ թվերը չլինեն մարզպետարանում: Ինչո՞ւ բյուջեի թվերը նրանց պետք չէ, բայց հող վաճառելու թվերը պետք են: Սա խոսում է այն մասին, որ մենք ստուգումներով ոչ թե օրենսդրությունը բարելավելու, համայնքները զարգացնելու խնդիր ունենք, այլ հակառակը` ունենք գրպանը լցնելու, բյուջեն ծանրաբեռնվածության տակ պահելու խնդիր: Սա լուծելու համար ոչ թե ստուգողների քանակն է պետք է պակասեցնել, այլ` որակը բարելավել: Եվս մեկ դիտարկում. այն համայնքներում որտեղ փող չկա` ամեն տարի են ստուգում, իսկ այնտեղ որտեղ փող կա` ստուգող չկա:
Ս. Պետրոսյան- Ես մինչեւ հիմա տարակուսած եմ, թե ինչու նորմատիվ իրավական ակտերը մինչեւ հիմա համայնքները չեն ուղարկել արդարադատության նախարարություն եւ մարզպետարաններն էլ ստուգումն իրականացրել են ամեն տարի եւ երբեք այդ մասին չեն ահազանգել: Նույն անտարբերությունն է դրսեւորել նաեւ արդարադատության նախարարությունը: Ես ուզում եմ հավատալ, որ մարզպետարանների ստուգման նպատակը համակարգային խնդիրները վեր հանելն է եղել, բայց այդ ինչպես եղավ, որ մինչեւ հիմա այդ հարցին լուծում չի տվել եւ դա արեցինք բոլորովին վերջերս տարածքային կառավարման նախարարության հետ:
Ա. Գիլոյան- Այդ բացը եղել է մինչեւ հիմա, որ համայնքները չէին տիրապետում, թե որն է նորմատիվային որոշումը, որն է` իրավականը:
Ս. Պետրոսյան- Իսկ ինչո՞ւ մինչեւ հիմա, 13 տարվա ընթացքում, չպետք է տարբերակեին նորմատիվ եւ իրավական ակտերը:
Վ. Մովսիսյան- Մարզպետարաններն ինչո՞ւ չեն ասել` ինչո՞ւ որոշումները չես բերել, բա ո՞րն է նրանց խնդիրը: Եթե մարզպետարանի աշխատակազմը չի բավականացնում լիարժեք գործունեություն ծավալելու համար` թող մեծացնեն աշխատակազմը, բայց 160 աշխատող ունեն, ինչո՞վ են զբաղված նրանք:
Ս. Հակոբյան- Համայնքների ղեկավարներից շատերը բարձրագույն կրթություն չունեն, օրենքին լիարժեք չեն տիրապետում: Շատ համայնքերում բացարձակ անգրագետ վիճակ է, նրանցից շատերը պակերացում չունեն, թե ինչ փաստաթուղթ պետք է ներկայացնեն ստուգման ենթարկելու համար:
Սոս Գիմիշյան-Ես կողմնակից եմ, որ սխալների համար մի քանի համայնքապետեր դատապարտվեն, որպեսզի մյուսները հասկանալով, որ անգրագետ լինելով չեն կարող կառավարել ու կարող են պատասխանատվության առաջ կանգնել` առաջադրվելուց առաջ մտածեն: Դա էլ է մտածված, մենք բոլորս չենք պատժում եւ դա կրկնվում է: Եթե մենք չունենանք հանրային վերահսկողություն` պետական վերահսկողությունը ոչինչ չի տա:
Վ. Իկիլիկյան- համայնքի ղեկվարը պետք է գրագետ լինի, այսօր աշխատակազմի ղեկավարից պահանջում ենք այն, ինչը համայնքի ղեկավարից չենք պահանջում: Մենք յուրաքանչյուր ստուգումից ինչ-որ բան քաղում ենք, սովորում ենք, չնայած նրան, որ այս ստուգումները ոչ միշտ են արդյունք տալիս: Անցած տարի ԿՌՈՒ-ն ստուգում է կատարել եւ եռամսյակը մեկ անգամ հարցում է կատարում ու պահանջում տեղեկացնել, թե ինչը շտկվեց մինչեւ ակտում նշված թերությունը վերացվի:
Ս. Պետրոսյան- Կարծում եմ, ստուգումների արդյունավետությունը բարձրացնելու համար շատ կարեւոր է դրանց հրապարակումը: Հրապարակայնությունը երկու կարեւոր խնդիր կլուծի` կնպաստի ստուգողների մասնագիտական որակի բարձրացմանը եւ պատասխանատվությանը, ինչպես նաեւ նպատակային ու արդյունավետ կդարձնի ստուգումները: Եթե մարզպետարանը ստուգումն իրականացնում է եւ վերջում չի ամփոփում իր կատարած աշխատանքի արդյունքները` չնշելով, թե համակարգային ինչ խախտումներ կան, բացասական ինչ երեւույթներ կան եւ ինչ քայլեր են արվում այդ ուսումնասիրությունը դրականին ծառայեցնելու նպատակով, ուրեմն անիմաստ է այդ աշխատանքը: Հանրությունը պետք է տեղյակ լինի այդ մասին: Մենք աշխատում ենք 6 մարզում` Կոտայք, Շիրակ, Լոռի, Սյունիք, Տավուշ եւ եղարքունիք: րությամբ դիմել ենք նշված 6 մարզերի մարզպետներին` իրենց կատարած ստուգման ակտերին ծանոթանալու նպատակով. այս տարվա առաջին կիսամյակի ստուգման ակտերը Շիրակի եւ եղարքունիքի մարզպետները տրամադրեցին ամբողջությամբ, Տավուշի մարզպետը տրամադրեց միայն վարչական վերահսկողության մասը, Սյունիքի մարզպետարանը տեղեկանք ներկայացրեց, թե որ համայնքում են աշխատանքներն իրականացնում, իսկ Լոռու եւ Կոտայքի մարզպետները մերժել են մեր խնդրանքը: Լոռին առաջարկել է տեղեկանքերն ստանալ տվյալ համայնքներից, մինչդեռ ինքն է ստուգում իրականացնող մարմինը, իսկ Կոտայքի մարզպետը հայտնել է, որ ստուգման ակտերի տերը տարածքային կառավարման նախարարությունն է եւ նրանից պետք է պահանջել դրանք: Մենք արդեն փաստեցինք, որ ՏԻՄ-երում ստուգումներ իրականացնելու իրավասություն ունեն ՎՊ-ն եւ մարզպետարանները: ՎՊ-ն հրապարակում է իր ստուգման արդյունքները եւ մենք այն քննարկելու, մեր համաձայնությունը կամ անհամաձայնությունը արտահայտելու հնարավորություն ունենք: Մարզպետարանների գործունեությունը մեզ անհայտ է, իմ պատկերացմամբ դա չի կարող որեւէ մեկի մենաշնորհը լինել: Բոլորի համար տեսանելի եւ հիմնավորված պետք է լինի ստուգում իրականացնողի նպատակը, բոլորին պետք է պարզ լինի, թե ինչ խնդիր են լուծում մարզպետները ստուգում իրականացնելով, ինչի են ծառայում այդ ակտերը: Հետեւաբար նրանք պարտավոր են հրապարակել իրենց ստուգման արդյունքները` ինչ են պարզել եւ ինչ են կատարել այդ ուղղությամբ: Մեր քննարկման ընթացքում օրինակներ բերվեցին համայնքներում օրենսդրությանը, սահմանադրությանը հակասող կառավարում իրականացնելու, խախտումների, թերությունների մասին: Կարծում եմ, դրանք հրապարակային քննարկման թեմա պետք է դառնան: Վարչարարության անկատարության մասին խոսեցինք, որոնք արձանագրված էին հենց նրանց ուսումնասիրման ակտերում, դա չպետք է արձանագրվի թղթի վրա ի գիտություն մարզպետի, դրանից դրական ելք պետք է ապահովել: Ֆինանսական ուսումնասիրության ակտերում բազմաթիվ խախտումներ, չարաշահումներ կան, ի՞նչ է անելու մարզպետը դրանց հետ կապված, ի՞նչ հետեւանք պետք է ունենան դրանք: Իրավունք ունի՞ նա լռություն պահպանելու, դեռեւս հայտնի չէ նման դեպք, երբ մարզպետը դիմի իրավապահ մարմիններին: Թաքցնելը կոռուպցիոն լուրջ երեւույթ է, որի արդյունքում տուժում է միայն համայնքի բնակչությունը: Կարծում եմ, ստուգումից հետո մարզպետը պարտավոր է ամփոփում անել եւ ներկայացնել համայնքներում առկա խնդիրները, քննարկել եւ լուծումներ առաջարկել համակարգային բնույթի թերությունների համար, որպեսզի նրա կատարած աշխատանքը երեւա եւ ստուգումն էլ արդյունք ունենա:
Վ. Մովսիսյան- Չի կարելի մի մարմնից պահանջել հրապարակային գործունեություն թափանցիկություն, եթե դրա պահանջարկը չկա: Մենք պետք է ստեղծենք ինստիտուցիոնալ կառույց, որպեսզի այն ինքնաբերաբար աշխատի: Մեր ժողովուրդը անտարբեր է, բնակիչը ոչ մի կապ չի տեսնում իր աղքատության ու համայնքի միջեւ: Պետական բյուջեի ընդամենը 7 տոկոսն է համայնքում ծախսվում, բնակչության խնդիրները, որոնք ուղակիորեն կապված են իր աղքատության հետ, լուծվում են պետական մակարդակում: Նա ինչո՞ւ պետք է հետաքրքրված լինի համայնքապատարանի ակտի հրապարակումով: Այսինքն, մենք պետք է լիազորությունների դաշտը փոփոխենք եւ բնակիչը հենց հասկացավ, որ ինքն այնտեղից շահ ունի` «կխեղդի» ու ակտը կվերցնի: Ես չեմ ուզում ասել, որ դու ճիշտ չես անում, հարկավոր է հրապարակայնությունը, բայց մենք պետք է հասկանանք, որ լուրջ ինստիտուցիոնալ փոփոխություն պետք է անենք, պետք է հասնենք նրան, որ բնակիչը շահ ունենա: Ֆինանսական հաշվետվությունների այս ֆորմատը անգամ շատ համայնքապետերի համար է անհասկանալի, ուր մնաց թե բնակիչների: Երեւանում մենք այդ հարցը լուծեցինք` ավագանու ընդդիմադիր անդամներն իրենք են այդ մասին խոսում լրատվամիջոցներով, այդ կերպ հրապարակայնության հարցը ապահովված է: Այսինքն, մենք մոդելի փոփոխություն պետք է կատարենք, պետք է խոշորացնել համայնքը, որպեսզի լուծվի այդ հարցը: Համայնքը պետք է լինի 20.000-ից ոչ պակաս:
Վ. Իկիլիկյան- Թափանցիկ աշխատանքը ճիշտ է, երբ ինչ որ բան ես անում համայնքում` բնակիչները պետք է իմանան, թե ինչ միջոցներով ես արել, ուր են գնում իրենց տված հարկերը: Անտեղյակ լինելով պիտի ասեն, որ համայնքապետը փոշիացրեց, թող իմանան, որպեսզի հարկը վճարելուց չդժվարանան:
Ս. Պետրոսյան- սոցիալական ծանր վիճակում գտնվող բնակչին, որին ոչնչով չես կարողանում օժանդակել, հաշվետո՞ւ էլ չլինես, թե ինչ աշխատանք ես անում: Իհարկե, անտարբեր պետք է լինի բնակիչը, որովհետեւ պատկերացում չունի, թե ինչի համար է համայնքապետարանը:
Ս. Հակոբյան- Տպավորություն է, որ մարզերում հրապարակայնությունը չի ապահովվում, Ճիշտ է, մայրաքաղաքում տեղյակ չեն այդ մասին, սակայն մարզերում դրանք հրապարակվում են: Իրականում, շատ բան է փոխվել համայնքներում, նախկինում համայնքապետերը իրավական ակտերը չէին տարբերում, իսկ հիմա նույնիսկ Ն տառն է գրում կողքին, որպեսզի հասկանալի լինի, որ նորմատիվ իրավական ակտի մասին է խոսքը:
Ս.Պետրոսյան- Ոչ մի մարզպետ եւ առհասարակ, ոչ մի ստուգող կազմակերություն, բացառությամբ Վերահսկիչ պալատից, երբեւէ չի խոսել իր կատարած ստուգումների մասին:
Վ. Մովսիսյան- Մենք կանգնած ենք մի սարսափելի փաստի առջեւ. այսօր պարզվում է, որ մեր համայնքները 13 տարի տեղական տուրքեր են գանձել անօրինական ձեւով, որովհետեւ այդ ակտը իրավական ուժ է ունենում միայն այն ժամանակ, երբ տպագրվում է պաշտոնական տեղեկագրում: Մինչդեռ, մինչեւ հիմա համայնքներում ոչ մի որոշում չէր հրապարակվում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել