HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Պատգամավորական դասեր կամ ասողին լսող է պետք

Ինչպես հայտնի է, ԱԺ ՀՀԿ ԲՀԿ խմբակցություններից թվով 21 պատգամավորներ հանրապետության նախագահին ուղղված խնդրագիր էին ստորագրել ԱԺ պատգամավոր, ազատազրկման դատապարտված Սասուն Միքայելյանին ներում շնորհելու համար։ Մեկ-երկու օրվա ընթացքում, սակայն, նրանցից շատերը հրաժարվեցին սեփական ստորագրություններից։

Պատճառաբանությունն այն էր, թե իրենք ստորագրել են բոլորովին այլ տեքստի տակ, որ դրանում նշված է եղել, թե Սասուն Միքայելյանը առողջական խնդիրներ ունի եւ վիրահատության համար ստորագրություններ են անհրաժեշտ։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը մեկնաբանել է, թե պատգամավորները պարզապես լրագրողների կողմից պրովոկացիայի են ենթարկվել, եւ նրանք չպետք է որեւէ բան ստորագրեին՝ առանց կարդալու դրա բովանդակությունը։ Մինչդեռ ԱԺ այլեւս անկախ պատգամավոր Տիգրան Թորոսյանը, ով խնդրագիրն ստորագրողներից մեկն է, ասել էր. «Չի կարող այդպիսի բան լինել, որ ես ստորագրեմ՝ առանց իմանալու՝ ինչ եմ ստորագրում։ Այդպիսի բան երբեք չի եղել եւ չի կարող լինել»։

ԲՀԿ խմբակցության անդամ, պատգամավոր Վարդան Բոստանջյանն իր հերթին նշել էր, թե ստորագրել է խնդրագրի տակ՝ շատ լավ տեղյակ լինելով դրա բովանդակությանը։ Հետեւաբար Գալուստ Սահակյանի պնդումները, թե պատգամավորները ենթարկվել են պրովոկացիայի եւ նախապես չեն ծանոթացել տեքստին, ընդամենը պարզունակ «հնարանք» է, որն իր բնույթով էլ ավելի տրագիկոմեդիկ է դարձնում իրավիճակը։ Սահակյանի խոսքերից կարելի է եզրակացնել, որ Աժ մոտ երկու տասնյակ պատգամավորներ այնքան սթափ ու գիտակից չեն, որ կարող են ստորագրել իրենց ներկայացված ցանկացած թուղթ՝ առանց գիտակցելու դրա հնարավոր հետեւանքները։

Սակայն հիմնական կազուսն այն է, որ սեփական արարքների համար ոչ թե իրենք՝ պատգամավորներն են պատասխան տալիս, այլ նրանց փոխարեն՝ Գալուստ Սահակյանը, ով խորհրդարանում ստանձնել է երես լվացողի անշնորհակալ գործառույթը, բայց այն իրականացնում է չափազնաց փնթի կերպով։ Ամեն դեպքում՝ անկախ բերվող անմեղսունակ բացատրություններից կամ գալուստսահակյանական մեկնաբանություններից, փաստը մնում է փաստ, որ ԱԺ պատգամավորներից շատերը հերթական անգամ բացահայտորեն ցուցադրեցին ոչ միայն իրենց, այլեւ ողջ խորհրդարանի անսկզբունքայնությունը եւ ունեցած կոմպլեքսներից ու ստերեոտիպներից ձերբազատվելու ցանկության ու կամքի բացակայությունը։

Այսպիսի պահվածքն, իհարկե, եզակի չէ։ Մի քանի ամիս առաջ, դեռ ազատազրկման մեջ գտնվող 4 պատգամավորները ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին նամակ էին ուղարկել՝ պահանջելով անցկացնել ԱԺ արտահերթ նիստ եւ հանրապետության գլխավոր դատախազից բացատրություններ պահանջել իրենց անազատության մեջ պահելու կապակցությամբ։

Այդ պահանջն, իհարկե, ԱԺ նախագահը չբավարարեց։ Սակայն «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նախաձեռնությանը, ով միաժամանակ խորհրդարանում ստորագրահավաք ձեռնարկեց նույն հարցի հետ կապված արտահերթ նիստ անցկացնելու համար, միացան միայն 7 պատգամավորներ, որոնցից ոչ մեկը կոալիցիոն կուսակցություններից չէր։

Երեւանի Փավստոց Բյուզանդ փողոցի բնակչությունը եւ Դալմայի այգիներում գործունեություն ծավալած քաղաքացիները շատ լավ հիշում են նաեւ այն 6 պատգամավորներին, ովքեր 2006թ. հրաժարվեցին ՍԴ ներկայացված դիմումի տակ դրված իրենց ստորագրություններից։ Արդյունքում չհաջողվեց ապահովել բավարար չափով ստորագրություն, որպեսզի Սահմանադրական Դատարանը քննարկեր այդ տարածքներից մարդկանց վտարելու մասին որոշումների օրինականությունը։ Ընդ որում այն ժամանակ էլ իրենց ստորագրություններից հրաժարված պատգամավորները եւ մասնավորապես Ռաֆիկ Պետրոսյանը, պատճառաբանում էին, թե չգիտեին՝ ինչի տակ են ստորագրում։

Այս շարքն, իհարկե, կարելի է շարունակել, ինչը պարզորոշ ցույց է տալիս, որ անպատասխանատու կեցվածք ցուցաբերելը դարձել է համընդհանուր քաղաքական վարքագիծ, որը ի չիք է դարձնում հենց այն սկզբունքները, որոնց մասին նոյեմբերի 30-ին ՀՀԿ համագումարում հռչակում էր ՀՀԿ նախագահ, հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։

Իր այդ ելույթում նախագահն առնվազն երեք անգամ խոսում է կանխատեսելիության, ներքին այլախոհության նկատմամբ հանդուրժողականության մասին։ «Մենք քաղաքական ուժ ենք, որը հեռու է շաբաթը մեկ տեսակետ ու դիրքորոշում փոխելու՝ հաճախ առկա գործելաոճից։ Մեր «այո»-ն «այո» է, «ոչ»-ը՝ «ոչ»։ Մենք կանխատեսելի եւ հուսալի ուժ ենք, որին կարող են հենվել եւ ծրագրեր կառուցել մեր գործընկերներն ու համակիրները։ ...Եթե կուսակցությունների ներսում ցանկացած ներքին ընդդիմություն խեղդվում է, ինչի օրինակներ մեր քաղաքական դաշտում տեսել ենք, ուրեմն իշխանության ղեկին կանգնելով էլ՝ նման կուսակցությունը խեղդելու է ցանկացած ընդդիմություն։ ...Կարելի է կոշտ լինել մտքերի, բայց ոչ դրանք արտահայտողների հանդեպ։ Սա պետք է առաջին հերթին կյանքի կոչենք։ Հենց մենք եւ հենց այս սկզբունքը։ Երկրում քաղաքական երկխոսության մշակույթն արմատավորելու գործում ամենամեծ պատասխանատվությունն ու հնարավորությունը առաջնորդ կուսակցությանն է»,-հանրապետականներին ասում էր Սերժ Սարգսյանը։ Մինչդեռ իշխող կուսակցության անդամները կամ ուշադիր չեն եղել համագումարում հնչած այս մոտեցումների ժամանակ, կամ ուղղակի հերթական անգամ որոշել են ավել տեղը իրենց ղեկավարի համար բարդություններ չստեղծել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter