HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«ֆիլոքսերիա». ու՞մ օգտին են քանդվում խաղողի այգիները

Գարնանից Արմավիրի մարզի Գայ գյուղի խաղողագործները մտահոգության եւ սպասողական վիճակի մեջ են, թե ինչ ճակատագրի են արժանանալու իրենց այգիները:

Բանն այն է, որ գյուղնախարարության բույսերի կարանտինի եւ երկրագործության պետական տեսչության մասնագետները գյուղի մոտ 3 հեկտար խաղողի այգիներում հայտնաբերել են «ֆիլոքսերիա» կոչվող վնասատու եւ գյուղացիներին հորդորել են վարակը չտարածելու համար ոչնչացնել այգիները` տեղում դրանք այրելով: Նշենք, որ «ֆիլոքսերիա» վնասատուն բազմանում է խոնավ միջավայրում եւ սնվելով խաղողի վազի արմատներով` ի վերջո չորացնում է դրանք: Թեեւ կառավարությունն արդեն կարանտին է հայտարարել Գայ գյուղի խաղողի այգիներում, իսկ մի քանիսն էլ վախից ոչնչացրել են իրենց այգիները, այնուամենայնիվ գյուղացիները կասկածում են, որ այգիներն իրոք վարակված են «ֆիլոքսերիայով»: 21_12-ashot

Աշոտ Արզմանյանը մասնագիտությամբ գյուղատնտես է: Նրա ասելով` Արարատյան դաշտավայրում չի կարող զարգանալ նման հիվանդություն, քանի որ «ֆիլոքսերիան» տարածվում է խոնավ եւ մեղմ եղանակային պայմաններում: «Մեզ մոտ չի կարող այդ վնասատուն զարգանալ, դա սուտ է»,-համոզված է Աշոտը: Նա ունի 2000քմ կարանտինում հայտնված խաղողի այգի, որը ենթակա է ոչնչացման: «Ես չեմ հասկանում, թե ինչ խաղ են խաղում գյուղացիների գլխին: Հիվանդ այգին պետք է չաճի, բայց մեր այգիներն ընդհակառակը` օրեցօր նոր շիվեր են տալիս ու բարձր բերք են տալիս: Ո՞նց կարող է նման բան լինել»,-զարմացած է Աշոտը: Նա լուրջ կասկածներ ունի, որ այս ամենը ինչ-որ մեկի «ձեռքի գործն է», որ գյուղացիների այգիները քանդվեն: «Այնպիսի պայման են ստեղծում, որ ամեն ինչ թողնենք այստեղից գնանք: Կառավարությունը եթե այդքան շատ է մտահոգված իր քաղաքացու համար, գյուղում շատ-շատ խնդիրներ ունենք, թող դրանք լուծեն: Մշակույթի տուն ունենք, որ մի օր հիմնովին կքանդվի, թող դա նորոգեն»,-ավելացրեց Աշոտ Արզմանյանը: Համագյուղացի Ղազարոս Ինջիղուլյանը նույնպես համոզված է, որ «ֆիլոքսերիան» «վերեւների» ձեռքի գործն է: 21_12-ghazaros

«Ես ասում եմ, որ էս ամենը գալիս ա վերեւից: Մեծահարուստների` Էդուարդո Էռնեկյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների այգիներն արդեն բերքի են ու դա է պատճառը, որ հիմա գյուղացուն ճնշում են: Հազարավոր հեկտարներով պաշտոնյաները մեր մարզում խաղողի այգիներ ունեն: Կամաց-կամաց ուզում են մեր այգիները վերացնեն, որ իրանց խաղողը կարողանան իրացնեն: Մենք էլ այդ խաղողի այգով ենք ապրում: Այս տարի խաղողից 2 միլիոն դրամ փող եմ առել: Իմ ընտանիքը դրանով եմ պահում, եթե պետությունն այդ այգին իմ ձեռից առնի, մեր վիճակն ի՞նչ կլինի: Մշակաբույսերից մենք ոչ մի օգուտ չենք ստանում: Ասենք թե այգին քանդեցի, ցորեն արեցի` 2 տոննա ցորենով իմ երեխեքին ո՞նց պահեմ: Փաստորեն ես տարեկան 2 միլիոն դրամի փոխարեն հողից կվերցնեմ 200 հազար դրամ»,-«Հետքին» պատմեց Ղազարոս Ինջիղուլյանը` ում 7000քմ այգին նույնպես կոչնչացվի: Նրա կարծիքով, իշխանությունները գյուղացու գլխին «սարքում են» եւ ուզում են ասեն` թողեք երկրից գնացեք: «Մենք Պարսկաստանից գաղթել եկել ենք ստեղ, հիմա նորից ուզում են թողնենք գնանք Պարսկաստան ապրե՞նք: Զոռով ուզում են իմ 2 ջահել տղերքին իրանց տնից հանեն` ասեն գնացեք Ռուսաստանի քուչեքը ապրեք: Փոխանակ պետությունը գյուղացուն աջակցի` ընդհակառակը ինքն ա վնասում»,-նշեց Ղազարոս Ինջիղուլյանը: Նրա պատմելով իր այգին 1980-ական թվականների այգի է եւ ամեն տարի այդ այգուց ստացել է 15 տոննա բերք: Այս տարի նույնիսկ մի փոքր ավելի շատ է բերքը եղել: Ղազարոս պապի փոխանցմամբ` այգիների սեփականաշնորհումից հետո առաջին տարում հանձնել է 18 տոննա խաղող: Այդ ժամանակ խորհրդային ռուբլին փոխվեց եւ շրջանառության մեջ մտավ հայկական դրամը ու 18 տոննա խաղողի փոխարեն Հոկտեմբերյանի պահածոների գործարանը նրան տվել է ընդամենը 60 լիտր բենզին: «Նույնիսկ այդ ժամանակ ես չեմ հիասթափվել ու շարունակել եմ այգիս մշակել: Նայում ես այգուն` ընտիր այգի ա, շիվերն ընտիր աճում ա, ո՞նց կարող ա այդ այգին վարակված լինի: Գյուղնախարարության մասնագետներն էլ մեզ ասում են, որ այգին հիվանդ ա, ու պետք ա ոչ թե աճի այլ հետ գնա` իբր մարդու ռակ հիվանդության նման ա: Բայց մեր այգին` ընդհակառակը, նոր շիվեր ա տալիս»,-նշեց Ղազարոս Ինջիղուլյանը: Նրա ասելով` գյուղնախարարության մասնագետներն իրենց բուժման ոչ մի միջոց չեն առաջարկում, միայն ասում են, որ պետք է այգիները ոչնչացնել: «Ամեն տարի այգու վրա 500 հազար դրամից ավել ծախս եմ անում: Այս տարի 13 տոննա խաղող եմ հանձնել ՄԱՊ գործարանին, բոլորը հիացած էին խաղողի որակով: Ամենաբարձր կարգի խաղողն ա եղել»,-ասաց Ղազարոս Ինջիղուլյանը եւ կառավարությունից խնդրեց այգիները չքանդեն մինչեւ գարունը բացվի: Ըստ նրա` իրենք դեմ չեն, որ նախարարությունից նորից գան ստուգումներ անեն: «Չոր եղանակին նորից թող գան ստուգեն, մովի աշխատանքը տենան, ոնց ա աճում: Եթե քանդելու եղավ, մեր ուժերով կքանդենք: Մենք մեր երկրի թշնամին չենք, եթե իմանանք, որ մեր այգիները վարակ են տարածում` մենք մեր ձեռքով կքանդենք»,-նշեց Ղազարոս Ինջիղուլյանն ու համոզված հայտարարեց, որ կառավարությունն իրենց խաբում է: 21_12-ashkhen

Աշխեն Միրզախանյանը նույնպես այդ կարծիքին է, քանի որ նրա այգին այս տարի առատ բերք է տվել: Նրա ասելով, այս տարի իրենց այգին շատ ավելի լավ է աճել, քան վերջին մի քանի տարիներինը միասին վերցրած: «Մենք հիմար չենք, լավ ենք հասկանում, թե ինչ խաղ են մեր գլխին խաղում: Պաշտոնյաների այգիներն արդեն բերքի տակ են ու դիտմամբ մերը քանդում են, որ իրենք բերքը կարողանան ծախեն: Թող սպասեն տեսնենք գարնանն ինչ է լինում` դրանից հետո նոր որոշեն` քանդենք, թե չէ: Եթե քանդելու եղավ` մենք կքանդենք»,-ասաց Աշխենը: Տիկնոջ ասելով` գյուղնախարարությունից իրենց ասել են, որ այգիները պետք է տեղում այրեն, որպեսզի վարակը չտարածվի եւ հորդորել են` 3 տարի նույն հողում այգի չհիմնել: 21_12-nerses

Փայտից զրկվելու վախից իր 1700 քմ այգին քանդել եւ արդեն փոշմանել է Ներսես Արզմանյանը: «Ես հիմա իրանցից փոխհատուցում եմ պահանջելու, որ իմ այգին քանդեցի: 750 դրամով մենակ 115 հատ հենասյուն էի առել, պարարտացրել էի, ներմոլ այգի էր` ինչի՞ պիտի հիվանդանար իմ այգին,-ասում է Ներսես պապ եւ ավելացնում: -Էս ամենը պաշտոնյաների համար են անում: Ի՞նչ խիղճ ունեն` ես իմ թաղած այգին գնացի քանդեցի ու հիմա դատարկ նստել եմ»: Գայի բնակիչները հերթով թվարկում էին այն պաշոնյաների անունները, ովքեր հարյուրավոր հեկտարներով խաղողի այգիներ ունեն Արմավիրում եւ հենց նրանց պատճառով էլ կորցնում են իրենց մի քանի հեկտար այգիները. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան, Արմավիրի նախկին մարզպետ, այժմ` ԱԺ աշխատակազմի գործերի կառավարիչ Ալբերտ Հերոյան, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյան, նույն կոմիտեի Էջմիածնի ստորաբաժանման պետ Շահեն Հարությունյան, Արմավիրի ՄԱՊ գինու, կոնյակի գործարանի տնօրեն Ալեքսան Պետրոսյան եւ այք: ՀՀ գյուղնախարարության Բույսերի կարանտինի եւ երկրագործության պետական տեսչության պետ Վռամ Գյուլզադյանը «Հետքի» հետ զրույցում հաստատեց, որ միայն Գայ գյուղում են հայտնաբերել «ֆիլոքսերիա» ու միայն 3 հա այգիներում: ««ֆիլոքսերիան» կարող է նկատելի լինի այգու վարակվելուց 3 տարի հետո: Այսինքն այն ժամանակ, երբ խաղողի վազի արմատների վրա այնքան շատ լինեն վնասատուները, որ վազը խեղճանա: Մեր մասնագետները միայն Գայ գյուղի 3 հեկտարի վրա են հայտնաբերել «ֆիլոքսերիա»: Մասնագիտական դիտարկում ենք արել` չգիտեմ գիտնականները կհամաձայնվեն մեզ հետ թե ոչ, բայց այդ 3 հեկտար այգու վերեւի մասում արտեզյան հոր կա ու դրա վինտիլի ճիշտ չօգտագործման հետեւանքով տարածքը միշտ խոնավ է եղել եւ հենց դա էլ եղել է վարակվելու պատճառը»,-պարզաբանեց Վ. Գյուլզադյանը: Ներսես պապը չի բացառում, որ այգին խոնավ է եղել, սակայն դրա մեղավորը, ըստ նրա` նույնպես կառավարությունն է: «10 տարուց ավել ա մեր այգիների վերեւի մասի դրենաժները չեն մաքրվել; Ջուրը մեր այգիներից 1 մետր բարձրության վրա է, բայց պիտի 2 մետր ցածր լինի, որ խոնավությունը քաշի: Ինչի դրենաժները չեն գալիս մաքրում, որ հիմա էլ էս վիճակին չհասնեինք: Իրենք են էս ամենի մեղավորը` իրենք էլ թող փոխհատուցեն մեր ամբողջ վնասները»,-ավելացրեց Ն. Արզմանյանը:Պարոն Գյուլզադյանին փոխանցեցինք նաեւ գյուղացիների մտահոգությունը, որ այս ամենն արվում է բարձրաստիճան պաշտոնյաների օգտին: «Ինչ մտքներով անցնում է` ասում են: Այդ գյուղում ընդամենը 5 հեկտար խաղողի այգի կա, գյուղացիները խաղողագործությամբ չեն զբաղվում: Եթե միտումնավոր բան լիներ` կկպնեինք պաշտոնյաների այգիների հարեւանությամբ գտնվող գյուղացիներին: Վարակը եղել է նաեւ սովխոզի ժամանակ, պարզապես հիմա բարենպաստ պայման է ստեղծվել եւ «ֆիլոքսերիան» գլուխ է բարձրացրել»,-ասաց տեսչության պետը: Ըստ նրա, «ֆիլոքսերիայի» դեմ որեւէ բուժամիջոց չկա: Դրա դեմ կարող են պայքարել միայն կանխարգելմամբ, այսինքն` այգիների ոչնչացմամբ: «Գյուղացիները մեզ հետ բոլոր հարցերում էլ համաձայն են, բացի այգիները քանդելուց»,-ասաց Վ. Գյուլզադյանը; «Մենք ոչ մի հարցում էլ համաձայն չենք: Էդ ինչի մենակ մեր այգիներին վարակն եկավ կպավ: Մենակ խեղճ գյուղացու այգիներն են վարակվում, պաշտոնյաների այգիները սկի չեն վարակվում: Էդ ո՞նց եղավ»,-դժգոհում է Ղազարոս Ինջիղուլյանը: Վռամ Գյուլզադյանի ասելով` կառավարությունը վնասի որոշակի փոխհատուցում նախատեսել է գյուղացիների համար, «թե ինչքան է այդ հատուցումը` չեմ կարող ասել»: Աշոտ Արզումանյանի ասելով, իրենց ասել են, որ 1 հեկտարի համար նախատեսված է 1.7 միլիոն դրամի փոխհատուցում: «Իրանք ասում են, որ 3 տարի չպիտի այգի դնեմ, 3 տարուց հետո էլ մինչեւ այգի դնեմ` մի քանի տարի կանցնի մինչեւ բերք տա: Իրենց տված փոխհատուցումը սկի այգուց ստացած իմ 1 տարվա եկամուտը չի»,-նշեց Աշոտը; Նրա ասելով` ամեն ինչ անելու է, որ իր այգին չքանդեն: Գայի գյուղապետ Սեյրան Մարկոսյանը նույնպես չի հավատում, որ գյուղի այգիները վարակված են: 21_12-seyran

«Ես մի բան կարող եմ ասել, որ այդ հիվանդությունը այգիներում չկա: Եթե հիվանդություն լիներ այգին չէր աճի: Մենք Արարատյան դաշտավայրում ենք, մեր մոտ տաք շրջան է ու այդ հիվանդությունն այստեղ գլուխ չի բարձրացնի: Էս խեղճ ժողովուրդը, որ չարչարվել, իրենց համար բարիք են ստեղծել, որ խոր ծորությունը հանգիստ ապրեն, ասում են այգիները քանդեք: Այսօր շատ ցավալի կլինի, եթե այգիները վերացնեն: Եթե կառավարությունը գնաց դրան, ուրեմն մեր համայնքին մեծ վնաս է տալու»,-ասաց Ս. Մարկոսյանը: Նշենք, որ այգիների ոչնչացման համար կառավարությունը գյուղնախարարությանը տրամադրել է 12.6 միլիոն դրամ: Թե երբ կսկսվի գործընթացը` Գայ գյուղում տեղյակ չեն: Նշենք, որ այս ամենին անտարբերությամբ են հետուում Արմավիրի մարզպետարանում: Տեղեկացանք, որ մարզպետարանից որեւէ մեկն այդ խնդրով Գայ գյուղ չի գնացել եւ գյուղացիների հետ չի հանդիպել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter