Նոր մոտեցումներ ԼՂՀ հիմնահարցին
Սեպտեմբերի 8-ին Երեւանի պետական լեզվաբանական համալսարանում մեկնարկեց «Նոր մոտեցումներ ԼՂՀ հիմնահարցին» խորագրով գիտաժողովը: Այն նվիրված է Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակման 20-ամյակին:
Բացման խոսքով հանդես եկավ ԵՊԼՀ ռեկտոր, պրոֆեսոր Սուրեն Զոլյանը: Ինչպես վերջինս նշեց, նման գիտաժողովները նպաստում են Լեռնային Ղարաբաղի այսօրվա մասին առավել ճշգրիտ պատկերացումներ կազմելուն: Նրա խոսքով` այսօր Լեռնային Ղարաբաղի առջեւ ծառացած են երկու խումբ խնդիրներ` ներքին եւ արտաքին:
«Ներքին առումով կարեւորն այն է, որ Լեռնային Ղարաբաղն իրականացնում է պետությանը բնորոշ բոլոր հատկանիշները, եւ ամեն օր ակնհայտ է դառնում, որ այն զարգանում է»,- նշեց Ս.Զոլյանը:
Անդրադառնալով արտաքին խնդիրներին` ԵՊԼՀ ռեկտորը շեշտեց, որ դրանցից առանցքայինը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումն է, ինչի ուղղությամբ դեռեւս մեծ աշխատանք է պետք տանել:
«Անլուծելի կոնֆլիկտների լուծումներ» թեմայով ելույթ ունեցավ քաղաքագիտական գիտությունների դոկտոր Տիգրան Թորոսյանը, ով, զուգահեռներ անցկացնելով Ղարաբաղի և Կոսովոյի հակամարտությունների միջև, ասաց. «Երկուսն էլ ինքնորոշման հակամարտություններ են, որոնք իրավական և փաստագրական գործոնների առումով ունեն շատ մեծ ընդհանրություններ, սակայն միջնորդների շահերի և ազդեցությունների տեսակետից տարբերություններն էական են»:
Կարեւորելով նման գիտաժողովների անցկացումը` ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Թորոսյանը նշեց, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ տեսական մոտեցումների մշակումը խիստ կարեւոր է հետագայում դրանք բանակցային պրակտիկայում կիրառելու տեսանկյունից:
Իսկ ՀՀ Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն անդրադարձավ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքի հարաբերությանը` մեջբերելով ՄԱԿ-ի կանոնադրությունից և Հելսինկյան հռչակագրի 8 սկզբունքներից:
Գիտաժողովին ներկա էր նաև Արցախի հանրապետության պատվիրակությունը։
ԼՂՀ համալսարանի պրոռեկտոր, պրոֆեսոր, ԼՂՀ ազգային ժողովի պատգամավոր Վահրամ Բալայանն անդրադարձավ ինքնորոշման և տարածքային ամբողջականության հետ կապված մի շարք հիմնահարցերի։
Գիտաժողովին մասնակցում են նաեւ ներկայացուցիչներ Արցախի պետական համալսարանից, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայից, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանից, ինչպես նաեւ անհատ վերլուծաբաններ, փորձագետներ, ուսանողներ:
Մեկնաբանել