Ըստ Հ.Բիշարյանի` կառավարության մշակած հակաճգնաժամային ծրագիրը կօգնի զերծ մնալ կորուստներից 2010 թ.
ՕԵԿ-ը հետևողական կլինի նաև ավանդների վերադարձման, նորաստեղծ ընտանիքներին երկարաժամկետ հիպոթեքային վարկերի տրամադրման հարցերում
«Օրինաց երկիր» կուսակցության (ՕԵԿ) փոխնախագահ Հեղինե Բիշարյանը տարվա ձեքբերում է համարում հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ուղղությամբ կատարված աշխատանքները: Այս մասին նա ասաց այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ` ամփոփելով 2009 թվականը: «Հայ-թուրքական հարաբերությունները և դրանց բարելավումը միշտ էլ եղել է ՕԵԿ-ի ուշադրության կետրոնում, որին անդրադարձել ենք կուսակցության նախընտրական ծրագրերում:
Հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններն ՕԵԿ-ը կարևորում է, քանի որ ներկա դրությամբ չորս հարևաններից միայն երկուսի հետ ունենք նորմալ հարաբերություններ»,- ասաց Հեղինե Բիշարյանը: ՕԵԿ փոխնախագահի խոսքերով` ի տարբերություն բավականին ակտիվ արտաքին քաղաքականության` բոլորովին այլ պատկեր է տնտեսական դաշտում: Պատճառը համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն է, որն, ըստ բանախոսի, չշրջանցեց Հայաստանը` իրենից բխող բոլոր բացասական հետևանքներով: «Չնայած տիրող իրավիճակին` շատ եմ կարևորում 2009թ. ՀՀ կառավարության մշակած հակաճգնաժամային ծրագիրը, որը, հավատացած եմ, կօգնի գալիք տարում զերծ մնալ կորուստներից»,- ասաց Հեղինե Բիշարյանը: Անդրադառնալով ներկուսակցական գործունեությանը` ՕԵԿ փոխնախագահը մատնանշեց այն բարեփոխումները, որոնք այս տարվա ընթացքում կյանքի է կոչել խմբակցությունը խորհրդարանական աշխատանքների շրջանակում: Հեղինե Բիշարյանը տարվա ձեռբերում համարեց ՕԵԿ-ի առաջադրած ավելի քան 20 օրինագծերը, որոնք արդեն իսկ դարձել են օրենք, ավելի քան 50 օրինագիծ էլ շրջանառության մեջ է: «Բոլոր առաջարկված նախագծերից կարևորում եմ «Հանրակրթության մասին» օրենքը, քանի որ մինչ այդ ոլորտը գործում էր առանց դաշտը կարգավորող համապատասխան օրենքի: Պակաս կարևոր չէ նաև «Գրադարանների մասին» օրենքի նախագիծը, որի ընդունման համար ՕԵԿ-ը պայքարում է արդեն քանի տարի»,- ասաց բանախոսը: Հեղինե Բիշարյանն առաջնահերթ է համարում նաև քաղաքական դաշտում գենդերային հավասարության խնդիրը` նպատակ ունենալով կանաց ու տղամարդկանց հավասարությունն ամրագրել օրենքով: Քաղաքական դաշտում արդեն 12 տարի գործող ՕԵԿ-ի համար ռազմավարական նշանակություն ունեցող հարցերից շարունակում է մնալ աղետի գոտու վերականգնումը: «Մեր առջև դրված խնդիրը լուծելու համար 2004թ. խմբակցության կողմից շրջանառության մեջ է դրվել Գյումրի քաղաքի վերականգնման օրենքը, որին մինչ այսօր հետևողական ենք»,- ասաց Հեղինե Բիշարյանը: Ըստ նրա` ՕԵԿ-ը հետևողական կլինի նաև ավանդների վերադարձման, նորաստեղծ ընտանիքներին ցածր տոկոսադրույքով երկարաժամկետ հիպոթեքային վարկերի տրամադրման հարցերում:
Քնար Բաբայան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել