Անչափահասների հանցագործությունների թիվն աճել է 56-ով
«Անչափահասների շրջանում հանցագործությունների աճը պահանջում է հրատապ միջոցառումներ»: Սա Վորլդ Վիժն Հայաստան միջազգային կազմակերպության կողմից հրավիրված կլոր սեղան-քննարկման թեման էր, որին ներկա էին ՀՀ ոստիկանության, կառավարության, մազպետարանների եւ միջազգային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Քննարկումը նվիրված էր հակասոցիալական վարք ունեցող անչափահասներին եւ նրանց իրավունքներին. «Մենք նպատակ ունենք այս միջոցառումներով կանխարգելիչ միջավայր ստեղծել անչափահասների համար, նաեւ վերապատրաստել ոլորտի մասնագետներին` անչափահասների հետ ավելի լավ աշխատելու համար»,- ասաց ՎՎ շահերի պաշտպանության փորձագետ Տաթեւիկ Դավթյանը:
Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանն էլ նշեց, որ ոլորտում առկա խնդիրների վերացմանն ուղղված յուրաքանչյուր միջոցառում պետք է ողջունել եւ միասին աշխատել դրանք վերացնելու ուղղությամբ. «Սա շատ կարեւոր է, քանի որ բոլոր սոցիալական խնդիրները սկսվում են հենց երեխաներից: Դրա համար նրանք հատուկ ուշադրություն եւ աշխատանք են պահանջում»,- ասաց նա:
Ըստ ԱՍՀ նախարարության կանանց, ընտանիքի եւ երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լալա Ղազարյանի, այդ պահանջներն ապահովելու համար աշխատում են հատուկ խմբեր ե’ւ ընտանիքի անդամների հետ, ե’ւ դպրոցում` ուսուցիչների հետ, ինչպես նաեւ այլ հաստատություններում, որտեղ կան անչափահասներ. «անչափահասների տարիքը վտանգավոր է այն առումով, որ դեռեւս ձեւավորված չէ նրանց զբաղվածության խնդիրը, նրանք դեռեւս չեն գտնում իրենց տեղը: Իհարկե, առավել հաճախ խոցելի խմբի անչափահասներն են դրսեւորում հակասոցիալական վարք, սակայն նման վարքը բնորոշ է առհասարակ բոլոր անչափահասներին»,- ասաց նա: Նրա խոսքով` ոստիկանությունը միայնակ չի կարող աշխատել, պետք է աշխատել միասին` ներգրավելով նաեւ մարզային մարմիններին:
«Մենք ունենք մասնագետներ, ովքեր այցելում են հակասոցիալական վարք ունեցող երեխաների տներ, աշխատում նրանց հետ: Իսկ այն, որ երեխան դպրոցում անցնում է իրավունք առարկան, արդեն իսկ դրական քայլ է` հատկապես մի քանի տարի առաջվա համեմատությամբ»,- ասաց Արագածոտնի մարզպետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Գայանե Դանիելյանը:
Չնայած տարվող աշխատանքներին` ոլորտի պատասխանատուները անչափահասների շրջանում արձանագրել են հանցագործությունների աճ. «11 ամիսների արդյունքներով` անչափահասների հանցագործությունների թիվն աճել է 56-ով»,- ասաց ոստիկանության քրեական հետազոտությունների 3-րդ վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը: Նրա խոսքով` հակասոցիալական վարք հիմնականում դրսեւորում են այն անչափահասները, ովքեր դուրս են մնում ծնողական ուշադրությունից, գտնվում են ծանր սոցիալական դրության մեջ: «Անչահասները հիմականում հանցագործություն են կատարում 14-18 տարեկան հասակում, իսկ ավելի հաճախ` 16-17 տարեկանում: Հաշվի առնելով հանցագործությունների աճը` մենք պետք է ավելի շատ աշխատենք կանխարգելող միջավայր ստղծելու համար»,- ասաց նա:
Ըստ Տաթեւիկ Դավթյանի` կարեւոր է ոչ միայն կանխարգելող միջավայր ստեղծելը, այլեւ արդեն հանցագործություն կատարած անչափահասին վերաինտեգրելը, ինչի մեխանիզմն, ըստ նրա, Հայաստանում այնքան էլ լավ չի իրականացվում. «Ասենք, եթե երեխան հանցագործություն է կատարել, պետք է նրան ոչ թե տանել-փակել որեւէ հաստատությունում, որտեղ էլի պետք է լինեն համապատասխան մասնագետներ` նրանց հետ աշխատելու համար, այլ, օրինակ, նրան աշխատանք տալ, որպեսզի նա այդ աշխատանքի շնորհիվ հասկանա` պետք է աշխատել, ինքնուրույն հասնել ինչ-որ բանի»,- ասաց Տաթեւիկ Դավթյանը:
Մարիամ Մուղդուսյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել