HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Բերդի ընտրությունների խախտումների համար քննիչը դարձյալ որոշեց քրեական հետապնդում չիրականացնել

«Հետքն» անդրադարձել է 2008 թ. հոկտեմբերի 19-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքում անցկացված ընտրությունների կապակցությամբ մեկ տարի շարունակվող դատական գործընթացներին: Հիշեցնենք, որ 2008 թվականի հոկտեմբերի 24-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին այն մասին, որ Լոռու մարզի Օձուն եւ Տավուշի մարզի Բերդ համայնքներում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքների վերահաշվարկի ժամանակ պարզվել է, որ Օձուն համայնքի թիվ 32/2 եւ Բերդ համայնքի թիվ 41/2 եւ 41/4 ընտրական տեղամասերում համայնքի ղեկավարի ընտրությունների քվեարկության արդյունքներն ամփոփվել են ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջների խախտմամբ` տեղամասային ընտրական հանձնաժողովների կողմից աղավաղվել են քվեարկության արդյունքները: Այդ փաստով 2008 թ. հոկտեմբերի 23-ին ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացրել նաեւ Օձուն համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Տիտանյանը: Օրեր անց` հոկտեմբերի 29-ին, Գարեգին Ազարյանից եւ Արսեն Տիտանյանից ստացված հաղորդումը Գլխավոր դատախազի կողմից ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` փաստերը ստուգելու եւ համապատասխան ընթացք տալու համար: 2008 թ. նոյեմբերի 10-ին, համապատասխան որոշում կայացնելու համար, Գլխավոր դատախազությունից Հատուկ քննչական ծառայություն են ուղարկվել նաեւ Բերդ համայնքի ղեկավարի թեկնածու Համայակ Ադամյանի հաղորդման հիման վրա ոստիկանության Տավուշի մարզի քննչական բաժնում նախապատրաստված նյութերը: Հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Գ. Հովակիմյանը, քննարկելով Գարեգին Ազարյանի, Արսեն Տիտանյանի եւ Համայակ Ադամյանի հաղորդումների հիման վրա նախապատրաստված նյութերը, 2009 թ. հունվարի 30-ին որոշում էր կայացրել քրեական գործի հարուցումը մերժել` «հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ»: Համայակ Ադամյանի ասելով` ընտրության օրը ընտրական իրավունք ունեցող եւ ժամանակավոր բնակության վայրից բացակայող քաղաքացիների փոխարեն այլ անձանց կողմից կատարվել է ընտրություն (մոտ 400 քաղաքացի): Առանց անձնագրի ստուգման տրվել է քվեաթերթիկ, տեղամասերում միաժամանակ 15 եւ ավելի քվեարկողներ են եղել եւ այլն: Նրա ասելով, առավել մեծ եւ ակնառու խախտումներ են եղել հատկապես թիվ 41/02 եւ 41/04 ընտրատեղամասերում` հատկապես ժամը 20-ից հետո: Հ. Ադամյանի պահանջով թիվ 41 ԸԸՀ-ում կատարվել է վերահաշվարկ, որի արդյունքում արձանագրվել տարաբնույթ խախտումներ: Մասնավորապես, թիվ 41/02 տեղամասում անճշտությունների թիվը մինչեւ վերահաշվարկը եղել է 0, իսկ վերահաշվարկից հետո` 9-ը: Վավեր 24 քվեաթերթիկները հայտնվել են անվավեր քվեաթերթիկների հետ: Անվավեր քվեաթերթիկների վրա հայտնաբերվել է ավելորդ գրառումներ, որը եղել է նույն գրիչով եւ նույն անձի կողմից, որոնց 70-80%-ը Հ. Ադամյանի օգտին է քվեարկված եղել: Ժամը 22.00-ին անվավեր քվեաթերթիկների թիվը եղել է 23, իսկ 00.30-ին` 95: Թիվ 41/04 տեղամասում անճշտությունների թիվը մինչեւ վերահաշվարկը եղել է 0, վերահաշվարկից հետո` 20: Ա. Մելիքյանի օգտին քվեարկված 45 քվեաթերթիկ գտնվել է Ա. Շառյանի ծրարում: Անվավեր քվեաթերթիկների վրայի ավելորդ գրառումները Հ. Ադամյանին թույլ են տվել եզրակացնելու, որ այն կատարվել է նույնպես մեկ անձի կողմից, նույն ոճով, նույն գրիչով: Հ.Ադամյանի ասելով` տեղամասային հանձնաժողովների արձանագրությունները միայն 6 ժամ հետո են հայտնվել թիվ 41 ԸԸՀ-ում` քաղաք Իջեւան: Մինչդեռ, Բերդ-Իջեւան ճանապարհահատվածը կազմում է ընդամենը 60կմ: «Միայն 2-3 ժամ հանձնաժողովի անդամները հավաքված են եղել քաղաքապետարանի դիմաց ու մտածում եմ, որ հենց այդ ժամանակահատվածում է եղել խախտումները»,-ասաց Հ. Ադամյանը: Մարտի 4-ին Համայակ Ադամյանը դիմել է Հատուկ քննչական ծառայության պետին, Գլխավոր դատախազին` խնդրելով նյութերը նախապատրաստող քննիչին թերի քննություն եւ կեղծիքներ կատարելու համար պատժել: Ինչպես նաեւ` քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը վերացնել ու քրեական գործ հարուցելուց հետո հանձնարարել նշված խախտումների շուրջ լիարժեք, օբյեկտիվ քննություն կատարել: Սակայն, Հատուկ քննչական ծառայության պետ Ա. Միրզոյանը եւ Գլխավոր դատախազության ավագ դատախազ Ա. Նադոյանը գրություններով Համայակ Ադամյանին տեղեկացրել են, որ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը վերացնելու հիմքեր չկան: Հիշեցնենք, որ Համայակ Ադամյանը բողոք էր ներկայացրել Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան (դատավոր Գ. Ավետիսյան) եւ խնդրել վերացնել Հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Գ. Հովակիմյանի հունվարի 30-ի որոշումը: Դատարանը 03.06.2009 թ. որոշումով մերժել է Հ. Ադամյանի բողոքը: Այս որոշման դեմ Հ. Ադամյանը հունիսի 10-ին վերաքննիչ բողոք էր ներկայացրել: Վերաքննիչ դատարանը` Ժ. Հովսեփյանի նախագահությամբ, հաստատել էր, որ նախաքննական մարմինը հարկ չի համարել փորձաքննություն նշանակել` պարզելու համար, թե առանձին անվավեր քվեաթերթիկների վրայի ավելորդ գրառումները կատարվել են նույն գրելու գործիքո՞վ, թե՞ տարբեր: Բացի այդ, քննիչը ընտրությունների հետ առնչվող ոչ բոլոր անձանցից է բացատրություն վերցրել: Վերաքննիչ քրեական դատարանը հուլիսի 23-ին որոշում էր կայացրել, որով բավարարել է Համայակ Ադամյանի վերաքննիչ բողոքը եւ բեկանել է Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի հունիսի 3-ի որոշումը: Ինչպես նաեւ` վերացրել է հանցակազմի բացակայության պատճառով, նյութերի քրեական գործի հարուցումը մերժելու մասին Հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Գ. Հովակիմյանի որոշումը: Այս անգամ գործը քննել է եւ Հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերի քննիչ Ա. Վարդանյանը  եւ 14.10.2009թ-ին  որոշել է քրեական գործով վարույթը կարճել եւ հետապնդում չիրականացնել: Հ. Ադամյանը դիմել է Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական տարածքների ընդհանուր իրավասության դատարան: Դեկտեմբերի 17-ի դատաքննության ժամանակ Հ. Ադամյանը մի քանի հարց ուղղեց քննիչին, բայց սպառիչ պատասխան չստացավ: Քննիչը այդպես էլ չկարողացավ ասել, թե նույն գրիչով ավելորդ նշագրումները Հ. Ադամյանի օգտին քվեարկած քվեաթերթիկների վրա ինչ նպատակով է արվել: Դա քննիչի համար չպարզված փաստ է: Դատավոր Գայանե Կարախանյանն էլ իր հերթին փորձում էր օգնել քննիչին: «Բայց հնարավոր է չէ՞ քաղաքացին վատություն անելու համար իր գրպանից գրիչ հանի ու ավելորդ նշագրումներ անի»,-ասաց դատավորը: «Բոլոր քաղաքացիները չէին կարող միեւնույն գույնի գրիչով եւ նույն ձեւով ավելորդ նշագրում անեին»,-ասաց Հ. Ադամյանը: Այս գործով որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 28-ին: Նշենք, որ Գայանե Կարախանյանը «ծանր» տարավ լրագրողի մասնակցությունը գործին: Երբ տեսավ, որ ձայնագրառում ենք անում, անմիջապես ընդհատեց դատը եւ փորձեց բացատրել, որ էթիկայի խախտում ենք անում` առանց զգուշացնելու ձայնագրառում անելով: Դատավորն ասաց, թե պետք է նախօրոք տեղյակ պահեինք նոր ձայնագրառում կատարեինք: Իսկ քննիչ Վարդանյանն էլ հայտարարեց, թե միգուցե ինքը չի ցանկանում, որ իրեն ձայնագրենք: Ինչպես դատավորը, այնպես էլ քննիչը մոռացել էին, որ նիստը դռնբաց էր եւ ցանկացած ոք կարող էր առանց թույլտվության ձայնագրառում կատարել: Բացի դա` ձայնագրիչը բացահայտ էր դրված եւ գաղտնի չէինք ձայնագրում: Դատավոր Գայանե Կարախանյանը խոսում էր էթիկայի նորմերի մասին, բայց նա այդպես էլ չպահեց հարգանքը դատարանի նկատմամբ: Օրենքով նախատեսված է, որ երբ դատավորը ներս է մտնում կողմերը պարտավոր են ոտքի կանգնել: Մինչդեռ դատավորը մնաց նստած իր տեղում եւ կողմերն էլ հանգիստ եկան ու նստեցին` առանց ոտքի կանգնելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter