HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վճիռ` ընդդեմ պետեկամուտների կոմիտեի

18-12_court1Շենգավիթի հարկային տեսուչներ Հայկազ Հարությունյանի և Գագիկ Գևորգյանի  կողմից 2009թ. մայիսի 21-ին կազմվել է թիվ 1303066 ակտը, որտեղ ասվում է, որ ստուգմամբ պարզվել է, որ 2009-ի մայիսի 21-ին, ժամը 12:14-ին, Կարեն Հովհաննիսյանի խանութից գնում է կատարվել` գնվել է մեկ տուփ բնական հյութ` 250 դրամ արժողությամբ, որի գումարը վաճառքի պահին չի մուտքագրվել ՀԴՄ և ՀԴՄ-ի կտրոն չի տրամադրվել: «Ժամը 12:18-ին հանվեց «Z» հաշվետվություն, որտեղ արտացոլված էր 2720 դրամ օրական հասույթով»,- նշվում է կազմված ակտում: Այսպիսով, համաձայն ակտի` խախտվել է ՀԴՄ կիրառման մասին ՀՀ օրենքը, և նշված խախտումը մեկ տարվա ընթացքում կրկնվելու դեպքում առաջացնում է 150 000 դրամի չափով տուգանք: Կարեն Հովհաննիսյանը 2009-ի հուլիսի 1-ին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան` ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Շենգավիթի հարկային տեսչության, որով պահանջել է անվավեր ճանաչել տեսչության թիվ 1303066 ակտը և վերացնել այն: Օգոստոսի 27-ին Վարչական դատարան է ստացվել պետական եկամուտների կոմիտեի Մաշտոցի հարկային տեսչության պետի թիվ 3169 գրությունը, որով վերջինը տեղեկացրել է, որ պետեկամուտների կոմիտեի թիվ նախագահի թիվ 2016-Ա հրամանով անհատ ձեռնարկատեր Կարեն Հովհաննիսյանի հաշվառումը Շենգավիթի հարկային տեսչությունից տեղափոխվել է Մաշտոցի հարկային տեսչություն: Վարչական դատարանը որոշում է կայացրել փոխարինել պատասխանողին Մաշտոցի հարկային տեսչությունով: Անհատ ձեռնարկատեր Կարեն Հովհաննիսյանը ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի Շենգավիթի տարածքային բաժնում գրանցված է որպես անհատ ձեռնարկատեր և Երևանի Ֆուչիկի թիվ 26-2 հասցեում մանրածախ առևտուր է իրականացնում: Հայցվորի խոսքով` տեսուչների կողմից փաստացի պարզաբանումներ չեն տրվել իրեն իր իրավունքների և պարտականությունների մասին: Տեսուչների կողմից առևտրի կետում փաստացի ստուգում չի իրականացվել: Ստուգման ակտն արդեն կազմված վիճակում տեսուչները ներկայացրել են հայցվորին և պահանջել, որ նա ստորագրի, ինչից Կ. հովհաննիսյանը հրաժարվել է: Հայցվորը գտնում է, որ Շենգավիթի հարկային տեսչության կազմած ակտը խախտումներով է կազմվել և ենթակա է վերացման: Պատասխանող վարչական մարմինն էլ գտնում է, որ անհիմն է հայցվորի ներկայացրած փաստարկներն, թե իրեն չեն պարզաբանվել իր իրավունքներն ու պարտականությունները: Անհիմն են հայցվորի պատճառաբանությունները, թե փաստացի ստուգում չի կատարվել: Ստուգման ակտում արձանագրվել է ստուգման ժամը, կատարված գնումը, որը հաստատվում է ՀԴՄ-ի «Z» հաշվետվության ժապավենով և ֆիսկալ չեկով: Ըստ պատասխանող կողմի` ստուգումն իրականացվել է «Ստուգումների մասին» ՀՀ օրենքի հիմքերով, և կազմված ակտը բխում է  ՀՀ օրենսդրության պահանջներից: Իսկ Կ. Հովհաննիսյանի հայցադիմումը զուրկ է իրավական հիմքերից և ենթակա է մերժման: Սեպտեմբերի 29-ին Վարչական դատարանը, դատավոր Տիգրան Մուկուչյանի գլխավորությամբ, վճռեց Կարեն Հովհաննիսյանի հայցն ընդդեմ ՀՀ  կառավարությանն  առընթեր պետական  եկամուտների կոմիտեի Մաշտոցի հարկային տեսչության` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Շենգավիթի հարկային տեսչության  21.05.2009թ. թիվ 1303066 ակտն անվավեր ճանաչելու և այն վերացնելու պահանջի մասին հայցը բավարարել։ Դատարանը որոշեց անվավեր ճանաչել (վերացնել) պետեկամուտների կոմիտեի Շենգավիթի հարկային տեսչության  թիվ 1303066 ակտը, պետեկամուտների կոմիտեից հօգուտ Կարեն Հովհաննիսյանի բռնագանձել 4.000 դրամ` որպես վերջինիս կողմից կրած դատական ծախսի` պետական տուրքի հատուցում։ Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի  արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով՝ պարտապանի հաշվին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter