HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Թե ինչպես և ինչու է պառակտվում հնչակյանությունը

18-12_SDHKՍոցիալ Դեմոկրատ-հնչակյան կուսակցության տրոհումը տեղի է ունենում Հայաստանում արդեն տարիներ շարունակ իրեն լիովին արդարացրած նույն տեխնոլոգիայով ու սցենարով: Նախ` ինչ-որ մարդիկ դուրս են գալիս կուսակցությունից կամ հեռացվում են, ապա նրանք «բրենդի» համար սկսում են կռիվ տալ կուսակցության ղեկավարների հետ: Հիմնականում շինծու մասնակիցներով հրավիրում են արտահերթ, արտակարգ և այս կարգի այլ համագումարներ, դրանց միջոցով կուսակցության նախագահ, վարչություն և կառավարման այլ մարմիններ են ստեղծվում, ապա սկսվում է գզվռտոցն այն հարցի շուրջ, թե նույն անունն ունեցող երկու կուսակցություններից որն է լեգիտիմ, ու կուսակցության կնիքը որ ղեկավարի մոտ պետք է գտնվի: Եվ այս ամենն ուղեկցվում է բարոյականության և էթիկայի տարրական նորմերի ոտնահարման, անձնական վիրավորանքների տեղատարափով: Այս սցենարի տարբեր դրսևորումներով պառակտվեցին թե ԱԺՄ-ն, թե ՍԻՄ-ն, թե ՀՌԱԿ-ը: Եվ հիմա, դատելով ընթացող պրոցեսներից, նույնը տեղի է ունենում նաև ՍԴՀԿ-ի հետ: Այն, որ Հնչակյան կուսակցությունը պառակտվում է դրսից` իրագործվող հստակ պլանի համաձայն, չի ապացուցվում սոսկ Վարդան Խաչատրյանին կուսակցության ղեկավար կազմ խցկելու և դրա ամեն կերպ գլուխ  բերելու փորձերից, չնայած այդ փաստն ինքնին բավականաչափ խոսուն է: Լյուդմիլա Սարգսյանի գլխավորած ՍԴՀԿ-ն, ավելի ճիշտ` կուսակցության հայաստանյան կառույցը, ներքին անառողջ մթնոլորտը հաղթահարելու համար համագումար անցկացնելու մասին հայտարարել էր դեռ երկու ամիս առաջ: Եվ դա լիովին տեղավորվում է կուսակցության կանոնադրության շրջանակներում: Սակայն չսպասելով հերթական համագումարին` կուսակցության «անջատողականները»` Սեդրակ Աճեմյանի, Վահան Շիրխանյանի, Գևորգ Պերկուպերկյանի, Վարդան Խաչատրյանի գլխավորությամբ հայտարարում են արտահերթ համագումար անցկացնելու մասին: Եվ այդ համագումարը կազմակերպվում է «աչքից հեռու»` Ծաղկաձորում, կայծակնային արագությամբ` հայտարարությունն անելուց ընդամենը երկու օր հետո: Եվ ինչպես կարելի էր սպասել, այդ արտահերթ համագումարի միակ խնդիրը Լյուդմիլա Սարգսյանին «գահընկեց» անելը և նոր ատենապետ «նշանակելն» էր, որն էլ իրականացվեց առանց որևէ խոչընդոտի: Ակնհայտ է, որ աճեմյանական հնչակյանները նման շտապողականություն դրսևորել են, որպեսզի բանը հերթական համագումարին չհասնի: Իսկ դա կարող էր մեկ պատճառով լինել. նրանք շատ լավ գիտեին, որ հերթական համագումարի ժամանակ կուսակցությունում հեղաշրջում իրականացնելու իրենց պլանը ձախողվելու էր, քանի որ պատվիրակների մեծամասնության կողմից աջակցություն չէր ստանալու: Հակառակ դեպքում, եթե իսկապես կուսակցությունում ղեկավարության նկատմամբ անվստահության լուրջ ռեսուրս լիներ, առաջինը հենց նրանք պետք է շահագրգռված լինեին ամեն ինչ հունվարին նախատեսվող հերթական համագումարի միջոցով լուծելու հարցում: Դա մի կողմից տարատեսակ աճպարարություններ անելու անհրաժեշտություն չէր առաջացնի և կասկածելի շտապողականության և օրինականության տեսակետից գործողությունների դիմելու խնդիր չէր առաջադրի, մյուս կողմից հնարավորութուն կստեղծեր խնդիրը լուծել առանց կուսակցությունը ցնցումների ենթարկելու: Եթե «անջատողականները» գործեին այս տրամաբանությամբ, ապա  Լյուդմիլ Սարգսյանին իրապես կզրկեին ցանկացած մանևրի հնարավորությունից: Մինչդեռ հիմա, անկախ նրանից` որքանով էին աճեմյանականների քայլերը բխում կուսկացության կանոնադրությունից, իրենց վարքագծով նրանք ավելի ամրապնդեցին վերջինիս դիրքերը: Սակայն տվյալ դեպքում կարևորը ոչ այնքան այն է, թե ինչպե՞ս պառակտվեց ՍԴՀԿ-ն այլ` թե ինչու՞: Չնայած ակտիվությանը, Հնչակյանները Հայ ազգային կոնգրեսում այդքան էլ լուրջ դիրքեր չունեին: Հնչակյանները ոչ ազդում էին ՀԱԿ-ի կողմից ընդունված որոշումների վրա, ոչ էլ առանձնապես նման կամք ունեին: Լյուդմիլա Սարգսյանի գործունեությունը ՀԱԿ-ի, (հասկանալ` ՀՀՇ-ի և նրա արբանյակների) որոշումներին մշտապես կողմ արտահայտվելուց այն կողմ չի անցել: Կուսակցությունն անգամ մատը մատին չխփեց, երբ պարզ դարձավ, որ ՀԱԿ առաջնորդը` Տեր-Պետրոսյանը, սկզբունքորեն, որոշ վերապահումներով, ընդունում է ԼՂ հակամարտության և հատկապես հնչակյանների համար «կենսական» համարվող հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերում իշխանության որդեգրած քաղաքականությունը: Հետևաբար ՍԴՀԿ-ն այն ուժը կամ միջոցը չէր, որի միջոցով ՀԱԿ-ը պառակտելու խնդիր դրվեր: Մեկով պակաս, մեկով ավել` ՀԱԿ-ում էական ոչինչ չէր փոխվելու: Այս իմաստով պնդումները, թե ՍԴՀԿ-ի դեմ սանձազերծված պրովոկացիայի և դրա շուրջ «շոու» կազմակերպելու թիրախը ՀԱԿ-ն է, թյուրիմացություն է, ավելի ճիշտ` իրական նպատակները թաքցնելու միջոց: Որքան էլ տարօրինակ թվա, հնչակյանների հետ տեղի ունեցող պրոցեսների արմատները թաքնված են ՀՌԱԿ-ում ամիսներ առաջ ծավալված և արդեն որոշակի իրավիճակի հանգեցրած գործընթացներում: Չնայած ՀՌԱԿ-ն ինքնին լուսանցքային կուսակցություն էր դարձել, սակայն որոշակիորեն պահպանում էր ընդդիմադիր կեցվածքը: Մոտ մեկ տարի առաջ ՌԱԿ հայաստանյան կառույցի ձևավորման պրոցեսում լուրջ ավանդ ունեցած մի խումբ մարդկանց միջոցով ձևավորվեց այլընտրանքային ՀՌԱԿ-ը` ԱՌԱԿ-ը` Արմենական ռամկավար ազատական կուսակցությունը, որը բացահայտ պրոիշխանական կեցվածք ունի և ակտիորեն կառույցներ է ձևավորում նաև հանրապետության մարզերում: Եթե ՍԴՀԿ-ում հաջողվում է կատարել «հեղաշրջումը» անգամ կուսակցության իրական պառակտման միջոցով, ապա ստեղծվում է մի իրավիճակ, երբ ավանդական հայկական կուսակցությունների Հայաստանում գործող բոլոր երեք կառույցները դառնում են չափավոր ընդդիմադիր, կամ որ նույնն է` իշխանության համար վերահսկելի: Արտաքին քաղաքական դաշտում ընթացող գործընթացներն այդ երեք կառույցներին մշտապես ակտիվության դաշտում մնալու հնարավորություն են տալիս: Դրա միջոցով հաջողվում է ամբողջացնել այն, ինչ սկսվեց ՀՅԴ-ի` կոալիցիայից դուրս գալու միջոով: Այսինքն` ստեղծվում է քաղաքական մի միջավայր, երբ արմատական ընդդիմության փլատակների վրա վեր է խոյանում նոր տիպի` իշխանության համար ավելի վերահսկելի ազգային ուղղվածություն ունեցող չափավոր, այսպես կոչված «կառուցողական» ընդդիմություն: Այս օպերացիայի հաջողության հիմնական գրավականն, իհարկե, Սփյուռքում գործող երեք ավանդական կուսակցությունների կենտրոնական վարչությունների ցուցաբերած մեղմ ասած իներտությունն է, կուսակցություններում սկսված ներքին լարումները, որի արդյունքում հայաստանյան կառույցները բացարձակապես բարձիթողի վիճակում են հայտնվել: Սակայն սա առանձին և լուրջ թեմա է, որին դեռ կանդրադառնանք առաջիկայում: Ինչևէ, անկախ նրանից, նոր ընդդիմադիր դաշտը հետագայում կմիավորվի մեկ բևեռում թե ոչ, այն երկու հիմնական խնդիր է լուծելու: Առաջին` վարվող քաղաքականության նկատմամբ լոյալության դրսևորումը տպավորություն է ստեղծելու, թե իշխանության նախաձեռնությունները համահայկական նշանակություն ունեն կամ առնվազն ընդգրկում են ողջ աշխարհասփյուռ հայության շահերը: Դա միանգամայն տեղավորվում է Սերժ Սարգսյանի առաջ քաշած համահայկականության գաղափարախոսության շրջանակներում: Երկրորդ` ձևավորվում է իրական ընդդիմության այլընտրանքային բևեռը, որը այս դաշտում գործող ուժերին երբեք կոնսոլիդացվելու և իրական հասարակական, քաղաքացիական համաձայնության մթնոլորտ, նոր շարժումներ ստեղծելու հնարավորություն չի տալու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter