HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ոստիկաններ Գեղամ Հարությունյանի եւ Հովհաննես Ղուկասյանի մեղքը լիովին ապացուցված է»

Գտնում է մեղադրողը եւ միջնորդում հիմնական եւ լրացուցիչ պատիժներ նշանակել

Մարտի 1-ին պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ ոստիկանության Երեւանի վարչության Պետական պահպանության ծառայության գնդի ոստիկաններ Գեղամ Հարությունյանի եւ Հովհաննես Ղուկասյանի դեմ գործով մեղադրող Հարություն Հարությունյանն այսօր միջնորդեց ամբաստանյալներին դատապարտել 3 տարվա ազատազրկման և Ազգային ժողովի Համաներման մասին որոշմամբ ազատ արձակել նրանց պատժի կրումից: Մեղադրողը միջնորդեց նաեւ լրացուցիչ պատիժ նշանակել, այն է` մեկուկես տարի ժամանակով զրկել նրանց պետական, տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից:

Մեղադրողը գտնում է, որ մարտի 1-ի լուսադեմին Երեւանի Հանրապետության հրապարակում ոստիկանները անցել են իրենց լիազորությունների սահմանները, հատուկ միջոց հանդիսացող ռետինե մահակներով հարվածներ հասցրել գործով ինքնությունը չպարզված, արդեն վնասազերծված իրավախախտ քաղաքացուն` նրան բռնելու եւ բերման ենթարկելու փոխարեն: Հ.Հարությունյանը մանրամասնորեն կանգ առավ «Ոստիկանության մասին»0 Հայաստանի Հանրապետության օրենքի 29-31 հոդվածների վրա, որոնց հաճախ հղումներ է կատարում պաշտպանական կողմը, եւ ընդգծեց, որ ոստիկանների գործողությունները չեն բխել նշված հոդվածների պահանջներից, ավելին` տվյալ դեպքում  բացակայում էին ֆիզիկական ուժ եւ հատուկ միջոցներ կիրառելու հիմքերը:

Ըստ մեղադրողի, խոսք չի կարող լինել նաեւ «անհրաժեշտ պաշտպանության վիճակի մասին»: Մեղադրողը միաժամանակ նշեց, որ Երեւանի Հյուսիսային պողոտայից  Հանրապետության հրապարակ շարժվող մի խումբ քաղաքացիներ քարեր, այլ առարկաներ էին շպրտում ոստիկանների ուղղությամբ, հայհոյանքներ տեղում. նման քաղաքացիների շարքերում էր նաեւ տուժողը, որը, հակառակ նախազգուշացումների, շարունակում էր քարեր շպրտել եւ հայհոյանքներ տեղալ:

Այդուհանդերձ, այլ ոստիկաններ նրան տաքսի ավտոմեքենայով  փախուստի փորձ կատարելիս բռնել էին, մեքանայից դուրս բերել, վնասազերծել, ուստի այդ պարագայում հարվածներ հասցնելը նշանակում է պաշտոնեական լիազորություններն անցնել: Մեղադրանքը, ըստ Հարություն Հարությունյանի,  լիովին ապացուցված է «փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ», մեղսագրվող արարքին էլ` ճիշտ քրեաիրավական գնահատական է տրված: Մեղադրանքն ապացուցվում է նախաքննության ընթացքում Գ.Հարությունյանի եւ Հ.Ղուկասյանի տված ցուցմունքներով,  վկաներ Վարդան Գեւորգյանի, Արմեն Բեջանյանի եւ Սասուն Կիրակոսյանի ցուցմունքներով, ինչպես նաեւ միջադեպը պատկերող տեսաձայնագրություններով:

Մեղադրողը գտնում է, որ  ըստ էութան ինքնախոստովանական էր նաեւ Գ.Հարությունյանի դատաքննական ցուցմունքը եւ վերջինիս փորձը ապացուցել իր անմեղությունը, մեղադրողի գնահատմամբ, ձախողվել է: Դրանով էր պայմանավորված նաեւ մյուս ամբաստանյալի` Հովհաննես Ղուկասյանի` դատարանում ցուցմունքներ տալուց հրաժարվելը:

«Վերջինս չառարկեց նաեւ դատարանում հրապարակված իր նախաքննական ինքնախոստովանական ցուցմունքի դեմ»,- նշեց մեղադրողը: Ամբաստանյալների պաշտպան Արշակ Թովմասյանը միջնորդեց մեղադրողի ճառում տեղ գտած մի շարք հղումներին պաշտպանական ճառում անդրադառնալու համար իրեն ժամանակ տրամադրել եւ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, դատական նիստը հետաձգեց մինչեւ վաղը:

Սոնա Մաշուրյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter