
Դեկտեմբերի 21-ից մեկ շաբաթով կդադարեցվի Ղարաբաղի բոլոր նախադպրոցական հիմնարկների եւ ուսումնական հաստատությունների աշխատանքը: Այս որոշումն ընդունվել է ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ երեկ տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ: Օրակարգում ընդգրկված էր H1N1 գրիպի հնարավոր համաճարակի դեմ ձեռնարկվելիք միջոցառումների մասին հարցը:
Ինչպես տեղեկացնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ձեռնարկվող կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ զեկույցով հանդես է եկել ԼՂՀ առողջապահության նախարար Արմեն Խաչատրյանը:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ հանրապետությունում համաճարակի տարածման հավանականությունը ցածր է, սակայն անհրաժեշտ է անել հնարավորը` այն բացառելու ուղղությամբ: Այդ ամենից ելնելով էլ որոշվել է մեկ շաբաթով դադարեցնել վերոնշյալ հաստատությունների աշխատանքը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել