HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Բերդի համայնքներում սկեսուրը հաճախ հարսին վտարում է տնից

21_12-g_zakaryan

Տավուշի մարզի Բերդի 17 համայնքները սպասարկող միակ փաստաբան Գայանե Զաքարյանը մեր այցելության պահին իրավաբանական խորհրդատվություն էր անցկացնում մի տարեց կնոջ հետ: Վերջինս դժգոհում էր հարսից, ասում էր` այլեւս չենք կարող միասին ապրել:

Կնոջը մի քանի տարբերակներ առաջարկելուց հետո Գայանե Զաքարյանն ասաց, որ խնդրի լուծման ծայրահեղ միջոց էլ կա` հարսին վտարել տնից: Տարեց կինն առանց երկար մտածելու համաձայնեց, փաստաբանն էլ խնդրեց հաջորդ անգամ տան սեփականության վկայականով ներկայանալ` դատական հայց պատրաստելու համար: «Շատ է լինում, որ հարս ու սկեսուր չեն կարողանում հաշտ ապրել, սկեսուրը վտարում է հարսին, եթե տան սեփականատերն է: Այժմ օրենքը դա թույլ է տալիս: Վերջերս մի գործ ունեի, որ սկեսրայրը, 25 տարի միասին ապրելուց հետո, վտարեց հարսին, թոռներին եւ իր տղային: Նման գործերը ոչ դատավորին է հաճելի, ոչ ինձ»,- ասում է Փաստաբանների պալատի անդամ Գայանե Զաքարյանը: Նա 2003 թվականից Բերդում փաստաբանական գործունեություն է իրականացնում: «Երեք տեսակի ծառայություններ եմ մատուցում` փաստաբանական խորհրդատվություն, քաղաքացիաիրավական ոլորտի ծառայություն եւ քրեական գործերով պաշտպանություն: Երեւանում իմ գործընկերները նեղ մասնագիտացման ուղով են գնում, իսկ այստեղ հնարավոր չէ մասնագիտանալ, որովհետեւ ես 17 համայնք եմ սպասարկում, ֆիզիկապես չեմ հասցնում»,-ասում է Գ.Զաքարյանը: Տարածաշրջանի բնակչության իրավագիտակցությունը բարձրացնելու համար փաստաբանը որոշել է այցելել համայնքներ եւ անվճար խորհրդատվություն իրականացնել: «Այստեղ մարդիկ գալիս են փաստաբանի մոտ` կարծես նա հոգեբան է, իրենց ընտանեկան խնդիրներն են ներկայացնում, ժամերով խոսում են, իրավագիտակցությունը ցածր է, թեեւ հիմա մեծ առաջընթացք է զգացվում,- նշում է Գայանե Զաքարյանը: - Վերջերս 63-ամյա կինը դատարանով բաժանվեց 66-ամյա ամուսնուց: Դատավորն էլ էր զարմացել, թե 40 տարվա համատեղ կյանքից ու թոռներ ունենալուց հետո ինչպես են բաժանվում: Սա եւ դրական եւ բացասական կողմ ունի: Բացասականն այն է, որ ընտանիքի ամրությունն է վտանգվում, դրականն էլ այն է, որ մարդն օգտվում է իր իրավունքներից, ինքն է որոշում` ապրել ամուսնու հետ, թե ոչ»: Փաստաբանին հաճախ դիմում են անշարժ գույքի սեփականության իրավունքի, ժառանգության գործերով, տարածաշրջանին նաեւ բնորոշ են հողային վեճերը: Իսկ քրեական հանցագործությունների մասով որակական փոփոխություններ են զգացվում. «Մի քանի տարի առաջ համատարած գողություն էր համայնքներում, այժմ գերիշխում են ավազակությունն ու կողոպուտը: Մենք քննիչ ունենք, որն ասում է, որ կողոպուտի դեպք վերջին անգամ 20 տարի առաջ էր եղել եւ հիմա: Սա նաեւ հեռուստատեսության ազդեցությունն է: Գյուղերում մի քանի ավազակային հարձակումներ էլ են եղել, որոնք մինչ օրս չեն բացահայտվել: Բռնաբարություն եւ սպանություն էլ է լինում: Վերջերս սպանության մի ցնցող դեպք էր եղել. կենցաղային հողի վրա, առանց որեւէ լուրջ պատճառի որսորդական հրացանը վերցրել էր եւ մոտ տարածությունից գնդակահարել»,- պատմում է Գայանե Զաքարյանը: Փաստաբանն իր աշխատանքի գերագույն վարձատրությունն է համարում անմեղ մարդկանց ազատումը պատժի կրումից: «Եթե ես, իրոք, զգում եմ, որ մարդն անմեղ է, ամեն ինչ անում եմ, որ նրան արդարացնեն: Օրինակ` վերջերս շորթման դեպքի առթիվ ես կարողացա հասնել քրեական գործի կարճման որոշման, որովհետեւ այդ մարդը մեղավոր չէր: Սա իմ աշխատանքի ամենամեծ վարձատրությունն է: Ժողովրդի մեջ պետք է սերմանել, որ կարող ես արդարացման դատավճռի հասնել»,- ասում է Բերդի փաստաբանը: Երբեմն դատավարության 2 կողմերն էլ կամ 2 մեղադրայլներն էլ դիմում են փաստաբանին: Այդ դեպքում Գայանե Զաքարյանը չի կարողանում երկուսին էլ պաշտպանել եւ Իջեւանի փաստաբաններին են ներգրավում: «Երեւանում ավելի հեշտ է աշխատել, որովհետեւ երեւանցիներիներն ավելի հեշտ են հասկանում, թե փաստաբանն ինչ իրավասություն ունի եւ իրենցից ինչ է ակնկալվում: Իսկ այստեղ պետք է համբերատար լինես, մարդկանց լսես: Իմ բոլոր հաճախորդները հետագայում դառնում են իմ բարեկամները: Վերջերս մի զույգ էր ամուսնալուծվում, նրանք դատական կարգով բնակարանն էին բաժանում իրենց միջեւ: Այդ ընթացքում նրանց կապերն այնքան ամրացրի, որ նրանք միացան իրար: Հաճախակի զանգում եմ, ասում են, որ հիմա շատ լավ են իրար հետ»,- պատմում է Գայանե Զաքարյանը: Նա ցանկանում է մեծացնել իր գրասենյակը, նոր փաստաբաններ աշխատանքի ընդունել` 17 համայնքներին լիարժեք սպասարկելու համար, սակայն մասնագետներ դեռ չի գտնում, քանի որ տեղացիները Երեւանում կրթություն են ստանում եւ մնում են այնտեղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter