Գյումրիում անցկացվեց բնակարանների վիճակահանություն
Այսօր, Գյումրիի դրամատիկական թատրոնի դահլիճում գյումրեցի 96 անօթեւան ընտանիքների համար բնակարանների բաշխման հանձնաժողովը, ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանի ղեկավարությամբ, անցկացրեց բնակարանների վիճակահանություն: Ներկա էին նաեւ մարզպետ Լիդա Նանյանը, քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:
Վիճակահանությունը անձամբ կատարում էին բնակարան ստացող անօթևանները: Հանձնաժողովի որոշմամբ, ընտանիքում հաշմանդամ ունեցող անօթևանների համար, իրենց ցանկությամբ, պետք է կատարվեր առանձին վիճակահանություն` շենքերի առաջին հարկերի համար: Վիճակահնության ընթացքում եղան նաեւ մարդիկ, ովքեր հենց բեմում հայտարարեցին, որ տվյալ փուլում հրաժարվում են բնակարան ստանալուց: Նրանց քաղաքաշինության նախարարը խորհուրդ տվեց դիմում գրել, որտեղ բնակիչը պարտավոր է նշել նաև հրաժարվելու պատճառը: Երկու շենքերի 96 բնակարաններից վիճակահանվեցին 1 սենյականոց 40, երկու սենյականոց` 32, երեք սենյականոց` 24 բնակարան: Դեկտեմբերի 23-ին բնակարանատերերին տրամադրվելու են բնակարանների հաստատման մասին հավաստագրեր և բանալիները: Հավաստագրերը ստանալուց հետո միայն անօթևաններին հնարավորություն կտրվի այցելել իրենց նորակառույց բնակարանները: Բնակարան ստացած անօթևանները պարտավորվելու են 2 ամսվա ընթացքում ազատել իրենց ժամանակավոր կացարանների տարածքները, դրանից հետո միայն կօրդերավորվեն:
Անօթեւան Վոլոդյա Գեւորգյանը «Հետք»-ին տված հարցազրույցում ասաց, որ չի պատրաստվում 2 ամսից տեղափոխվել նոր բնակարան: Վիճակահանությամբ նրա ընտանիքին բաժին էր հասել «Գլենդել հիլզի» կառուցած շենքերից 15 շենքի 14 բնակարանը: «Ջեռուցում չկա, կոմունալ հարմարություն չկա, գնամ ի՞նչ անեմ, մինչեւ գարուն չգա, օրերը չտաքնան, ես ընտեղ գնացողը չեմ, մանավանդ իմացել եմ, որ մեջը հեչ բան չկա,- պարզաբանեց Վոլոդյա Գեւորգյանը,- տղես ընտեղ «բետոնուզելի» վրա կաշխատեր, գիտեմ, որ ամուր հիմքերով շենքեր են»: Վիճակահանությունից հետո մի քանի բնակիչներ փորձել էին այցելել շինհրապարակ եւ տեսնել ապագա բնակարանները, սակայն ուղեփակոցից այն կողմ թույլ չէին տվել անցնել: Համոզվելու համար, ինքս կրկին անգամ այցելեցի շինհրապարակ: Պարզվեց, որ մուտքն օտարների համար ազատ կլինի դեկտեմբերի 23-ին:
Իսկ դեկտեմբերի 19-ի դրությամբ հանձնվող շենքերից մեկի դիմաց` երկու կողմից ձգվող կարմիր պաստառներից այն կողմ, 5 օր առաջ ասֆալտած հատվածի լվացման աշխատանքներն էին ընթանում: Մայթերը դեռ չէին ուրվագծվում, պատրաստ էին միայն ասֆալտե հատվածը երիզող մայթեզրի քարերը: Ուղեփակոցի մոտ կանգնած աշխատակիցները հավաստիացրին, որ մինչեւ դեկտեմբերի 23-ը մայթերն էլ պատրաստ կլինեն:
«Ձյունը չի խանգարի, էս թաց եղանակին ասֆալտ են անում,- հետաքրքվեցի ուղեփակոցը հսկող աշխատակիցներից մեկից»: «Չէ, հա, քուրո ջան, Մոսկվայում էս եղանակներին բա ո՞նց են անում»,- պատասխանեց աշխատակիցը:
Տեսանյութեր
Լուսանկարներ

Մեկնաբանել