Նորիկ Այվազյանը անզիջում հարկահավաքություն է իրականացնում անպաշտպան և փոքր առևտրականների նկատմամբ
Ալավերդիում փոքր խանութների տերերը, երեկ դիմելով «Հետք»-ին, դժգոհեցին Ալավերդու հարկային տեսչության պետ Նորիկ Այվազյանի կողմից իրենց դեմ տարվող հարկային ռեպրեսիաներից:
Վերջինս Ալավերդիում և տարածաշրջանի մյուս համայնքներում հարկային պետ աշխատելու հենց առաջին օրերից բնակչության շրջանում վատ համարում է ձեռք բերել: Շարքային առևտրականներն ու փոքր խանութների տերերը միանշանակ կարծում են, որ անկախությունից ի վեր Նորիկ Այվազյանի չափ անհաջող հարկային տեսչության պետ տարածաշրջանը չի ունեցել: Այս կապակցությամբ մենք չփորձեցինք ստանալ պրն Այվազյանի մեկնաբանությունը, քանի որ նրանից տեղեկատվություն ստանալու մեր նախորդ փորձերը անհաջողության են մատնվել:
Պրն Այվազյանը սկզբում մեզ հայտնում է, որ առանց իր վերադասի թույլտվության չի կարող մեր հարցերին պատասխանել, ժամանակ է խնդրում` այդ թույլտվությունը ստանալու համար, ապա 1-2 օր հետո տեղեկացնում է, որ իր վերադասը չի թույլատրել իրեն լրագրողի հետ շփվելու: Թե ինչպես կբացատրի իր նկատմամբ ձևավորված հարկատուների մասսայական հակակրանքը, ստիպված թողնում ենք պրն Այվազյանին, իսկ հանրությանը մատուցում ենք հարկատուների մեկնաբանությունները, որոնք առաջին հերթին դժգոհում են Նորիկ Այվազյանի կողմից տարածաշրջանի գլխավոր հարկավաքի պարտականությունները վատ կատարելու պատճառով:
Խանութպանները «Հետք»-ին պատմեցին, որ Երևանից և Վանաձորից Ալավերդու խանութներին սննդամթերք մատակարարող ավտոմեքենաների վարորդները, որպես կանոն, խանութպաններին ապրանքագիր չեն տալիս: Այստեղ խանութպանները հատկապես շեշտեցին «Գրանդ Քենդի»-ի սննդամթերք մատակարարող մեքենաների վարորդներին, որոնք խանութպաններին ոչ գնացուցակ են տալիս, ոչ էլ ապրանքագիր:
Չեն տալիս նաև մյուսները: Այս մասին խանութպանները բազմիցս տեղեկացրել են ինչպես հարկային տեսչության աշխատակիցներին, այնպես էլ պրն Այվազյանին:
«Նրա ուղարկած հարկայինները խանութպաններիս ներկայությամբ այդ վարորդներից պահանջում են օրենքով սահմանված կարգով սննդամթերքի հետ խանութպաններին տալ հաշիվ-ապրանքագիր, իրենց մոտ ունենալ գրանցամատյան և ՀԴՄ: Հարկայինների այս պահանջը դնելու ժամանակ վարորդները իրենց բջջայիններով հավաքում են ինչ որ հեռախոսահամարներ և բջջայինները փոխանցում են հարկայինի աշխատողին, որը հեռախոսը ականջին դնելուց հետո, թե ինչ է լսում, ինչ չի լսում, անձայն թողնում է ու հեռանում»,- ասացին խանութպանները: Սրա արդյունքում խնդիրը այդպես էլ մնում է անլուծելի, իսկ խանութպանների հարկերը առանց համապատասխան ապրանքագրերի, գործող հարկային օրենքի համաձայն, 2 տոկոսից հարկային տեսչությունը բարձրացնում է 11 տոկոսի:
Ո՞վ է հորինել, և ո՞ւմ է ձեռնտու եղել այս օրենքի ընդունումը, որը ուղղակի ոտնձգություն է մանր ու միջին բիզնեսի դեմ, և որի կիրառմանը այդպես էլ տեր չի կանգնում տարածաշրջանի հարկային մարմինը: Վերջին շրջանում Ալավերդիում շրջանառվում են լուրեր նաև այն մասին, որ Ալավերդու քաղաքապետը և ոստիկանության մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ իրենց հզոր խանութների, ինչպես նաև այլ օբյեկտների համար հարկեր չեն վճարում և գործում են ստվերային դաշտում:
«Մենք շատ կցանկանայինք, որ պրն Այվազյանի դուխը այ նրանց նկատմամբ գործեր, լրջորեն ուսումնասիրեր այդ խանութների ապրանքաշրջանառության չափը, հետո այն համեմատեր մեր չնչին շրջանառության հետ, նրանց նկատմամբ իր պարտականությունները կատարեր, տեղափոխեր հարկային դաշտ, այդ մասին տեղեկացներ ժողովրդին, հետո իր աշխատողներին ուղարկեր մեզ խեղդելու»,- վրդովված ասացին խանութպանները: Ստեղծված իրավիճակում իր հարկային պլանները կատարելու պատրվակով Նորիկ Այվազյանը ուղղակի անզիջում հարկահավաքություն է իրականացնում անպաշտպան փոքր առևտրականների նկատմամբ:
Նա չի համարձակվում Հրանտ Վարդանյանին, Սամվել Ալեքսանյանին և մյուս օլիգարխներին պատկանող ավտոմեքենաների վարորդներից ապրանքագիր պահանջել, դրա փոխարեն նրա «ատամի տակ» մշտապես հայտնվում են Ալավերդու Հայպետշին թաղամասի շուկայում բանջարեղենի բացօթյա առևտրով զբաղվող աղքատ առևտրականներն ու փոքր խանութների տերերը. «Ըստ ինձ հասած ինֆորմացիայի, որ ես շփվում եմ Երևանի Մալաթիայի շուկայի հետ, էնտեղի բիրիք առնողները հայտնում են, որ պտուղ-բանջարեղեն վաճառողների ոչ մեկի վրա հարկային դաշտ գոյություն չունի: Մեր մոտ հարկայինները գալիս են, հենց իմեննը իմ վրա կանգնում, որ ինչ: Էս շուկայում 22-ից ավելի պտուղ-բանջարեղեն վաճառող մարդ կա, եթե օրենք կա ու գործում ա, թող բոլորի նկատմամբ գործի, ինչու են գալիս մի 5-6 հոգու կպչում, բա մյուսները: Տեսականին շատ ա, թող գա, մետրաժը որոշի, հաստատագրված վճարը սահմանի ու հարկային դաշտ տանի, ինչո՞ւ ա իմ վրա էսքան մեծ տուգանքներ ուղարկում: Ուզում եմ հասկանանք: Եթե ձեռք կտա, կասեմ` հա, եթե ձեռք չի տա, կասեմ` չէ: Հիմա ես Պտղավանի բազարից եկել եմ, ինձ ով է էնտեղ մանդարինի կամ այլ բանջարեղենի համար ֆակտուրա տալիս, որ ես ֆակտուրա ունենամ: Ոչ մեկը: Նույնն էլ Մալաթիայի բազարում ա: Նույնը Վանաձորի բազարում ա: Ոչ մի տեղ բանջարեղենի համար ֆակտուրա չկա, մեզ չեն տալիս: Ում էլ հարցնում ենք` ծիծաղում են, ասում են` էդ ինչ բանի ես, արա: Գիքորն ենք դառել»,- ասաց առևտրական Սլավիկ Աղայանը:
Սլավիկի հետ համամիտ են շուկայի բոլոր առևտրականները: Խանութպանները դժգոհեցին նաև 2008 թ վերջին Ալավերդու ավագանու ընդունված և 2009թ.-ից շրջանառության մեջ մտած ծխախոտի և ալկոհոլային խմիչքների լիցենզիայի համար սահմանված տեղական բարձր տուրքից: Ըստ խանութպանների` այս տուրքի քանակը սահմանելիս Ալավերդու ավագանին հաշվի չի առել խանութների շրջանառության ծավալը:
«Նախ` ալկոհոլային խմիչքների տուրքերի սահմանման ժամանակ տարանջատում չի կատարվել հասարակական սննդի օբյեկտների, մեծածախ առևտրով զբաղվող խանութների և փոքր շրջանառություն ունեցող խանութների միջև: Եվ դուրս է գալիս այնպես, որ Ալավերդու քաղաքապետին պատկանող «Կատա» խանութների ցանցը, որը իրականացնում է մեծածախ առևտուր և որը միայն քաղաքապետարանի բյուջեից 2009թ.-ի կատարել է 50 մլն դրամից ավելի ապրանքաշրջանառություն, էլ չենք խոսում նրա կողմից ողջ տարածաշրջանում իրականացվող մեծածախ առևտրի մասին` տարեկան հազիվ 1 մլն դրամ շրջանառություն ունեցող խանութպաների հետ հավասար վճարում է 32 հազար դրամ ծխախոտի և ալկոհոլային խմիչքների լիցենզիայի վճար, որը ուղղակի ծաղր է»,- ասաց փոքր խանութի սեփականատեր Հ.Մ., որը խնդրեց իր անունը չհրապարակել` հետագա անախորժություններից խուսափելու համար:
Ալավերդու փոքր խանութատերերն ու առևտրականները միանշանակ այն կարծիքին են, որ պետության տնտեսական քաղաքականությունը պաշտպանում է ստվերային տնտեսվարողների շահերը և ուղղված է մանր ու միջին բիզնեսի դեմ, որի պատճառով էլ, ինչպես Ալավերդիում, այնպես էլ մյուս համայնքներում միջին խավ չի ձևավորվում: Խանութպանները այս թողտվության համար մեղադրում են ՀՀ կառավարությանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել