Հարկային տեռոր
Երեկ վաղ առավոտյան ոսկու շուկա են ներխուժել Պետեկամուտների կոմիտեի աշխատակիցները և սկսել տուգանքների ենթարկել շուկայի աշխատակիցներին: Կեսօրին արդեն տուգանվել էին շուկայի ավելի քան 30 առևտրականներ:
Անցած շաբաթ «Հայկական ժամանակը» տեղեկացրել էր, որ Հարկայինի աշխատակիցները առևտրականներից 100 հազարական դրամ տուգանք են պահանջում` սպառնալով, որ հակառակ դեպքում ավելի մեծ տուգանքների կենթարկեն: Երեկվանից, փաստորեն, հարկայիններն իրականացնում են այդ սպառնալիքը:

Երեկ հարկային «դրբի տակ ընկածները» տուգանվել են երկուական միլիոն դրամով, իբր` արտարժույթով առևտուր իրականացնելու համար: Երեկվա դրությամբ ոսկու շուկայում իրավիճակը խիստ լարված էր` երկու միլիոն դրամ տուգանվել են մարդիկ, ում ամբողջ ապրանքի գինը հազիվ մեկ միլիոն է կազմում: Թե ինչ զարգացումներ կունենա այս գործընթացը, կերևա առաջիկայում:
Եվրոպացիներին «քրֆելու» ժամանակը
Երբ անցած շաբաթ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական հանձնաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի նիստում Հայաստանի հարցով համազեկուցողներ Ժորժ Կոլոմբիեն և Ջոն Պրեսկոտը «հույժ կարևոր պատճառաբանությամբ» չներկայացրին Մարտի 1-ի խորհրդարանական հանձնաժողովի զեկույցի մասին իրենց զեկույցը, Հայաստանի իշխանական վերնախավը տոգորվեց առանձնակի խանդավառությամբ: Այն աստիճանի, որ ՀՀԿ-ական Էդուրադ Շարմազանովը երկու եվրոպացիների բացակայությունը որակեց որպես «Մարտի 1-ի էջը փակված լինելու» վկայություն:
Սակայն այն, ինչ երեկ հայտնի է դարձել նույն Պրեսկոտի և Կոլոմբիեի զեկույցի մասին, վկայում է, որ ԵԽ ԽՎ-ն իրականում ևս մեկ անգամ թերթում է Մարտի 1-ի էջը: Պարզվում է` ԵԽ ԽՎ համազեկուցողների չհրապարակված զեկույցում, ըստ էության, անվստահություն է հայտնվում Սամվել Նիկոյանի հանձնաժողովի զեկույցին: Սակայն մտահոգիչ է ոչ այնքան անվստահություն հայտնելու, որքան զեկույցը չհրապարակելու փաստը: Ինչպես նաև այն, որ Հայաստանի իշխանությունները չեն հասկանում կամ ցույց են տալիս, թե չեն հասկանում, թե ի՞նչ է թաքնված դրա հետևում:
Իսկ ամեն ինչ ավելի քան պարզ է: ԵԽ ԽՎ-ն իշխանություններին ուղիղ տեքստով (զեկույցի) հասկացրել է, որ կարող է Մարտի 1-ի վերաբերյալ գնահատականը շատ խիստ լինի, և կրկին լիագումար նիստում հայտնվի Հայաստանի հարցը, եթե Հայաստանը չկատարի հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություննեռրի հետ կապված պարտավորությունները: Այսինքն` համազեկուցողների «բացակայությամբ» ԵԽ ԽՎ-ն իշխանություններին ընդամենը ժամանակ է տվել: Իսկ մինչ այդ ՀՀԿ-ականները հավանաբար կվերադառնան եվրոպացիներին «քրֆելու ռեժիմին»:
«Պատուհաններից թռիչքագոտին լավ երևում էր»
Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող Տու-154 օդանավը, որը պատկանում է «Աէրոֆլոտ» ընկերությանը, դեկտեմբերի 19-ին պետք է Երևանում լիներ առավոտյան մոտ ժամը 4-ին, սակայն հարկադիր վայրէջք է կատարել Թեհրանում: Խուճապահար ուղևորները ստիպված են եղել պարսկական օդակայանում 6-7 ժամ անցկացնել:
Ինքնաթիռի անձնակազմը պաշտոնապես հայտարարել է, որ պատճառը երևանյան մառախուղն է և ոչ թռիչքային եղանակը: Սակայն ուղևորները չեն հավատացել օդաչուների բացատրությանը և վստահեցնում են, որ ռուսական օդանավը Թեհրանում իջնելու այլ, անհայտ պատճառներ է ունեցել: Նրանք պատմում են, որ երբ ինքնաթիռը վայրէջքի էր գնում, ոչ մի մառախուղ չկար, և պատուհաններից թռիչքագոտին լավ երևում էր: Բայց «Զվարթնոց» օդակայանի թռիչքագոտուն ընդամենը մի քանի մետր չհասած` օդանավն անսպասելիորեն կրկին օդ է բարձրացել ու թռել Իրան:
Օթյակային կառավարումը տապալվեց
«2009-ին հայաստանյան քաղաքական դաշտում մենք ձեռք բերեցինք մտածող մարդկանց այն խումբը, ովքեր համակարծիք են, որ Հայաստանին նոր հասարակարգ է անհրաժեշտ: Այնպիսի փոփոխություններ, որոնք կբերեն մեր հասարակության նորատիպ զարգացման». ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը սա է համարում անցնող տարվա ամենամեծ և ամենալուրջ ձեռքբերումը:
«Հայաստանի կառավարման օթյակային, ավելին` սեկտային տարբերակն իրեն չարդարացրեց: Վերևից հրահանգվող կառավարումն իրեն սպառել է և կամաց-կամաց այս առիթով և քննարկումներ, և արդեն գործողություններ կլինեն: Եկող նոր ուժերն ու մարդիկ էլ, կարծում եմ, պետք է նաև մի քիչ երազկոտ, մի քիչ հավակնոտ լինեն»,- թերթի հետ զրույցում 2009 թվականը ամփոփել է ՆԺԿ նախագահը:
Լավ է չի վաճառել
Կապի և տրանսպորտի նախարարությունում իրականացրած ստուգումների արդյունքում նախագահի վերահսկողական ծառայությունը պարզել է, որ Երևանի կենտրոնական ավտոկայանը բանկերից մեկում գրավ է դրված` 650 000 դոլարի դիմաց:
«ՉԻ» - Հետաքրքիր է, իսկ Երևանի մետորպոլիտենը գրավի տակ չէ՞: Չէ, լուրջ ենք հարցնում, անպայման պետք է ստուգել: Կառավարության շենքը նույնպես, ի դեպ, կարգին անշարժ գույք է, և շատ բանկեր հաճույքով դրա դիմաց վարկ կտային (եթե արդեն չեն տվել):
Ընդ որում, դեռ լավ է Տրանսպորտի և կապի նախարարությունը գրավ է դրել ընդամենը ավտոկայանի շենքը: Կարող էր նաև վաճառել: Պատմությունից հայտնի է, օրինակ, որ ժամանակին ինչ որ արկածախնդիր հաջողացրել է երկու անգամ վաճառել Էյֆելյան աշտարակը, ընդ որում` երկու անգամն էլ ներկայացել է որպես նախարարության աշխատակից: Այլ հարց է, որ Ֆրանսիայի իշխանությունները դա համարել են քրեական հանցագործություն և համապատասխան գործ են հարուցել: Իսկ մեզանում դա համարվում է «սովորական բացթողում»: Ի՞նչ է պատահել, եղած-չեղածը մի ավտոկայան են գրավ դրել, հո աշխարհը չքանդվե՞ց:
Ի պատասխան Ադրբեջանի ռազմաշունչ հայտարարությունների
Ստեփանակերտում ԼՂՀ բանակի սպայական անձնակազմի հավաքին ներկա Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը անդրադարձել է Ադրբեջանի ռազմաշունչ հայտարարություններին. «Մենք աշխատում ենք հնարավորինս չարձագանքել դրանց: Սակայն անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք ոչ միայն պատասխանել, այլև կոնկրետ քայլեր ձեռնարկել: Մենք բոլորս տեսել ենք պատերազմ, գիտենք նրա արհավիրքների ու դժբախտությունների մասին, Ադրբեջանի իշխանություններն էլ տեսել են այդ ամենը և ամեն ինչ պետք է անեն` պատերազմից խուսափելու համար: Սակայն դա ամենևին չի նշանակում, որ մենք Ադրբեջանից խաղաղություն ենք խնդրում, մենք ամուր կանգնած ենք մեր դիրքերում, և եթե հարկ լինի, պատշաճ մակարդակով կլուծենք մեր առջև դրված խնդիրները, կպաշտպանենք մեր հայրենիքը»,- ասել է Ս. Օհանյանը:
Աղթամարը կբացվի սեպտեմբերի 12-ին
Վանի նահանգապետ Մյունիր Քարաօղլուն հայտարարել է, որ Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին ժամերգությունների համար կբացվի 2010 թվականի սեպտեմբերի 12-ին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել