«Այս տարվա համախառն արտադրանքը մոտավորապես հավասար կլինի նախորդ տարվանին»
Էներգետիկայի և բնական պաշարաների նախարար Արմեն Մովսիսյանն այսօր ամփոփեց ընթացիկ տարվա ընթացքում ոլորտում կատարված աշխատանքները, ձեռքբերումները և անելիքները: Նախարարի հավաստմամբ`ճգնաժամի հետևանքով էներգետիկայի և բնական պաշարների ոլորտում ծրագրեր չեն սառեցվել, իսկ հայ-թուրքական սահմանի բացումը այս ոլորտի վրա միայն դրական ազդեցություն կունենա:
«էլեկտրաէներգիայի արտադրությունն այս տարի կազմեց 5 մլրդ 680 մլն կվ/ժ` նախորդ տարվանից 7%-ով պակաս, այս թվերի մեջ մեծ ծավալ է զբաղեցնում հիդրոէներգետիկայի արտադրանքը` 2 մլրդ, դրա մեջ առանձնապես կարևորվում է փոքր ՀԷԿ-երի աշխատանքը, որը 259մլն կվ/ժ-ից այս տարի դարձել է 335 մլն կվ/ժ: Սա ոլորտում տարած քաղաքականության արդյունք է, և այս ոլորտը պետք է զարգացնել` օգտագործելով մեր ջրային ռեսուրսների հիդրոպոտենցիալը»:
Նախարարի խոսքերով` այս տարի նախորդ տարվա համեմատ ճիշտ ռեժիմների կարգավորման արդյունքում իջել է ջերմային կայանների արտադրանքը` նախորդ տարվա 1,8 մլրդ-ից այս տարվա 1,1 մլրդ, ինչը հնարավորություն է տալիս տնտեսական կարգավորման արդյունքում համակարգի ֆինանսական վիճակը կայուն պահել:
Չնայած ճգնաժամին` հաջողություններ ունենք նաև հանքարդյունաբերության ոլորտում. եթե 2008-ին արտադրվել է 131տ ոսկու խտանյութ, ապա 2009թ` 133տ, պղնձի խտանյութը` 2008-ին 72.000տ, 2009-ին գերազանցում է 90.000 տոննան, մոլիբդենը 2008թ. 8300տ էր,իսկ 2009-ին` 8862տ: Ցինկի արտադրությունը նախորդ տարի 7400տ էր, այս տարի` 6200տ:
«Ճգնաժամի պայմաններում տարվա սկզբին հանքաարդյունաբերությունը չէր աշխատում, բայց աշխատանքները վերսկսելուց հետո կարողացել են ոչ միայն լրացնել, այլև գերազանցել նախորդ տարվա ցուցանիշները»,- նշեց Արմեն Մովսիսյանը:
Էներգետիկայի նախարարի գնահատմամբ`այս տարվա համախառն արտադրանքը մոտավորապես հավասար կլինի նախորդ տարվանին: Այս տարվա կարևոր ձեռքբերումներից մեկը, նախարարի խոսքերով, էներգետիկայի 2 հիմնադրամներն են, որոնք աջակցում են փոքր էներգետիկայի զարգացմանը: Ձեռքբերումներից են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման աշխատանքները, նախատեսվում է հիմնական սարքավորումների ընտրությունը ավարտել և անցնել պայմանագրերի կնքմանը:
«Ձեքբերումներից են հայ-ռուսական երկրաբանահետախուզական ընկերության աշխատանքների մեկնարկումը, որոնք պետք է իրականցվեն 3-5 տարի: Դա կօգնի հասկանալ, թե Հայաստանում ինչպիսի ուրանի պաշարներ ունենք: Կարևոր աշխատանքներից է հանքարդյունաբերության ոլորտում նոր օրենսդրական դաշտի ստեղծմանն ուղղված քայլերը»:
Ինչ վերաբերում է էներգետիկայի ոլորտում սակագների բարձրացմանը, ապա նախարարը հավաստիացնում է, որ իրենք ամեն ինչ կանեն` նման բան թույլ չտալու համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել