«Որպեսզի տանտիկինները Նոր տարվա նախաշեմին չտուժեն»
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արշակ Սադոյանը ներկայացրեց Հանրային խորհրդի Ձեռնարկատիրության եւ սպառողների հարցերի հանձնաժողովի աշխատանքները: Իրենց աշխատանքները ներկայացրեցին նաեւ այդ հանձնախմբի ենթահանձնաժողովների ղեկավարներ Մելիտա Հակոբյանը եւ Մուշեղ Տերյանը:
«Իրականում Հանրային խորհուրդը սկսել է բավականին ինտենսիվ աշխատել: Եւ այն ցեխը, որ անընդհատ շպրտում են Հանրային խորհրդի վրա, անարդար տեղն է նետվում:
Այսօր Հայաստանում ինֆորմացիոն տիրույթում խայտառակ իրավիճակ է: Ամառվանից սկսած մենք պայքարեցինք, հանդիպումներ կազմակերպեցինք, ներկայացրինք այն խայտառակ իրավիճակը, որ տիրում է ինտերնետ հասանելիության ոլորտում: Արդյունքում մեր անմիջական ջանքերի շնորհիվ իջեցվեց մեծածախ ինտերնետ ծառայությունների գինը: «Արմենտելը» գնաց որոշ զիջումների` 50 տոկոս իջեցնելով գները»,- ասաց Ա. Սադոյանը:
Նրա խոսքերով` սա իշխանության որոշ ներկայացուցիչների կողմից «Արմենտելին» տրված արտոնությունների հետեւանք է. «Եթե 1988 թթ. ՀՀ հեռակապի ոլորտում ամենաառաջավորն էր, ապա ներկայումս Հայաստանում 5 անգամ զիջում է համակարգչային տեխնիկայով հարեւան Վրաստանին, 4 անգամ` Ադրբեջանին, 18-25 անգամ` Իրանին: Հայաստանի ինտերնետ-հասանելիության գինը 5 անգամ ավելի թանկ է, քան Վրաստանում, 20 անգամ թանկ, քան Սանկ Պետերբուրգում, 4 անգամ` Ադրբեջանում, 15 անգամ ավելի թանկ, քան Իրանում: Սա այն դեպքում, երբ Հայաստանը հայտարարել է իրեն բարձրագույն տեղեկատվական երկիր»,- ասաց նա, ապա հավելեց.- «Մենք պահանջում ենք, որ էլեկտրոնային օրենքի համապատասխան հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանի սակագներ` առնվազն 2 անգամ իջեցնելով ինտերնետ հասանելիության սակագինը»:
Ա. Սադոյանի ասելով` իրենք նաեւ խոշոր խախտումներ են գտել շուկաներում, խանութներում` կապված թերակշռումների եւ թանկացումների հետ. «Հայտնաբերել ենք անհարկի թանկացումների դեպքեր, թերակշռումներ: Դրա համար էլ մենք առաջարկում ենք նաեւ լրագրողներին, որ պարբերաբար մասնագետների հետ կազմակերպենք ստուգայցեր, ստուգիչ կշեռքներ պահանջենք, ստուգենք նաեւ այդ կշեռքների ճշգրիտ լինելը, որ մարդիկ, հատկապես` տանտիկինները, այս Նոր տարվա նախաշեմին չտուժեն: Ապա այդ խախտումներն արած մարդկանց անունները պետք է հրապարակենք, որպեսզի մեղմենք այդ թալանչիների ախորժակը»,- նշեց Ա. Սադոյանը:
«Քանի որ առջեւում Ամանոր է, եւ մենք պատրաստվում ենք դրան, կխնդրեի, որ մեր համաքաղաքացիներն անծանոթ ապրանքներ չգնեն: Մեր մարքեթինգի եւ մոնիտորինգի արդյունքներով շուկայում հայտնվել են անհայտ ծագմամբ բազմաթիվ ապրանքներ, օրինակ` թունավոր ներկերով ներկված մանկական խաղալիքներ»,-ասաց Միլետա Հակոբյանը: Նրա խոսքով` ի թիվս այլ խանութների, իրենք ուսումնասիրել են նաեւ «Փեթակ» եւ «Մալաթիա» տոնավաճառները, որտեղ հայտնաբերել են նմանատիպ ապրանքներ:
«Շատացել են նաեւ նկուղային պայմաններում արտադրված հրուշակեղենի տեսակները: Գնեք միայն այն ապրանքները` միս-մսամթերք, հրուշակեղեն եւ այլն, որոնց դուք ծանոթ եք: Եւ գնելիս էլ շատ զգույշ եղեք»,- ասաց նա:
Մարիամ Մուղդուսյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել