Հայտնաբերվել են թմրանյութեր
Երեկ, ժամը 15.35-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և երկաթգծի «Երևան» կայարանի գծային բաժնի ծառայողներն օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս` թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով, «Այրարատ» կինոթատրոնի մերձակայքից բերման են ենթարկել Երևանի բնակիչ, 1973 թ. ծնված Հրանտ Շ.-ին, որի մոտ հայտնաբերվել է 2 ծխախոտի մեջ լցված 1,14 գրամ «ափիոն» թմրամիջոցի նմանվող զանգված, 3 մլ տարողության 2 ներարկիչ, յուրաքանչյուրում` 0,6 մլ թափանցիկ, յուրահատուկ հոտով հեղուկ, և չօգտագործված 2 ներարկիչ, որոնք, ըստ Հրանտ Շ.-ի խոստովանության` նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, 40.000 դրամով ձեռք էր բերել ոմն Արթուրից:
Ոստիկանության մամլո ծառայության փոխանցմամբ` ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արթուրը Երևանի բնակիչ, 1967 թ. ծնված Արթուր Ե.-ն է, ով նույն օրը, ժամը 15.50-ին Տիգրան Մեծի պողոտայից բերման է ենթարկվել: Նրա մոտ հայտնաբերվել է 19 մլ անգույն յուրահատուկ հոտով հեղուկ:
Շարունակելով օպերատիվ միջոցառումները` նույն օրը, ժամը 21.45-ին, ոստիկանության ծառայողները մայրաքաղաքի Ե. Քոչարի փողոցի 3 շենքի թիվ 69 բնակարանից բերման են ենթարկել 1974 թ. ծնված Գեղամ Բ.-ին: Նա խոստովանել է, որ Արթուր Ե.-ն իրեն հյուրասիրել է «ափիոն» թմրամիջոցը, որն ինքը օգտագործել է տանը:
Գեղամ Բ.-ի բնակարանի խոհանոցի աղբամանի զննությամբ հայտնաբերվել է 5-10 մլգ տարողությամբ օգտագործված 6 ներարկիչ` ասեղի և պատյանի վրա արնանման հետքերով ու բժշկական սպիրտի 1 դատարկ տարա:
Ըստ Գեղամ Բ.-ի խոստովանության` ինքը հարևանի` նույն շենքի թիվ 66 բնակարանի պատշգամբում թաքցրել էր նաև իրեն պատկանող` թմրամիջոց օգտագործելու համար նախատեսված իրեր: Զննությամբ հայտնաբերվել են պոլիէթիլենային 5 տոպրակում լցված շագանակագույն նյութով ներծծված խծուծներ, 5 մլգ 3 ներարկիչ` 6 մլգ սուր հոտով թափանցիկ հեղուկով, 1 թաս` 3,6 գրամ «ափիոն» թմրամիջոցի նմանվող զանգվածով, 1,65 գրամ փոշենման զանգված, 1 բաժակ, պատերին` մուգ շագանակագույն նյութ, «դիմեդրոլի» 10 դեղահաբ, ինչպես նաև տարբեր տարողության օգտագործված ներարկիչներ ու ասեղներ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել