HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանյան 5-րդ միջազգային երաժշտական փառատոնի մեկնարկը տոնական է լինելու

Սեպտեմբերի 8-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավարությունը (ՀՊՖՆ) հանդես եկավ մամլո ասուլիսով: Ասուլիսը ներկայացրեց Երևանյան 5-րդ միջազգային երաժշտական փառատոնը: Վերջինս իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից: Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Էդուարդ Թոփչյանը և Ալեքսանդր Չաուշյանը:

Երևանյան միջազգային երաժշտական փառատոնի հինգերորդ հոբելյանական մեկնարկը տոնական է. Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբն այն նվիրում է Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին և Նվագախմբի 85-ամյա հոբելյանին: 

Տասը համերգից բաղկացած Փառատոնը կհյուրընկալի արդի համաշխարհային դասական երաժշտարվեստի ավելի քան տասնհինգ կարկառուն ներկայացուցիչների աշխարհի ամենատարբեր երկրներից: Մեկամսյա փառատոնային ծրագիրը հագեցած է Մոցարտի, Բեթհովենի, Բրամսի, Շումանի, Ստրավինսկու, Պրոկոֆյևի և դասական երաժշտարվեստի այլ մեծերի գործերով: Փառատոնի ծրագիրը ներառում է ինչպես սիմֆոնիկ, այնպես էլ կամերային երաժշտության համերգներ: Բոլոր համերգները տեղի կունենան Արամ Խաչատրյան համերգասրահում:

Ընդգծելով իր գործունեության կրթադաստիարակչական մեծ նշանակությունը` Պետ.Ֆիլհարմոնիկն այս տարի ևս Փառատոնի էական մաս է համարում վարպետության դասերը, որ կանցկացնեն Փառատոնի գրեթե բոլոր հյուրերը հայ երիտասարդ երաժիշտների համար:

Երևանյան 5-րդ միջազգային երաժշտական փառատոնի բացման համերգը կկայանա սեպտեմբերի 9-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Ծրագիրը խորհրդանշական է և ամփոփում է Փառատոնի հոբելյանական մեկնարկի տոնական, նաև հաղթական տրամադրությունը. կհնչեն Երվանդ Երկանյանի «Հերոսական» ռապսոդիան` նվիրված Անկախության 20-ամյակին (համաշխարհային պրեմիերա) և Բեթհովենի 9-րդ Սիմֆոնիան: Համերգին կմասնակցեն Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ և Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը (ՀՊԱԵ)` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի գլխավորությամբ: 

Երաժշտական իրադարձությանն առանձնահատուկ շուք կփոխանցի Փառատոնի ողջ ընթացքում գործող լուսանկարչական ցուցահանդեսը: Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գործունեությունը ներկայացնող նոր լուսանկարչական շարքը, ինչպես նաև հայ դասական երաժշտարվեստի մեծանուն գործիչների արխիվային լուսանկարները (հեղ.` Վահան Քոչար) մեկ ամսից ավել կզարդարեն Արամ Խաչատրյան դահլիճի նախասրահը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter