HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մոլորակի 1/3-ն այսօր վարակված է տուբերկուլյոզով

21-12_N-MejlumyanԱմբողջ աշխարհում ամեն տարի մոտ 9 միլիոնով ավելանում է տուբերկուլյոզով հիվանդների թիվը: Ամեն օր մոտ 5 000 մարդ աշխարհում մահանում է այս հիվանդությունից: Տուբերկուլյոզը թեև չափանզանց վտանգավոր, սակայն բուժվող հիվանդություն է: Այն համարվում է սոցիալական հիվանդություն: Հայաստանում տուբերկուլյոզի բուժումն իրակացվում է բացարձակ անվճար, տրամադրվող դեղորայքը նույնպես անվճար է: Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային գրասենյակն իրականացնում է «Միացյալ ուժերով կանգնեցնենք տուբերկոլյոզը» խորագրով ԶԼՄ ներկայացուցիչներին այս հիվանդության մասին իրազեկող դասընթացներ: Գրասենյակի ներկայացուցիչների խոսքերով` ԶԼՄ-ների միջոցով հնարավոր է այս հիվանդության մասին ավելի մանրամասն իրազեկել ազգաբնակչությանը: Մարդ կարող է ամբողջ կյանքում վարակված լինել տուբերկուլյոզով, սակայն այդպես էլ հիվանդությունը գլուխ չբարձրացնի: Մոլորակի 1/3-ն այսօր վարակված է տուբերկուլյոզով, սակայն նրանց 5-10 տոկոսը կարող է հիվանդանալ: Հավանականությունը, որ վարակվածը կարող է հիվանդանալ տուբերկուլյոզով, ավելի մեծ է վարակվելու առաջին երկու տարիների ընթացքում: Դրանից հետո հիվանդանալու հավանականությունը քչանում է: Տուբերկուլյոզով վարակվելուն նպաստում են, թե որքան երկար ես շփվում տուբերկույլոզով հիվանդի հետ և թե ինչպիսին է հիվանդության հանդեպ օրգանիզմի ընկալունակությունը: Տուբերկուլյոզը վարակիչ հիվանդություն է, որը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով: Այս հիվանդության հիմնական ախտանիշներն են` 2 շաբաթ և ավելի տևող հազ, ցավ կրծքավանդակում, ընդհանուր թուլություն, 37-37,5 ջերմություն, ախորժակի անկում, հիվանդի քաշի կտրուկ նվազում, գիշերային քրտնարտադրություն: Տուբերկուլյոզի համար նպաստավոր պայմաններն են` թույլ իմունիտետը, խոնավ պայմանները, սոցիալական ծանր վիճակը: Այս հիվանդությունն առավել շատ հանդիպում է ազատազրկման վայրերում: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի աճը նույնպես բերեց տուբերկուլյոզի տարածման, քանի որ այդ հիվանդության դեպքում իմունային համակարգը կտրուկ թուլանում է: Տուբերկուլյոզն առաջին հիվանդություններից է, որ ՄԻԱՎ վարակակիրների մոտ ի հայտ է գալիս: Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային գրասենյակի վիճակագիր Նարինե Մեժլումյանի խոսքով` հիվանդության առաջին իսկ ախտանիշերի դեպքում անհրաժեշտ է դիմել տարածքային պոլիկլիկա: «Հայաստանում տուբերկուլյոզն ավելի մեծ ուժգնությամբ գլուխ բարձրացրեց 90-ականներին, երբ երկիրը դժվար իրավիճակում էր գտնվում, ազգաբնակչության իմունային համակարգն էլ թույլ էր»,- ասաց նա: 2001-ին ՀՀ կառավարության որոշմամբ տուբերկուլյոզ հիվանդությունն ընդգրկվում է շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների շարքում: 2006-ին նոր ծրագիր է ստեղծվում` նախատեսված 2007-15թթ համար, որի շրջանակներում պետք է հանրապետության ամբողջ տարածքում այս հիվանդությունը համակարգվեր: Ն. Մեժլումյանի խոսքով` ծրագրի նպատակներից էր, որ պետական աջակցությունն աճի, առաջնային բուժցանց ընդգրկվի տուբերկուլյոզի բուժման համար: «Նպատակներից է հանրապետությունում տուբերկուլյոզի բուժման համար նպաստավոր պայմաններ ստեղծելը, հիվանդության օջախներում կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելը` բանտային հաստատություններում, զինծառայողների շրջանակներում: Մարդիկ, իմանալով, որ տուբերկուլյոզով հիվանդ են, անհարմար են զգում դիմել բժշկի, ինքնաբուժություն են փորձում անել, ինչը չի կարելի: Պետք է անպայման դիմել բշկի»,- ասում է նա: 1995-ից Հայաստան է ներմուծվել DOTS տուբերկուլյոզի արդյունավետ կանխարգելման ռազմավարական ծրագիրը, որը ենթադրում է բուժում բժշկի անմիջական հսկողության ներքո. հիվանդն ամեն օր դեղերն ընդունում է բժշկի ներկայությամբ: DOTS-ն այսօր իրականացվում է գրեթե բոլոր երկրներում: Բուժումը տևում է 6-8 ամիս, որը չընդհատելու դեպքում հիվանդը կարող է լիովին բուժվել: Երկու ամսվա բուժումից հետո հիվանդն արդեն վարակակիր չի համարվում: Սխալ բուժման կամ բուժումը կիսատ թողնելու հետևանքով կարող է առաջանալ բազմադեղորայքակայուն տւոբերկուլյոզ, որը հիվանդության շատ ավելի ծանր տեսակն է: Այդ պատճառով մասնագետները անհրաժեշտ են համարում, որպեսզի հիվանդը 6-8 ամիս նորմալ անցնի բուժման կուրսը: Հիվանդը մեկ տարվա ընթացում կարող է վարակել 10-15 մարդու: Չբուժվելու դեպքում 5 տարվա ընթացքում հիվանդերի 50 տոկոսը մահանում է, 25 տոկոսի մոտ այն խրոնիկ ձևի է վերածվում: Իսկ 25 տոկոսի դեպքում հանկարծ լավացում է դիտվում, երբ հիվանդն առողջ ապրելակերպ ունի, և իմունային համակարգը վերականգնվում է: Ն. Մեժլումյանը նշում է, որ բուժվելուց հետո 1-2 տարի ամեն դեպքում հիվանդներին պահում են հսկողության տակ, որպեսզի համոզվեն, որ նրանք լրիվ առողջացել են: «Բանակում պարտադիր ստուգում է անցկացվում, և եթե երիտասարդը հիվանդ է, ամբողջ կյանքում ազատվում է զինծառայությունից: Եթե մի քանի տարի առաջ շատ էին բանակում տուբերկուլյոզի դեպքերը, տարեկան մոտ 500 դեպք էր արձանագրվում, ապա վերջին երկու տարիների ընթացքում դեպքերի թիվը կտրուկ նվազել է` տարեկան 16-18 դեպք է արձանագրվում: Բանտային համակարգում ևս նպաստավոր պայմաններ կան տուբերկուլյոզի զարգացման համար` խոնավ պայմաններ, ոչ լիարժեք սնունդ, մի խցում բազմաթիվ մարդիկ են իրար հետ շփվում: Հիմա դատապարտյալների հիվանդանոցում տուբերկուլյոզով հիվանդների համար մեծ բաժանմունք կա առանձին, Նուբարաշեն քրեակատարողականում` նույնպես»,- ասում է նա: Հայաստանի մարզերից այս հիվանդությունը և մահացությունը դրանից ամենաշատ Սյունիքում է: Աշխարհում տուբերկուլյոզն ամենից շատ տարածված է Չինաստանում Ռուսաստանում և Հնդկաստանում: Ընդհանրապես, տղամարդիկ աշխարհում ավելի շատ են հիվանդանում տուբերկուլոզով, քան կանայք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter