Ռուսաստան մեկնեցին հույսերով, բայց հայտնվեցին չքավորի կարգավիճակում
«Կյանքում այլեւս արտերկիր չեմ գնա ապրելու: Արտերկրի համն արդեն տեսել եմ: Հեռվից ձայնը քաղցր է հնչում, բայց իրականում շատ դժվար է»,-ասում է 6 երեխաների մայր Լեյլի Պարսամյանը` ով վերջերս մեծ դժվարությամբ է տեղափոխվել Հայաստան:
2001 թվականին Լեյլիի ամուսինը` Ռաֆիկ Գրիգորյանը աշխատելու նպատակով մեկնել է Ռուսաստան` Նիժնի Նովգորոդ: Նրան հրավիրել էր ազգությամբ հայ գործարար: Սկզբում Ռաֆիկի գործերը լավ են եղել ու մեկ տարի անց իր մոտ է կանչել կնոջն ու 5 երեխաների, 6-րդ երեխան` երկու տարեկան Դիանան ծնվել է Ռուսաստանում:
«Սկզբից շատ լավ էր: Տուն էինք վարձել ապրում էինք: Ամուսինս էլ նորմալ աշխատում էր: 2007 թվականից մեր գործերը վատացավ: Ամուսինս գործ չուներ ու սկսվեց մեր դժվարությունները: Մոտ 2 տարի այնտեղ ապրել ենք մեր հայերի շնորհիվ, մեզ շատ են օգնել: Փող չունեինք, որ նույնիսկ Մոսկվա գնայինք` գոնե Հայաստանի դեսպանատնից օգնություն խնդրեինք»,-«Հետքին» պատմում է տիկին Լեյլին: Նրա ասելով` մի քանի անգամ փորձել է գտնել հայ համայնքի ղեկավարին, բայց չի հաջողվել: Մի անգամ էլ ծանոթներից մեկը հայ համայնքի ղեկավարի հեռախոսահամարն է գտել ու փոխանցել Լեյլին: «Ուրախ-ուրախ զանգեցի` մտածելով, որ ինչ որ բանով մեզ կօգնեն, բայց հուսահատվեցի, քանի որ հեռախոսահամարը սխալ էր»,-հիշում է Լեյլին: Տիկնոջ պատմելով` մինչեւ Հայաստանից գնալը իրենց Ռուսաստանից հուսադրում էին, որ ամեն ինչ լավ կլինի եւ Ռաֆիկը բարձր աշխատավարձ կստանա: Սկզբից, իրոք լավ է եղել: Ռաֆիկը տեղավորվել է աշխատանքի եվրո դուռ եւ պատուհան արտադրող գործարանում: Կնոջ ասելով, ամուսնուն կայուն աշխատավարձ չեն տվել: «Մի քանի ռուբլի տալիս էին, որ ապրեինք ու տան վարձը տաինք, մնացած գումարն ասում էին` կտանք այն ժամանակ, երբ որոշեք գնաք այստեղից: Երբ որոշել էինք, որ պիտի հետ գանք` արդեն այդ գումարները չտվեցին: Նույնիսկ չգիտեինք էլ, թե ինչքան գումար էին մեզ տալու»,-պատմում է Լեյլին: Նրա ասելով, Հայաստանում աշխատանք չեն ունեցել եւ մտածել են, որ Ռուսաստանում աշխատանք անպայման կգտնեն` կաշխատեն կապրեն: «Ամուսինս 20 տարի աշխատել է «Զվարթնոց» օդակայանում: Նրան ազատեցին աշխատանքից: 1998-2001 թ.թ. անգործ է մնացել` ապրել ենք ընդամենը 15 հազար դրամ նպաստով ու սկեսրոջս թոշակով: Ամուսինս որ գնաց, մենք էլ լավ հույսերով գնացինք` առանց իմանալու, որ մեր գլխի տակ փափուկ բարձ են դնում»,-ասաց Լեյլին: Ռուսաստանում արդեն աղքատության մեջ հայտնված այս ընտանիքին օգնել է Մոսկվայում ապրող հայազգի Սիլվա Մարտիրոսյանը: «Սիլվայի հետ պատահմամբ ենք ծանոթացել, որպես մեծ կին հարգել ենք իրեն, նա էլ մեզ է շատ հարգել ու օգնել: Նույնիսկ իր թոշակից մեզ գումար էր տալիս, որ ապրեինք: Մոսկվայից մեզ ուտելիքներ էր ուղարկում»,-հիշում է Լեյլին: Սիլվա Մարտիրոսյանը կապ է հաստատել Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ եւ ներկայացրել է Գրիգորյանների ընտանիքի պատմությունը: Նախարարությունն էլ դիմել է տեղի հայ համայնքի ղեկավար` Տիգրան Մամիկոնիչին (Լեյլին այդպես է հիշում նրան) ու դրանից հետո սկսել են զբաղվել նրանց հարցերով: Լեյլին հուզվում էր, երբ հիշում էր, թե իրենց ովքեր են օգնել: Բոլորն էլ եղել են օտար մարդիկ, բայց հայեր: Երեւանից էլ սփյուռքի նախարարության միջոցով իրենց շատ է աջակցել գազի ոլորտի փորձագետ Արթուր Ղազարյանը: Մենք կապ հաստատեցինք հայ ընտանիքին օգնած Սիլվա Մարտիրոսյանի հետ: Նա շնորհակալություն հայտնեց Հրանուշ Հակոբյանին եւ Արթուր Ղազարյանին ու «Հետքին» պատմեց, որ մի ամբողջ գիրք կարող է գրել Ռուսաստանում ապրող նման հայ ընտանիքների մասին: «Հայաստանում ուսուցիչ եմ եղել, բայց արդեն 23 տարի է ապրում եմ Մոսկվայում: Ես հայ եմ ու իմ հնարավորության սահմաններում պարտավոր եմ օգնել կարիքի մեջ հայտնված հայ ընտանիքներին: Նպատակս է ստեղծել մի ընկերություն, որը կօգնի տուն դարձող հայերին: Եթե հայրենիքում մեկը օգնության կարիք ունի` նրան օգնում են, իսկ այս երկրում նմաններին ոտնատակ են տալիս: Այս ընտանիքով հետաքրքրվելով` Նոր տարվա նախաշեմին ինձ մեծ նվեր մատուցեցիք»,-անկեղծացավ 57-ամյա Սիլվա Մարտիրոսյանը: «Ես գնացել եմ ոստիկանություն, խնդրել եմ, որ մեզ դեպորտ անեն, որ գոնե Մոսկվա չգնայինք թղթերի հարցը լուծելու համար: Մոսկվա հասնելու համար ճանապարհածախսը 10 000 ռուբլի էր կազմում: Այդքան էլ հետ գալու համար պետք է ծախսեինք` չհաշված, որ 20 000 ռուբլի դեսպանատանը պետք է վճարեինք: Դա արդեն մեր ուժերից վեր էր: Ոստիկանությունում դեպորտը խփեցին, եկանք օդակայան ասեցին` ծնողները թող գնան երեխաները մնան, քանի որ առանց վերադարձի թղթի երեխաներին չենք կարող ճանապարհել: Պարզ է, որ չէինք կարող երեխաներին թողնել: Դրանից հետո ուղիղ 2 ամիս փաստաթղթերի հարցերն ենք կարգավորել: Բոլորը զարմացել էին, որ կամավոր էինք դեպորտ խփում, որ 5 տարի Ռուսասատան չմտնենք»,-ասում է Լեյլին: Նրա ներկայացմամբ, Ռուսաստանում մնալ այլեւս հնարավոր չէր: Հատկապես վերջին մի քանի ամիսներին այնքան վատ են ապրել, որ չեն կարողացել նույնիսկ տան վարձը վճարել: Մոտ 2000 դոլար տան վարձ ունեն պարտք, սակայն ազգությամբ ռուս տանտերը նրանցից գումարը չի պահանջել: «Նրանք էլ էին հասկանում մեր վիճակը: Ասում էին մենակ ստեղից գնացեք, երեխեքին տարեք` վարձը պետք չի: Ամիսը 500 դոլար տան վարձ էինք տալիս»,-ասում է Լեյլին: Փաստաթղթերի հարցը վերջապես կարգավորել է Տիգրան Մամիկոնիչը: Նա իր որդու հետ իրենց անձնական մեքենայով Լեյլիին ու Ռաֆիկին տարել է Մոսկվա` դեսպանատուն: «Այնտեղ տվեցին միայն իմ եւ 4 անչափահաս երեխաներիս փաստաթղթերը: 2 չափահաս աղջիկներիս համար ասեցին, որ իրենք անձամբ պետք է ներկա լինեն եւ ստանան վերադարձի թուղթը: Հայրս հիվանդ էր, ես 4 երեխաներիս հետ շտապ եկա Հայաստան, իսկ ամուսինս 2 աղջիկներիս հետ մնացել են այնտեղ: Սպասում ենք, որ մոտ օրերս իրենք էլ կգան»,- ասում է Լեյլին: Մինչեւ վերջերս փոքր աղջիկը` Դիանան ծննդյան վկայական չի ունեցել: Ռուսաստանի պատկան մարմինները պատճառաբանել էին, թե աղջկա ծնողները ռուսաստանի քաղաքացիներ չեն, հետեւաբան ծննդյան վկայական տալ չեն կարող: Ծննդյան վկայականը նույնպես հայ համայնքի ղեկավարի միջամտությամբ են ստացել, քանի որ առանց անձը հաստատող փաստաթղթի` ետ վերադարձի փաստաթուղթը չէին կարող դեսպանատնից ստանալ: Այս ընտանիքի պատմությունը միայն փաստաթղթերով հարցը կարգավորելով չի ավարտվել: Նրանք հացի գումար անգամ չեն ունեցել ու չէին կարող 8 մարդու համար ինքնաթիռի տոմսի գումար ունենալ: Հայաստանի դեսպանատունը նրանց օգնել է միայն փաստաթղթերի ձեւակերպան համար վճարվելիք գումարները չգանձելու հարցում, իսկ Սփյուռքի նախարարությունը միայն միջնորդել է հայ համայնքի ղեկավարին, որ փաստաթղթերի հարցերով զբաղվեն: Ռաֆիկի 20 տարվա աշխատանքային ընկերը ապրում է ԱՄՆ-ում: Մի քանի ամիս առաջ վերադարձել է Հայաստան եւ ընկերոջ մորից իմացել է, թե ինչ վիճակում է հայտնվել Ռաֆիկը: «Պատահմամբ մեզ զանգեց ամուսնուս վաղեմի ընկերը: Նա իմացել էր մեզ հետ կատարվածի մասին ու մեկնելով Ամերիկա կապ էր հաստատել մեզ հետ: Չեք պատկերացնում, թե ինչ կատարվեց ինձ հետ, երբ ասաց, որ ինքը կհոգա Հայաստան գալու մեր տոմսերի համար: Այդպես էլ եղավ: Նա է մեր բոլորի տոմսերն Ամերիկայից ուղարկել»,-ասում է Լեյլին: Նշենք, որ Ռաֆիկն ու 2 երեխաները դեռեւս գտնվում են Ռուսաստանում, քանի որ երեխաները փաստաթղթերի խնդիրներ են ունեցել: Ռաֆիկի ընկերը նույնպես նրանց համար տոմսեր է ԱՄՆ-ից ուղարկել: Մարիետան, Աստղինեն, Նարեկն ու Դիանան արդեն հայրենիքում են: Ընտանիքի մյուս անդամները Հայաստան են եկել դեկտեմբերի 19-ին: Լեյլին պատմում է, որ մինչեւ ամուսնու ընկերոջ հայտնվելը, Տիգրան Մամիկոնիչն արդեն որոշել էր իրենց ճանապարհածախսի գումարը հանգանակել տեղի հայերից: «Չեմ կարող շնորհակալությունս չհայտնել այնտեղ ապրող իմ հայ հարեւաններին, որ ամեն ձեւով օգնել են մեզ ու մեր կողքին են եղել: Մինչեւ կյանքիս վերջ չեմ կարող դա մոռանալ: Հենց օդանավակայանում Տիգրան Մամիկոնիչն ինձ ասաց, որ դուք գնացիք պրծաք, բայց ձեր նման շատ ընտանիքներ դեռ այստեղ են: Նա աննկարագրելի բարի մարդ է, որ ամեն հայի դարդ ու ցավով մտահոգվում ու զբաղվում է»,-պատմում է Լեյլին: Վերջինիս պատմելով Ռուսաստանում կան շատ հայ ընտանիքներ, ովքեր ետ գալու համար հնարավորություն ու ելք չունեն եւ աղքատության մեջ են ապրում: Երբ 4 փոքր երեխաների հետ Լեյլին իջել է օդանավից, նրան դիմավորել է եղբայրը: Վերադառնալով Հայաստան, այժմ էլ նրանք այստեղ են դժվարությունների մեջ ընկել: Ժամանելու հաջորդ օրը Լեյլին գնացել է Շենգավիթի սոցիալական աջակցության բաժին, որպեսզի երեխաների նպաստի հարցը կարգավորի: Աշխատակիցն իմանալով, որ ընտանիքն ընդամենը մեկ օր առաջ է վերադարձել Ռոսաստանից, սկսել է կոպտել, ասելով` լավ է մեկ օր էլ դիմացել էս, վռազ եկել ես նպաստ ստանալու: «Ամեն դեպքում Հայաստանում լավ է: Գոնե միայն այն բանի համար, որ իմ տունն այստեղ է, իմ հարազատներն այստեղ են` նեղն ընկնելուց էլի ինձ կհասնեն: Ստեղ չեն գա ասեն` տունն ազատի ու դուրս արի կամ ամսական վարձը բեր տուր: Ամուսինս էլ կգա աշխատանք կլինի կաշխատի կապրենք»,-ինքն իրեն հուսադրում է Լեյլին: Մինչեւ Ռաֆիկը աշխատանք կգտնի` 9 հոգանոց ընտանիքն ապրելու է նրա մոր` Մարուսիա Թորոսյանի 15 հազար դրամ թոշակով: Նրանք այժմ ապրում են Նորագավիթ թաղամասում: Չունեն կոմունալ ոչ մի հարմարություն: Վառելափայտ նույնպես չունեն եւ վառում են Մարուսյա տատի տնտեսած փայտը, որը մինչեւ գարուն չի հերիքի: Տիկին Մարուսյան պատմեց, որ երբ որդու գործերը Ռուսաստանում լավ են եղել` իրեն գումար է ուղարկել ու այդ գումարով որոշել է տունը գազաֆիկացնել: «75 հազար դրամ վճարեցի, որ տունը գազ քաշեմ, խողովակները արդեն տուն եմ մտցրել, բայց կիսատ է ու գազ չունենք: Էլի են գումար ուզում, բայց արդեն փող չունենք, մեկն ըլնի մեզ փող տա, որ կարողանանք 9 հոգով ապրենք»,-հուզված ասաց Մարուսյա տատը: Իսկ Լեյլին խնդրում է պատկան մարմիններից կարգավորել երեխաների գրանցման հարցը, քանի որ տան սեփականության վկայականը հին նմուշի է եւ դա դժվարություն է ստեղծում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել