Թմրամիջոցները Հայաստան են բերվում 2 հիմնական ճանապարհով
«Դուք ունե՞ք որոշակի տվյալներ, թե ինչպիսին են թմրամիջոցների տարանցման և օգտագործման ցուցանիշները Ադրբեջանում: Որքանո՞վ են իրականությանը համապատասխանում Ադրբեջանի պնդումները և հայտարարությունները, թե Լեռնային Ղարաբաղի շրջանը թմրամիջոցների տարանցման ուղի է»: Այս հարցը այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին տրվեց Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բաժնի ղեկավար Ջոն Մահերին:
«Ես որևէ տեղեկություն չունեմ Ադրբեջանում կամ ՀՀ-ից դուրս թմրամիջոցների տարանցման մասին, և նաև որևէ տեղեկություն չունեմ, թե արդյոք Լեռնային Ղարաբաղը օգտագործվո՞ւմ է թմրամիջոցների տարացման համար: ՀՀ ոստիկանությունից մեզ տրամադրված տվյալների հիման վրա Հայաստանում թմրամիջոցներ հիմնականում ստացվում են կամ Իրանի ճանապարհով, կամ էլ տարբեր չվերթներով եկող մարդիկ կարող են փոքր քանականությամբ թմրամիջոցներ իրենց հետ ունենալ: Դա է հիմնական ճանապարհը»,- պատասխանեց Ջոն Մահերը:
Նա նշեց, որ չնայած ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բաժինը թմրամիջոցների դեմ պայքարին ուղղված որոշակի քայլեր անում է, սակայն այս խնդիրը Հայաստանի համար մեծ չէ: Մինչդեռ, օրինակ, Հարավային Ամերիկայի, Հարավային Ասիայի երկրներում ԱՄՆ դեսպանատներում համանման գրասենյակների աշխատանքների հիմնական ուղղվածությունը թմրամիջոցների դեմ պայքարն է:
«Իսկ այստեղ մեր ծրագրերը շատ ավելի բազմազան են, տարբեր ոլորտների են ուղղված, և ընդհանուր առմամբ դրանց նպատակն է բարելավել իրավապահ գործունեությունը, ապահովել օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները իրավապահ գործունեության իրականացման ընթացքում: Մենք գոհ ենք Հայաստանում մեր ունեցած համագործակցությունից թե կառավարության, թե հասարակական կազմակերպությունների հետ, և ակնկալում ենք մեր համագործակցության հետագա խորացում»,- ասաց Ջոն Մահերը:
Նա նշեց, որ այս պահին կոնկրետ վիճակագրական տվյալների չի տիրապետում, թե քանի թմրամոլ կա Հայաստանում: Վիճակագրությունը տրամադրում է ՀՀ ոստիկանությունը: Ջոն Մահերի խոսքերով` գուցե Հայաստանում թմրամոլների ձերբակալությունների, բուժման համար ուղեգրումների հարյուրավոր դեպքեր կան, սակայն այլ երկրներում թմրամիջոցների շրջանառությունը տոննաներ է կազմում: Իսկ Հայաստանը փոքր երկիր է, և այստեղ շրջանառվող թմրամիջոցների ծավալները շատ փոքր են` համեմատած Թուրքիայի, Պակիստանի, Հարավային Ամերիկայի նույն ցուցանիշների հետ:
Ջոն Մահերն ասաց, որ ոստիկանության վիճակագրական տվյալների համաձայն` առգրավված թմրամիջոցների ծավալները ավելացել են` նախորդ տարիների համեմատ: «Դա կարող է 2 բացատրություն ունենալ. մեկն այն է, որ ավելի շատ թմրամիջոցներ են փորձում Հայաստան բերել: Մյուս կողմից էլ դա կարող է պայմանավորված լինել իրավապահ գործունեության, այս գործերով քննությունների բարելավմամբ: Ես ավելի շատ հակված եմ կարծելու, որ թերևս վերջինով է պայմանավորված բացահայտումների, առգրավումների ավելի մեծ թիվը»,- ասաց թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բաժնի ղեկավարը:
Անդրադառնալով թրաֆիքինգի դեպքերին` նա նշեց, որ այս հանցագործության դեմ պայքարին ուղղված աշխատանքները էականորեն բարելավվել են, «սակայն արդյոք թվային առումով դրանք իրենց արտացոլումը գտե՞լ են փաստացի դեպքերի կրճատման վրա, թե՞ ոչ, դժվարանում եմ պատասխանել»:
ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բաժինը ֆինանսավորում է «Հույս և օգնություն» հկ-ին, որը թրաֆիքինգի զոհերի համար կացարան և թեժ գիծ ունի: «Մենք նաև ուսուցում, վերապատրաստում ենք իրականացրել ՀՀ ոստիկանության, սահմանապահների համար, որպեսզի կարողանան ճանաչել թրաֆիքինգի զոհերին: Բացի դրանից` թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնին տրամադրվել են համակարգչային սարքավորում, ավտոմեքենա: Մենք տեսնում ենք արդյունքը այն առումով, որ թրաֆիքինգի գործերով քննությունների թիվն է ավելացել, և Հայաստանի դատարաններում արդեն թրաֆիքինգի գործերով դատավճիռներ են կայացվում»,- ասաց Ջոն Մահերը:
Նրա խոսքերով` այս տարի թրաֆիքինգից տուժածների համար նախատեսված կացարանին ավելի քիչ մարդ է դիմել, քան անցյալ տարի: Սակայն տնտեսական ճգնաժամը զգալիորեն մեծացրել է մարդու` թրաֆիքինգի զոհ դառնալու վտանգը:
«Հայաստանը թրաֆիքինգի համար հիմնականում սկզբնաղբյուր երկիր է. մարդիկ այստեղից մեկնում են այլ տեղ` աշխատելու: Սկզբում կարծես թե սովորական, նորմալ աշխատանք է, հետագայում իրավիճակը փոխվում է, հայտնվում են թրաֆիքինգի զոհի կարգավիճակում: Եվ այստեղից այդ թվերին, կոնկրետ ցուցանիշներին հետևելը շատ դժվար է»,- ասաց Ջոն Մահերը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել