Փախուստի դիմած դատապարտյալներին գտան
Երեկ ուշ երեկոյան թերթը տեղեկացել է, որ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնաբերել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից փախած ցմահ դատապարտյալներին: Հայտնի դարձավ, որ Սողոմոն Քոչարյանն ու Մհեր Ենոքյանը ձերբակալման պահին միասին չեն եղել:

Թերթին չի հաջողվել պարզել Քոչարյանին հայտնաբերելու տեղը: Իսկ Մհեր Ենոքյանին հայտնաբերել են խանութում, եւ իրավապահների ձեռքն ընկնելուց հետո Ենոքյանը ինքնասպանության փորձ է արել` երկու տեղից կոկորդն է կտրել: Նրան տեղափոխել են թիվ 1 հիվանդանոց, որտեղ վիրահատել են, եւ երբ պարզվել է, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում, անմիջապես տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ:
Նոր զեկույց` նոր տեսագրություններով
Մարտի մեկի դեպքերի ուսումնասիրության նպատակով ստեղծված, սակայն մի քանի ամիս առաջ լուծարված փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանն ու Սեդա Սաֆարյանը հաջորդ տարվա սկզբին պատրաստվում են նոր զեկույց հրապարակել:
Զեկույցը, ինչպես երեկ թերթի թղթակցի հետ զրույցում ասել է փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը, ներառելու է բազմաբովանդակ հարցեր` սկսած մարտի մեկին կատարված սպանությունների, թալանով զբաղվող անձանց ու դրանց տերերի վերաբերյալ նյութերից, վերջացրած պաշտոնյաների հետ փաստահավաք խմբի անդամների հարցուպատասխաններով:
Պատասխան կպահանջեն
Եվրախորհրդարանը Ադրբեջանում խոսքի ազատության վիճակը քննադատող բանաձեւ է ընդունել: Քննարկումների ժամանակ Եվրախորհրդարանի իռլանդացի պատգամավոր Կո Հիգգինսը խստորեն քննադատել է Ադրբեջանի իշխանությանը եւ երեսպաշտ անվանել այդ երկրում տիրող իրավիճակն անտեսողներին:
Հիգգինսը Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը որակել է սարսափելի: «Ադրբեջանում իսպառ բացակայում է մամուլի ազատությունը: Տարիներ շարունակ այդ երկրում լրագրողներ են ձերբակալվում, ծեծի ենթարկվում եւ սպանվում: Մենք պետք է պատասխան պահանջենք Ալիեւի վարչակարգից, բացահայտ պետք է հարցնենք, թե ինչու է նա նման սարսափելի հաշվեհարդարներ տեսնում: Իհարկե, դրա պատճառը Ադրբեջանում առկա կոռուպցիոն վարչակարգի առկայությունը թաքցնելն է»,- ասել է Կո Հիգգինսը:
Ադրբեջանի բողոքի նոտան ԱՄՆ-ին
Դեկտեմբերի 18-ին Ադրբեջանը բողոքի նոտա է տվել Միացյալ Նահանգներին: Այս կոշտ հակազդեցությունը Բաքուն պայմանավորել է Լեռնային Ղարաբաղին 8 միլիոն դոլար ֆինանասական օգնություն տրամադրելու ԱՄՆ-ի Կոնգրեսի ընդունած որոշումը:
Նոտայում նշվել է, որ որոշումը օկուպացման տակ գտնվող ադրբեջանական տարածքում իրականացնելու դեպքում Բաքուն դա ընկալելու է որպես Հայաստանին աջակցելու դրսեւորում, ինչը բացասաբար կանդրադառնա ղարաբաղյան հիմնահարցի կարգավորմանը:
Ի դեպ, այս որոշման ընդունումից հետո Միլի մեջլիսը հատուկ հանձնաժողով էր ստեղծել, որ դրա առնչությամբ բանակցություններ վարի ԱՄՆ Կոնգրեսի եւ նախագահ Բարաք Օբամայի հետ:
Մամուլից պաշտպանվելու օրենք են ուզում
Նախօրեին հայտնի դարձավ, որ Ազգային Ժողովում մամուլի հետ կապված նոր օրենսդրական նախաձեռնությունն արդեն շրջանառության մեջ է եւ կքննարկվի գարնանը: Եթե մի կողմ թողնենք բոլոր իրավական նրբերանգները, ապա «նախաձեռնության» իմաստն այն է, որ «զրպարտություն» եւ «վիրավորանք» հոդվածներով լրագրողներին չեն կալանավորի, բայց մի լավ կտուգանեն:
Ընդ որում`«պատվի, արժանապատվության եւ գործարար համբավի» արատավորման դեպքում տուգանքները կարող են հասնել մի քանի միլիոն դրամի: Թե ինչու են իշխանությունները բարիացել ու որոշել հրաժարվել անցանկալի լրագրողներին «օրենքով» կալանավորելու հնարավորությունից` հասկանալի է:
Լրագրողի կալանքը լուրջ գլխացավանք է, միջազգային ատյաններում աղմուկ է բարձրանում եւ այլն, իսկ «սուսուփուս տուգանելով» կարելի է սնանկացնել ցանկացած լրատվամիջոց եւ վերջ: Ի դեպ, արդեն մեկուկես տարի է, ինչ իշխնությունները լրջորեն լծվել են մամուլի «սանձերը քաշելու» գործին, եւ այդ թեմայով մի քանի «օրենսդրական նախաձեռնություններ» են ներկայացվել` մեկը մեկից անհեթեթ ու ծիծաղելի:
Փորձում են տանել ոստիկանությո՞ւն
Թիվ 10 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու, քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը երեկ թերթին հայտնել է, որ ինքը պատրաստվում է դեկտեմբերի 28-ին հանել իր թեկնածությունը հօգուտ Նիկոլ Փաշինյանի: Պարոն Հովհաննիսյանը նաեւ տեղեկացրել է, որ վերջին օրերին իրեն փորձում են տանել Կնետրոնի ոստիկանություն.
«Ինչ-որ անհեթեթ առիթով, թե իբր իր թեկնածությունն առաջադրած, բայց գրանցումից առաջ ընտրագրավը չվճարելու կապակցությամբ ընտրապայքարից հրաժարված նախկին թեկնածուներից մեկը (Վովա Կոստանյանը-խմբ.) ինչ-որ բողոք է ներկայացրել: Ինձ հրավիրում էին ոստիկանություն, ընդ որում` ճնշման միջոցով, մինչդեռ ես պատգամավորության թեկնածու եմ եւ օգտվում եմ անձեռնմխելիության հնարավորությունից, ընտրական քարոզչությանը դեռեւս մասնակցում եմ եւ, ինչպես ասել եմ, միայն դեկտեմբերի վերջին եմ հանելու իմ թեկնածությունը Նիկոլ Փաշինյանի օգտին»:
Խոստովոնաեցի՞ր, զավակս
Իշխող կոալիցիայի ներկայացուցիչը երեկ, ըստ էության, պաշտոնապես հայտարարեց, որ իշխանությունները մտադիր չեն բացահայտել Մարտի 1-ի սպանությունները: ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանով հայտարարեց, թե Մարտի 1-ի էջը փակված է:
Եթե նույնիսկ չնկատելու տանք այս հայտարարության տրամաբանության ահռելի խութերը, պետք է արձանագրենք, որ Մարտի 1-ը Մարտի 1 է` առաջին հերթին այն պատճառով, որ այդ օրը ՀՀ առնվազն 10 քաղաքացի է զոհվել, եւ այդ սպանությունների հեղինակները մինչեւ օրս բացահայտված չեն:
Եւ եթե իշխանությունը, առանց սպանությունների բացահայտման, հնարավոր է համարում Մարտի 1-ի էջի փակումը, սա արդեն գրեթե սենսացիոն իրողություն է, չնայած` այս ընթացքում նույն իշխանության կողմից գործընթացները հենց այս ուղղությամբ են տարվել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել